ԲԱՐԵՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
Առաջին թոռանս ՀՀ բանակից զորացրվելուց հետո դիմավորեցինք մեծ շուքով 2017թ. հունվարին, իսկ 2018թ. հունվարին մյուս թոռանս` Պետիկյան Սարգսին ճանապարհեցինք ՀՀ բանակ:
2018թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ երկրորդ թոռանս երդման արարողությունը: Ես որոշել էի անպայման մասնակցել նրա երդման արարողությանը: Որքան մեծ եղավ իմ հիացմունքը, երբ զորամասի ղեկավարությունը հնարավորություն ընձեռեց ինձ ելույթ ունենալու նորակոչիկների, հրամկազմի եւ ծնողների ներկայությամբ: Ես իմ խնդիրը համարեցի ներկա սերնդին հաղորդել այն հպարտությունը, որը ես էի ապրել 1992թ. Եռաբլուրում մեր` մահապարտներիս երդման արարողության ժամանակ… Ես հիացած էի ներկա սերնդի խրոխտ, հանդիսավոր երդման տեքստը կարդալիս եւ համոզված, որ այս սերունդն ավելի խիզախ եւ ավելի մարտունակ է:
Ես թոռանս մաղթեցի պատվով ծառայել հայկական բանակում եւ ակնկալեցի շուտով իմ անունով շնորհակալագիր ստանալ նրա գերազանց ծառայության համար:
Ես իմ մաղթանքում շնորհակալություն հայտնեցի զորամասի հրամկազմին` վաշտի հրամանատար Սարո Խառատյանին, ավագ ենթասպա Արայիկ Բաբայանին, որոնք իրենց ենթակաների հետ վերաբերվում են եղբայրաբար, միաժամանակ խիստ հսկում են կարգուկանոնը, զինվորական ճիշտ կեցվածքը:
Թշնամին թող միշտ վախենա ձեր մարտունակությունից եւ հայկական արիական ոգուց, ամուր պաշտպանեք մեր հայրենիքի սահմանները:
ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«ԱՐԾԻՎ մահապարտ ՀՆԳ»-ի անդամ, ամենատարեց մահապարտ
Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Բանակ և հասարակություն