Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՈՒԺԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ



Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը շուքով նշվեց 1-ին զորամիավորումում:

 

ՀԱՅՈՑ ՈՒԺԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՈՆԸՀունվարի 28-ի առավոտյան, Գորիսի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, 1-ին զորամիավորման բազմաթիվ զինծառայողներ,  Գորիսի համայնքապետարանի և հասարակության ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի հարևանությամբ գտնվող վեհաշուք խաչքարին՝ ի հիշատակ Հայրենիքի համար զոհված հայորդիների:

Ենթակա զորամասերում տեղի ունեցան հանդիսավոր միտինգներ, որտեղ ընթերցվեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական ուղերձը տոնի կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, նշված էր.

«…Այսօր 26-ամյա Հայոց բանակը  ներկայանում է  ոչ իբրև անփորձ պատանի, այլ արդեն լիովին հասուն այր՝ կայացած, հզոր ու առնական: Երախտագիտությամբ ենք հիշում նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում, հատկապես նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր բանակի, որն իր կարճ կենսագրության ընթացքում հայրենասիրության ու հերոսության բազում փառավոր էջեր է գրել…»:

Հանդիսավոր միտինգներից հետո տեղի ունեցան ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների պարգևատրումներ:

Զորամասերից մեկում, Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան նախաձեռնությամբ, զինծառայողների համար կազմակերպվեց տոնական համերգ, որին մասնակցեցին Գորիսի համայնքի ՏԻՄ ներկայացուցիչները. նրանք տոնի առթիվ զինվորների համար բերել էին Հայոց բանակի հզորությունը վկայող խորհրդանշական նվերներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը:

Հայրենասիրական երգն ու պարը, ուրախ տրամադրությունը չխանգարեցին, որ բոլորը հիշեն բանակաշինության դժվարին տարիները: Ազգափրկիչ գործում մեծ է նաև Սյունիքի ժողովրդի ներդրումը, մասնավորապես՝ Գորիսի և Կապանի բրիգադների, Սիսիանի և Մեղրիի ջոկատների դերը:

ՀԱՅՈՑ ՈՒԺԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՈՆԸԲանակի օրը կրկնակի տոն էր կրտսեր սերժանտ, մոտոհրաձիգ Սասուն Հովհաննիսյանի համար. ընդամենը 7 տարիներ են միմյանցից բաժանում հայ զինվորի և հայոց բանակի ծննդյան օրերը: Բայց այսօր նա արդեն Հայոց հաղթանակած բանակի օրինակելի զինվոր է: 19-ամյա մոտոհրաձիգի համար անակնկալ էր սպասվում. հարյուրավոր ծառայակից ընկերների երկարատև ծափողջույնների ուղեկցությամբ նա զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալից ստացավ զորահրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի  անվանական ժամացույցը:

Կրտսեր սերժանտ Սասուն Հովհաննիսյանը ուրախ էր և հուզված.

-Իմ և Հայոց բանակի ծննդյան օրերին այսպիսի նվեր չէի էլ պատկերացնի: Շնորհավորում եմ բոլորիդ Հայոց բանակի օրվա առթիվ:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Ազգային բանակ


31/01/2018