Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՅՈՑՁՈՐՑԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՅՈՑՁՈՐՑԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԵՏՓետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում  հանդիպում տեղի ունեցավ Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին  4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, մարզպետարանի և զինվորական կոմիսարիատների այլ պատասխանատուներ:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալական խոսք ասաց զորացրված երիտասարդներին` հայրենիքի նկատմամբ իրենց սահմանադրական պարտքը պատվով կատարելու և մեր երկրի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար: Ելույթ ունեցավ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: Նա շնորհակալություն հայտնեց ծառայության համար, հատկապես քառօրյա մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին՝ ցուցաբերած արիության, տոկունության համար: Շնորհավորեց ծնողներին և շնորհակալություն հայտնեց նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար: Գեներալ-մայորը նշեց, որ ծառայությունը չի ավարտվում, այն շարունակվում է պահեստազորում. պետք է ամուր կանգնել և կառչել հայրենի հողին, այն շենացնել՝ ամուսնանալով և շատ երեխաներ ունենալով: Զորամիավորման հրամանատարը առաջարկեց անցնել կայազորի զորամասերում ծառայության, որով կլուծվի նաև աշխատանքի հարցը, իսկ քառօրյայի մասնակիցների փորձը անգնահատելի կլինի մարտական հերթապահության զորամասերում…

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՅՈՑՁՈՐՑԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԵՏՄարզպետը, բացի շնորհակալության ու բարեմաղթանքի խոսքից, պատրաստակամություն հայտնեց օժանդակելու զորացրված երիտասարդներին քաղաքացիական կյանքում իրենց կյանքի ուղին մարզի տարածքում շարունակելու գործում, սատարելու նրանց առաջարկներն ու ծրագրերը:  Շտաբային մարզումների նախապատրաստման և անցկացման գործընթացում բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու և առաջավոր փորձով աչքի ընկնելու համար Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի կողմից արժանացել է «Անդրանիկ Օզանյան»  մեդալի, որը նրան հանձնեց գեներալ-մայոր Գ. Տավարածյանը, իսկ Պատվոգրի արժանացավ մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Որպես մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ` Հ. Սարգսյանը 2017 թվականի ձմեռային զորակոչը լավագույնս կազմակերպելու համար նաև շնորհակալագրերով պարգևատրեց զինվորական կոմիսարներ՝ փոխգնդապետ Կարեն Բաբայանին և մայոր Հովհաննես Մելքոնյանին, ինչպես նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցներ Ավիկ Արտաշեսի Սարգսյանին, Նարեկ Յուրիկի Վարդանյանին, Արմեն Ավետիքի Ավետիսյանին, Ռազմիկ Արթուրի Սողոմոնյանին, Ալիկ Արմանի Մելքոնյանին և բանակային օլիմպիադայի հաղթող Նիկիտա Արմենակի Ծատուրյանին:

 4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Բանակ և հասարակություն


22/02/2018