ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳՐԻՑ
Երբեք չեմ սիրել «պադշիվը»: Ենթաօձիք են ասում: Ուղղանկյունաձև կտոր է, կարում են օձիքին, որ համազգեստը շուտ չաղտոտվի: Հերթական լոգանքից հետո արտահերթ քանդում էինք դրա կարերը, նորն ամրացնում: Կարգ է, պիտի հետևես, այլապես … նկատողություն, խիստ նկատողություն կստանաս…
Մազերը պիտի լինեն կարճ, ընդ որում` այնքան կարճ, որ ձեռքով բռնել չհաջողվի: Իրականում, այդպես էլ ստուգում են: Երկար մազերը կկտրեն, այդ ընթացքում ապացուցելով, որ լավ կլիներ՝ ինքդ սափրեիր գլուխդ, էլ չեմ խոսում հումորով տղաների մասին:
-Կարողա Մոնսերատ Կաբալյեն ես:
-Ջակի ջուկիներդ կհիշես ուվալնյատից հետո, էսի բանակա:
Զավեշտալի էր ինձ համար: Փաստորեն` գիտեին իսպանացի օպերային երգչուհուն ու մտապահել էին սանրվածքը:
Ճակատը պետք է բաց լինի, դիմային սանրվածքը՝ չափազանց կոկիկ: Ծոծրակին հասնող մազերը (кантовка) շատ ավելի վեր են: Ավելին, ընկերներս պատմում են, որ տարիներ առաջ եղել են զինծառայողներ, որոնց հրամանատարը պահանջել է մազերի սահմանը ետևում հասցնել ականջների ծայրին, կարգապահության նկատառումներով: Սա գուցե ծիծաղելի թվա: Իրականում, կարգապահությունը վերահսկելու միջոց է, երբ դրսում զինվոր տեսնեին, դեմքից չէ, բայց ծոծրակից կհասկանային, որ նա N զորամասից է:
Ըստ սահմանված կարգի՝ զինվորը պետք է պլպլան սափրված լինի: Ստուգումների ժամանակ կրտսեր հրամանատարը ձեռքը հպում է դեմքիդ, եթե հանկարծ մատներն զգացին նույնիսկ աղվամազերի խուտուտը` գնում ես սափրվելու:
Երբեմն ստիպված էինք լինում գրեթե մերկանալ հրամկազմի առաջ: Ներքնազգեստը ստուգում են «ուղնուծուծով»: Պիտի կրես զինվորականը, եթե մայրիկի ուղարկածն է, հավաքում են, մի կողմ դնում, քեզ էլ ոտքից գլուխ չափում: Սա իհարկե առաջին անգամ: Երկրորդ անգամ չես ներվի: Բանակում թղթին գրված է, ինչ տույժեր կան: Պիտի կատարես պահանջները:
Հագուկապդ պետք է կոկիկ լինի, համազգեստը` լվացված: Մի քանիսը փորձել էին համազգեստը ձևափոխելով հարմարեցնել մարմնին, կիպ, կարճ, նեղ, դրսի ջինսերի պես: Մեզ համար էր ծիծաղելի, ուր մնաց՝ հրամանատարները չնկատեին:
Եվ վերջում կոշիկները: Զինվորական բատինկան պետք է փայլի հայելու պես: Շատ քայլելիս (վազք, մարզումներ, հողոտ տարածքներ, ձնառատ վայրեր), երկարաճիտներդ մաշվում են, գունատվում, աղակալում: Պիտի աչքի լույսի պես պահես` հատուկ նյութ կա, նույնիսկ հարդարելու հատուկ կարգ: Ոտքդ դնում ես ծնկիդ բարձրության երկաթին, վերցնում քսուքն ու քսում: Փայլում է… մի քանի րոպե, մինչև հաջորդ առաջադրանքն սկսես կատարել: Ընկերներս ելքը գտել էին: Զորացրված տղաները կհաստատեն: Գդալը տաքացնում էին, քսուքը տաք-տաք լղոզում կոշիկի վրա: «Բրենդային» տեսք է ստանում: Դրանից հետո կեղտոտված բատինկան մաքրվում է կտորի մեկ հպումից, լաքապատ կոշիկի պես: Ես նախընտրում էի մաքրել ամեն անգամ, առանց հալեցնելու:
Մաքուր լինելը կարևոր է. հիգիենան բարձրացնում է «կշիռդ», քեզ հետ շփվելու ցանկությունը:
Սա էլ սովորեցինք, սովորեցրինք:
Տիկին Ալվինան զորամասի հավաքարարն էր, ամեն առավոտ իր վերկացի ժամին շենքում էր: Շրջում էր հատակի փայտով, մի փալաս վրան գցած: 70-ին մոտ էր, բայց խնամված, կոկիկ կին էր, մեր մաքրության ու հիգիենայի բաղադրիչը:
Բանակում ամեն ինչ գրված է թղթին, բարևից բարի գիշեր, սահմանված է անգամ շարժուձևը: Բայց ժպտալու բանաձեւը ինքդ պիտի գտնես, այսինքն` պիտի սիրես այն ամենը, որ կոչվում է զինվորական կյանք, այլապես ծառայությունը պատիժ կդառնա: Տիգրանը ձեզ օրինակ, 20-ը դիմավորեց զորամասում: Լավ, նրա մասին կպատմեմ ավելի ուշ ու ավելի հանգամանալից: Բանակային ընկերների մի ամբողջ «ռեպերտուար» ունեմ: Նրանք իմ հարստությունն են…
ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆ
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ