ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ
Դեկտեմբերի 18–ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոս Գոթեմյոլլերին։
Զրույցի ընթացքում Ռոս Գոթեմյոլլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարևորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության և այլ ուղղություններով։
Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ։
ՀՀ պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանական օրենսդրության բարեփոխումները, զինվորական ծառայության բարելավման, պաշտպանական կրթության արդիականացման, զինված ուժերի քաղաքացիական և հասարակական վերահսկողության համակարգի կատարելագործման նոր նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները։