ՀԻՆ ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Փետրվարի 8-ին Հայ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը, որն առնչվում է մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկին, երբ հանուն քաղաքական ու հոգևոր ազատության, հանուն հավատի ու ազգային ինքնագիտակցության պահպանման չարի առաջ դուրս եկան բոլորը՝ զինվորը, հոգևորականը, իշխանն ու հասարակ շինականը: Իրենց պայքարով նրանք մերժեցին մի կրոն, որն ընդամենը երկու հարյուր տարի հետո պետք է մերժվեր հենց նույն Պարսկաստանում՝ չդիմանալով իսլամի արշավին:
Ս. Վարդանանց տոնի առթիվ ձեզ ենք ներկայացնում «Հայոց ռազմական միտքը» թեմայի շուրջ զրույցի առաջին մասը ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ:
-Պարոն Այվազյան, եթե հետ գնանք, ո՞ր ժամանակվանից պիտի սկսել ուսումնասիրել հայոց ռազմական միտքը:
-Այն ժամանակվանից, երբ ստեղծվել են հայոց զինված ուժերը: Թեկուզ հենց Հայկի ու Բելի ճակատամարտից: Դա կիսաառասպելական, որոշ չափով իրական փաստեր պարունակող պատմություն է, որը տարբեր պատմաբաններ տարբեր ժամանակների մեջ են դնում (իհարկե, խոսքը Ք.ա. 3-2-րդ հազարամյակների մասին է): Այն ժամանակներում, երբ ստեղծվում են զինված ուժերը, առաջանում է նաև հրամանատարությունը, իսկ հրամանատարությունն ուղղորդում է զորքերին՝ ունենալով որոշակի ռազմական մտահղացումներ, ծրագրեր: Հենց այդ ծրագրերն էլ ռազմական միտքն են:
-Հայկը հանդես է գալիս որպես արդեն կայացած ռազմական առաջնորդ, ի՞նքն էր հիմնադիրը, թե՞ կար դպրոց, որտեղ ձևավորվել, զարգացել էր նրա ռազմական մտածողությունը:
-Թեև կա բավական համոզիչ մեկ-երկու տեսակետ, մենք մինչև այսօր հստակ չենք կարող ասել, թե պատմական որ գործիչն է առավելապես մարմնավորված Հայկ նահապետի կերպարում: Փաստերի սղությունը թույլ չի տալիս Հայկի և Բելի ճակատամարտի մանրամասն վերլուծություն անցկացնել՝ ուր մնաց թե խոսել դրան նախորդող ռազմական մտքի դպրոցի մասին: Պատմական տեղեկություններով ավելի հարուստ է Ուրարտուի՝ Արարատյան թագավորության, ապա նաև հայկական հաջորդ արքայական հարստությունների ժամանակաշրջանը: Ուրարտական բանակում կային արդեն առանձին զորատեսակներ՝ հետևակ, հեծելազոր, մարտակառքեր: Սրանց գոյությունը նշանակում է, որ կար զորատեսակների համագործակցություն: Համագործակցությունը, իր հերթին, նշանակում է, որ պետք է զարգացած լիներ և՛ ռազմական միտքը, և՛ բանակը, և՛ հրամանատարական կազմը: Եթե վերցնենք թեկուզ մարտակառքը, ապա այն վարելու համար պետք էր տարիներով վարժվել, ինչպես, օրինակ, արհեստավարժ նետաձիգ դառնալու համար էին տարիներ պահանջվում: Այն տարածված կարծիքը, թե հին Հայաստանի զորքը բաղկացած էր հիմնականում աշխարհազորից, սխալ է: Զորքի հիմնական մասը հենց պրոֆեսիոնալներն էին, ոչ թե աշխարհազորայինները: Իհարկե, կար նաև աշխարհազորային զորք. Արշակունյաց օրոք այն կոչվում էր «գուգազ», որը մտնում էր ռազմական գործողությունների մեջ անհրաժեշտ պահերին` լրացնելով հատկապես բերդապահ զորքերի քանակը։ Իսկ հայոց գործող, տարաշարժուն բանակի հիմնական մասն, այնուամենայնիվ, արհեստավարժ զինվորականներն էին:
– Խոսեցիք ուրարտական ժամանակների մասին, կարո՞ղ ենք ուրարտացիներին, Հայկ նահապետին համարել լավ ստրատեգ:
– Իհարկե, կարող ենք: Նախ, որովհետև Հայկը հաղթանակ է տարել, այն էլ մե՛ծ հաղթանակ՝ դուրս գալով իր ժամանակի աշխարհակալ ամենահզոր ուժի դեմ: Ինչ վերաբերում է Ուրարտուին, ապա հիմնականում հայկական էթնիկ տարրով բնակեցված և հետագա հայկական պետական համակարգերի հետ շատ նմանություններ ունեցող այդ պետությունը նույնպես կարողացել է մոտ երեք դար դիմակայել աշխարհակալ ուժին՝ Ասորական կայսրությանը: Այս առումով բնականաբար լավ ստրատեգ պիտի լինեին, որպեսզի չպարտվեին, կուլ չգնային, պահպանեին պետությունը:
-Խորենացին բավական հստակ ներկայացնում է, թե ինչպես է Հայկը շարում բանակը: Ի՞նչ է սա նշանակում:
-Այն մարտակարգը, որն, ըստ Խորենացու, ընտրել էր Հայկ նահապետը, զորքի շատ հետաքրքիր դասավորվածություն է, որը հետագայում օգտագործում էին, օրինակ, հռոմեացիներն ու հին գերմանացիները, բայց այն առավել մեծ կիրառում գտավ հատկապես միջնադարյան Եվրոպայում: Հայկն իր զորքը սեպաձև էր կառուցել՝ նպատակ ունենալով ճեղքել թշնամու բանակի շարքերն ու կենտրոնը: Հետագայում այդ մարտակարգը եվրոպական լեզուներում ունեցավ իր հատուկ տերմինները, օրինակ, հին ռուսերենում կոչվեց «րՉՌվՖÿ»: Այնպես որ, Խորենացու տեղեկությունը պարունակում է ռազմական եղելություն: Կիսալեգենդար այդ ճակատամարտն ունի իրական պատմական հիմք:
-Հայոց ռազմական միտքն ունի՞ կարմիր թել, թե յուրաքանչյուր ժամանակաշրջանում յուրովի ենք ներկայացել:
-Ամեն ինչ պետք է միշտ դիտել տվյալ ժամանակաշրջանում, տվյալ դարաշրջանում, տվյալ տասնամյակում՝ թշնամիների ուժերը հաշվի առնելով: Եթե վերցնենք, օրինակ, հին և միջնադարյան շրջանը՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունը, Զաքարյանների իշխանությունը, ապա, այո՛, եղել է կարմիր թել, այն էլ՝ ոչ թե մեկ, այլ՝ մի քանի: Բանն այն է, որ հայերը մի քանի հազարամյակ շարունակ անընդմեջ ունեցել են հզոր զինված ուժեր, և այդ ահռելի փորձը հենց այնպես չէր կարող անհետանալ, հատկապես՝ պետականության օրոք: Եվ նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ անկախ պետությունը բացակայել է, օրինակ՝ 428թ. ի վեր, երբ Արշակունիների արքայատոհմը վերացվեց, ընդհուպ մինչև հայոց թագավորության վերածնունդը Բագրատունյաց հարստության ներքո, ապա հայկական զորքը դարձյալ չի դադարել ակտիվորեն հանդես գալ այս տարածաշրջանում՝ պահպանելով Հայաստանում իր կազմակերպական կառուցվածքը և այն ավանդույթները, որոնք ուներ հայոց պետականության շրջանում: Արշակունյաց թագավորության անկումից հետո սպարապետության գործակալությունը չվերացավ, զորքերի կենտրոնացված հրամանատարությունը Հայոց սպարապետի ձեռքում էր: Ընդ որում, եթե Պարսկական Հայաստանում, որը նախկին Մեծ Հայքի թագավորության մոտավորապես չորս հինգերորդ մասն էր, սպարապետությունը միշտ մնաց, Հայաստանի բյուզանդական մասում այն գոյատևեց մինչև 538-539թթ.: Այսինքն, այստեղ էլ 100 տարուց ավելի պահպանվեց: Ու թեև Բյուզանդիայում հայոց սպարապետությունը վերացվեց, հայկական զորամասերը շարունակում էին գործել բյուզանդական բանակի կազմում, շատ հաճախ ինքնավար՝ դաշնակցի կարգավիճակով: Պատահական չէ, որ Բյուզանդիայում կային տասնյակ ու հարյուրավոր հայ հրամանատարներ և հայկական առանձին զորագնդեր: Պրոկոպիոս Կեսարացին միայն 6-րդ դարում հիշատակում է առնվազն 17 հայ բարձրաստիճան հրամանատարներ, որոնցից ոմանք տարբեր պահերի ստանձնել են նաև գլխավոր հրամանատարի պաշտոնը: Օրինակ՝ մեծն Նարսեսը, որը 552 թ. Տագինայի հայտնի ճակատամարտում ջախջախելով Տոտիլայի գլխավորած օստ-գոթերի զորքը՝ կարողացավ Բյուզանդիայի համար վերագրավել Իտալիան:
Բյուզանդական, ինչպես նաև պարսից բանակի շատ հրամանատարներ, այդ թվում՝ գլխավոր հրամանատարներ, եղել են հայեր, նրանցից շատերը ծնվել, մեծացել են Հայաստանում, իրենց ռազմական կրթությունն ստացել են Հայաստանում, հետագայում նոր ծառայել բյուզանդական ու պարսկական բանակներում, այս ամենը նշանակում է, որ հայկական ռազմարվեստը չափազանց զարգացած էր, ինչը չէր կարող աննկատ մնալ այն ժամանակվա հզոր տերությունների համար:
Հայոց ռազմական արվեստի առանձնահատկությունները շատ էին: Հայկական բանակի հարվածային ուժը հեծելազորն էր: Այդպես չէր, օրինակ՝ հին Հռոմում: Հեծելազորն ավելի բարդ (և ավելի ծախսատար) զորատեսակ է, քան հետևակը: Այն, որ հայոց հեծելազորը, հայոց այրուձին մեծ վարկ ուներ հին աշխարհում, նույնպես ցույց է տալիս, թե որքան սահմանակարգված էր հայկական բանակը։ Եղել են նույնիսկ տեսակետներ, թե հայկական բանակն առհասարակ միայն այրուձիուց է բաղկացած եղել, սակայն դա այդպես չէ: Այդ կարծիքի հեղինակը Նիկողայոս Ադոնցն էր, նրանից հետո էլ՝ Կիրիլ Թումանովը: Ինչպես ես ցույց եմ տվել իմ վերջին աշխատության մեջ, դա բացարձակապես սխալ տեսակետ է: Իհարկե, հարվածային ուժը հեծելազորն էր, այդ հեծելազորի մեջ առավել մարտունակ, առավել հզոր ուժն էլ զրահապատ ձիավորներն էին՝ կատաֆրակտները, որոնց թիվը, իմ աշխատության մեջ էլ նշել եմ, տոկոսային հարաբերակցությամբ շատ բարձր էր: Երեքից մեկը զրահապատ ձիավոր էր: Այդպես չէր ո՛չ Հռոմում, ո՛չ էլ նույնիսկ Պարթևստանում ու Սասանյան Իրանում, որտեղ կատաֆրակտները կազմում էին հեծելազորի առավելագույնը մեկ տասներորդ մասը: Խոսքս վերաբերում է Տիգրան Մեծի ժամանակներից՝ Ք. ա. 1-ին դարից մինչև 5-6-րդ դարեր ընկած ժամանակահատվածին: Ավելի ուշ շրջանի տվյալները պահանջում են առանձին քննություն: Բայց գոնե հիմա կարող ենք ասել, որ Ք.ա. 1-ին դարից մինչև Ք.հ. 6-րդ դար հայկական այրուձին սարսափելի մեծ ուժ էր, և հենց դրանից էլ վախենում էին ու նաև փորձում էին օգտվել ժամանակի գերտերությունները՝ Սասանյան Իրանը, դրանից առաջ՝ Պարթևստանը՝ արևելքում, Հռոմեական կայսրությունն ու նրան հաջորդած Արևելահռոմեական կայսրությունը՝ արևմուտքում:
Առանձնահատկությունների թվում կարելի է ընդգրկել նաև լեռնային պատերազմ վարելու հմտությունը, հատուկ մշակված ռազմավարությունները՝ Հայաստանի պաշտպանության կազմակերպման գործում: Գիտեք՝ Հայաստանը միշտ ստիպված էր պահել խոշոր զորամիավորումներ իր հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում, որովհետև Կովկասյան լեռնանցքներից հաճախակի էին տարբեր տեսակի հրոսակային բանակների անցումները: Հարավում, արևելքում և արևմուտքում է՛լ ավելի վտանգավոր էր. այնտեղ էին իրանական (պարթևական և սասանյան) ու հռոմեական կայսերական բանակները: Առնչվելով այդ տարբեր ռազմական մշակույթների հետ՝ մեր բանակը նաև վերցնում էր նրանց լավագույն գծերը: Օրինակ՝ պատահական չէ, որ իրանական, սասանյան հեծելազորի ռազմավարությունը բավական նման էր հայկականին, բայց հետևակային մարտեր վարելու գործում հայերը յուրացրել էին հռոմեական բանակի փորձը։ Իսկ հռոմեական հետևակը, ինչպես գիտենք, ամենաուժեղն էր և արդյունավետը: Այն, որ հայերը վերցրել էին հռոմեացիների փորձը, հստակ է: Լուկուլլոսի արշավանքի ժամանակ (Ք. ա. 69-68 թթ.) հայկական բանակում հենց պատերազմի ընթացքում (որ խիստ անսովոր ու բարդ գործ է) իրականացվեց մի խոշոր բարեփոխում՝ հետևակի ռազմական ռեֆորմ: Հեծելազորն իմաստ չուներ բարեփոխել, քանի որ այդ ժամանակվա հայկական (ինչպես և պարթևական) հեծելազորն ավելի լավն էր, քան հռոմեականը ու ավելի մեծաքանակ էր: Հետևակի այդ ռեֆորմը հենց այնպես չէր կարող անհետանալ: Չորս դար անց՝ 371 թ. Ձիրավի ճակատամարտում, մենք տեսնում ենք, թե ինչպես են հայկական հետևակայինները ճիշտ նույն կերպ մանևրում՝ հրաշալի համագործակցելով հռոմեական զորամասերի հետ, ինչը շատ բարդ խնդիր էր: Սա նշանակում է, որ հայկական բանակը հռոմեական հետևակի մոդելն ու ավանդույթները վաղուց ի վեր յուրացրած լինելով՝ շարունակում էր հետևել ու համընթաց քայլել հռոմեացիների հետ, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով:
Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Պատմության էջերից