Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԽՈՆՋ ՈՒ ՆՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԽՈՆՋ ՈՒ ՆՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՄարտադաշտում  որոշիչ և ամենահուժկու հարվածն, ինչպես հայտնի է, օդուժն է հասցնում: Եվ համապատասխան պաշտպանություն չկիրառելու դեպքում կորուստներն ու ավերածությունը հսկայական կարող են լինել: Ուստի ՀՕՊ զորքերին վերապահված է կարևորագույն մի գործառույթ՝ ամուր վահան կազմելով՝ թույլ չտալ հակառակորդի օդուժին զարգացնել հարձակումը:  Որոշիչ պահերին արդյունավետ գործելու համար ՀՕՊ մասնագետները պետք է խորագետ լինեն, գերազանց տիրապետեն իրենց զինատեսակներին ու արագ կողմնորոշվեն ամենաբարդ իրավիճակներում, հուժկու և ճշգրիտ հարվածներով կասեցնեն թշնամու մտադրությունները:  Ահա այսպիսի հմուտ մասնագետների դարբնոցում փետրվարի 1-ին հանդիսավորությամբ երկու  կարևորագույն իրադարձություն նշվեց. Հայկական բանակի կազմավորման 26-րդ և ՀՕՊ ուսումնական զորամասի 22-րդ տարեդարձերը:

 

Հանդիսությանը ներկա էին ազատամարտիկներ, ԵԿՄ տարածքային մասնաճյուղի ներկայացուցիչները, պատվավոր հյուրեր և զորամասի ամբողջ անձնակազմը՝ շարքայինից մինչև սպա:   Հանդիսավոր կերպով սրահ բերվեց զորամասի փառքի խորհրդանիշը՝ մարտական դրոշը: Օրհնության կարգ անցկացրին Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանն ու Տեր Գարեգին քահանա Արսենյանը:  

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գոռ Նազարեթյանը շնորհավորական խոսքից առաջ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության գործի համար զոհված հայորդիների հիշատակը: «Հարգարժան հոգևոր ծառայողներ, ազատամարտիկներ, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, սիրելի անձնակազմ: Թույլ տվեք ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և ՀՕՊ զորքերի ղեկավարության անունից շնորհավորել մեր զինված ուժերի կազմավորման և մեր զորամասի տարեդարձը»: Խոսքն ուղղելով ազատամարտիկներին՝ զորամասի հրամանատարն ասաց. «Սիրելի՛ ազատամարտիկներ, ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել ձեզ: Ես ինքս ազատամարտիկի որդի եմ և շարունակելով հորս պատվիրանն ու շփվելով իմ ծնողների ազատամարտիկ ընկերների հետ՝ մեծ պատվով եմ կրում ՀՀ ԶՈՒ սպայի և հրամանատարի բարձր կոչումը: Շնորհակալ եմ, որ ջանք ու եռանդ, առողջություն չխնայելով՝ կերտեցիք մեր անկախ, ազատ Հայաստանի ճակատագիրը: Ստեղծեցիք կամավորական ջոկատներ, դրեցիք ներկայիս զինված ուժերի հիմքերը ջանք ու եռանդ չխնայելով, գիշեր-ցերեկ մարտական հերթապահությամբ անսասան եք պահում մեր հայրենիքի ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմանները»: Հրամանատարը համառոտ ներկայացրեց զորամասի անցած փառավոր ուղին՝ ընդգծելով, որ անցած 22 տարիների ընթացքում ուսումնական կենտրոնը զինված ուժերի համար պատրաստել է հազարավոր ՀՕՊ կրտսեր հրամանատարներ ու այլ մասնագետներ:

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԽՈՆՋ ՈՒ ՆՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴիմելով զորամասի կուրսանտներին՝ հրամանատարն ասաց. «Սիրելի՛ կուրսանտներ, կարևորելով  ձեր մասնագիտական որակների կատարելագործումը՝ ուզում եմ շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ արդի պատերազմներում մարտահրավերները հիմնականում գալիս են հակառակորդի օդուժից, ինչը ցույց տվեց նաև 2016 թ. ապրիլյան մարտական  գործողությունների ընթացքը: Առաջին հարվածներն ընդունեցին հենց ՀՕՊ ստորաբաժանումները: Եվ դուք՝ որպես ապագա ՀՕՊ մասնագետներ, պարտավոր եք փառքով և պատվով յուրացնել այն ամենը, ինչը ձեզ փոխանցում են ձեր հրամանատարներն ու պրոֆեսորադասախոսական կազմը»:

Փոխգնդապետ Նազարեթյանը շնորհակալություն և ջերմ գնահատանքի խոսքեր ուղղեց զորամասի կայացման և գործունեության ընթացքում կարևորագույն դերակատարում ունեցող վաստակաշատ ու փորձառու մեթոդիստներին, որ պահեստազորի բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներն են, հակաօդային պաշտպանության զորամասերում ծառայության բազմամյա՝ մինչև 30  տարվա փորձ ունեն և այդ փորձը մեծ ջանասիրությամբ փոխանցում են ապագա կրտսեր հրամանատարներին ու ՀՕՊ մասնագետներին: «Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ: Սամվել Տոնոյան, Պետրոս Գյուրջյան, Մանվել Մուխսյան, Գեղամ Հովհաննիսյան, Ռաֆիկ Խաչատրյան, դուք այն սերուցքն եք, կաղապարը, միջուկը, որն անգնահատելի աշխատանք է կատարում այս զորամասում: Այստեղ վեցամսյա ուսումը մարտի դաշտում հաշված վայրկյանների ընթացքում իրոք կարող է անգնահատելի գործ կատարել և, ինչպես փորձն է ցույց տալիս, կատարում է»:

Դիմելով զորամասի նորակոչիկներին՝ փոխգնդապետ Նազարեթյանն ընդգծեց.  «Պետք է կատարեք ձեր առաջադրանքներն այնպես, ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կատարեցին ձեզ պես կուրսանտները:  Նրանք խոցեցին, շարքից դուրս բերեցին հակառակորդի տասնյակից ավելի ԱԹՍ-ներ, նաև՝ ուղղաթիռ»: Զորամասի հրամանատարը հիշեց ուսումնական զորամասի նախկին սան Գևորգ Մանուկյանին, որը քառօրյա պատերազմի ժամանակ արագ կողմնորոշվելով՝ ոչնչացրել էր հակառակորդի ուղղաթիռը:

Միջոցառման պատվավոր հյուրերից էր մարտական հերթապահության ժամանակ թշնամու դիվերսանտներին հակազդելիս 2014թ. հուլիս ամսին արիաբար զոհված մայոր Սարգիս Աբրահամյանի այրին՝ տիկին Օքսաննան: Սարգսի և Օքսաննայի երեք զավակներից ավագը՝ Վահանը, զորակոչվել և օրեր առաջ համալրել է այս ուսումնական զորամասի շարքերը: «Հիշենք բոլորին» խորագրի ներքո ներկայացվեց մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ֆիզպատրաստության պետ Սարգիս Աբրահամյանի կենսագրությունը: Արցախյան ազատամարտի մասնակից էր: Սարգիսի նվիրյալ ծառայության մասին վկայում են նրա ստացած բազմաթիվ պարգևները՝ «Արիության համար», «Մարտական ծառայություն», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի մեդալները …:

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԽՈՆՋ ՈՒ ՆՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՕքսաննան միջոցառումից հետո պատմեց, որ շատ անհանգիստ էր չարաբաստիկ դեպքերի նախօրեին: «Մարտունիում էինք: Քայլում էի, երբ թիկունքիս մի ուժգին հարված զգացի՝ ասես դանակով խփեին:  Թևս օդում կախված մնաց… Այդ պահին վեր նայեցի ու տեսա, որ գլխավերևովս անցնող ուղղաթիռը թռչում է Քելբաջարի ուղղությամբ: Հետո արդեն իմացա կատարվածի մասին…»: Բոլորի կողմից հարգված ու սիրված ամուսնու մեջ մեկտեղված էին մարդկային բոլոր բարձր որակները՝ վկայում է Օքսաննան:

Սարգիս Աբրահամյանի որդին՝ Վահան Աբրահամյանը, ներկաներին շնորհավորեց նշանակալի տոների առթիվ, և նրա խոսքն ավելի շատ երդման էր նման. «Ես՝ որպես Սարգիս Աբրահամյանի որդի և որպես հայ, խոստանում եմ պատվով կատարել զինված ուժերում իմ պարտքը, պատվով շարունակել այն գործը, որ ժամանակին կիսատ են թողել մեր հայրերը: Այդ գործի շարունակողը ես ու իմ զինակից ընկերները պետք է լինենք՝ հակաօդային պաշտպանության մեր մասնագիտական որակների շարունակական կատարելագործմամբ»:

Վահանն արդեն 12 օր է, ինչ զինվոր է: Շատ նման է հորը՝ հատկապես զինվորական համազգեստով…

Զորամասում էր պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը: Լեգենդար հրետանավորը շնորհավորանքի խոսքեր ուղղեց ՀՕՊ ուսումնական զորամասի անձնակազմին, ընդգծեց ՀՕՊ և հրետանու զորատեսակների փոխգործակցության կարևորությունը: Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը խոսեց ժամանակակից մարտում ՀՕՊ զորքերի նշանակության մասին: Իր հեղինակած գրքերից նվիրեց զորամասի գրադարանին:

Հանդիսության ավարտին կրկնակի տոնի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՕՊ զորքերի վարչության պետի և ուսումնական զորամասի հրամանատարի կողմից մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան զորամասի անձնակազմի աչքի ընկած զինծառայողները՝ սպայից մինչև շարքային, դասախոսական կազմը, մեթոդիստները, հոգևոր սպասավորներն ու մարտական նշանակալի ուղի անցած ազատամարտիկները:

  

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/02/2018