ԵՎ ԱԶԳԸ ԱՅՍՊԵՍ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ…
Լուսանկարում պատկերված մեքենայի ետնապակուն գրված այս մեկ հատիկ նախադասությունը՝ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՄ ԱՆՎՃԱՐ», ինչպես իմ, այնպես էլ շատ շատերի սրտին է դիպել: Տաքսու վարորդին չեմ ճանաչում՝ հասակավոր է, թե ջահել, բանակում ծառայող որդի ունի, թե թոռ, չգիտեմ, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել՝ կարգին մարդ է: Ծխախոտը բերանից կախած մի հոռետեսի, թե` «կարող ա հենց ընենց ա գրել, ով ա ստուգելու, տեսնի՝ ձրի ա տեղափոխում, թե փող ա վերցնում», պարապ մեկի, թե` «կարող ա հարկայինի աչքին ա թոզ փչում…», խոսքերն այնքան դատարկ ու խղճուկ են: Նմաններին ասում են՝ իրենց տան կտուրը քար գցող:
Հիշում եմ, ուղիղ մեկ տարի առաջ էլ, գործընկերուհուս՝ Ալիսա Ալավերդյանին հանդիպած երթուղային տաքսու վարորդը՝ Սմբատ Ասատրյանը (եթե հիշողությունս չի դավաճանում՝ 114 երթուղի), իր «Գազելի» սրահում փակցրել էր հետեւյալ գրությունը. «ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ»: «Հայ զինվորն» անդրադարձավ վարորդի մարդկային ու գթասիրտ արարքին:
Համոզված եմ` «Օփելի» ու «Գազելի» վարորդների նմանները քիչ չեն մեր հասարակությունում: Իրենց արարքը մի մեծ բան չհամարող, սիրով ու անտրտունջ իրենց գործն անող մարդկանց շնորհիվ է, որ առօրյա կյանքում անտարբերությունը նահանջում է՝ իր տեղը զիջելով սրտացավությանն ու հոգատարությանը: ԵՎ ԱԶԳԸ ԱՅՍՊԵՍ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Բանակ և հասարակություն