ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԻ ԿՌԻՎԸ
1991 թ. սկզբներից ադրբեջանամետ գորբաչովյան իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության հետեւանքով կացությունը Արցախում եւ մասնավորապես՝ Շահումյանի շրջանում ու Գետաշենի ենթաշրջանում դարձել էր խիստ տագնապալի:
Գյուղերի վրա պարբերաբար կրկնվող ավազակային հարձակումները, թալանն ու շրջափակումները դարձել էին սովորական երեւույթներ: Խտրություն չդնելով վայրագ միջոցների գործադրության մեջ՝ ադրբեջանական իշխանությունները ձգտում էին ստիպել հայ բնակչությանը հեռանալ իրենց դարավոր բնակավայրերից եւ լքված գյուղերում աստիճանաբար թուրքեր բնակեցնելով՝ ավարտին հասցնել ԼՂԻՄ-ը, Շահումյանն ու Գետաշենի ենթաշրջանը թուրքացնելու ծրագիրը: Տվյալ ժամանակահատվածում գործադրվող այդ եղանակը Ադրբեջանի իշխանությունների համար հարցի լուծման լավագույն միջոցն էր:
1991թ. ապրիլին խորհրդային զինվորական հրամանատարության ձեռնարկած «Օղակ» 1-ին ռազմական գործողությունը կոչված էր լուծելու հենց այդ՝ Արցախի հյուսիսային շրջանները բռնությամբ, զենքի զորությամբ հայաթափելու խնդիրը:
Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության եւ անձամբ Շահեն Մեղրյանի խնդրանքով նույն տարվա ապրիլին Շահումյան է մեկնում Կարոտի (Կարոտ Մկրտչյան, Պռոշյան ավան) գլխավորած մարտական ջոկատը, որի կազմում էր նաեւ Պետոն: Շահենը ջերմորեն է դիմավորում իր սիրելի տղաներին, եւ քանի որ այդ լարված օրերին առավել պայթյունավտանգ կացություն էր ստեղծվել Գետաշենի ենթաշրջանում, հանձնարարում է Պռոշյանի ջոկատին մեկնել հենց այդ շրջան եւ Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ) գլխավորած «Արաբո» խմբի հետ միասին ստանձնել Մարտունաշենի պաշտպանությունը, որը թերեւս այդ ճակատի ամենաթույլ պաշտպանված հատվածն էր:
Շահենի ու ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության կենտրոնի համար շրջանում Կարոտի խմբի ներկայությունը շատ ցանկալի էր, բայց Շահումյանում եւ Գետաշենի ենթաշրջանում ծավալվող դեպքերը թելադրում էին իրենց պայմաններն ու պահանջները, եւ բնական է, որ տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը անհրաժեշտորեն իր գործունեությունը պիտի բխեցներ ու համապատասխանեցներ ընթացող իրադարձություններին ու ըստ այդմ ձեռնարկեր համապատասխան քայլեր: Տվյալ ժամանակահատվածում կարեւորագույն խնդիրը ինքնապաշտպանական ուժերի ու կառույցների, մասնավորապես՝ Գետաշենը, Մարտունաշենը եւ Շահումյանի շրջանը միմյանց կապող հաղորդակցության ուղիների ամրապնդման ու ուժեղացման ապահովումն էր: Գետաշենը Շահումյանի շրջանին եւ բնականաբար նաեւ Արցախին կապող հիմնական ուղիները անցնում են ադրբեջանական Սարիսու, Ղուշչի-Արմավիր եւ հայկական Մարտունաշեն գյուղերով: Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպման հաջողությունը մեծապես պայմանավորված էր հիշյալ երեք գյուղերով անցնող հաղորդակցության ուղիների կայունության եւ հուսալիության ամրապնդմամբ: Այդ խնդրի իրագործման դժվարությունն այն էր, որ երեք ուղիներից երկուսը անցնելով ադրբեջանական գյուղերի միջով՝ բնականաբար վերահսկվում էին հակառակորդի կողմից: Իսկ նման պայմաններում բազմիցս դժվարանում էր ապահովել Գետաշենի ենթաշրջանը Շահումյանի շրջանին կապող հաղորդակցության միջոցների անխափան ու հուսալի աշխատանքը: Դժվար չէր հասկանալ, որ Մոսկվայի կողմից բացահայտորեն հովանավորվող Ադրբեջանի իշխանությունները Գետաշենը հայաթափելու նպատակով անպայման կձգտեին առաջին իսկ հնարավորության դեպքում բռնազավթել Մարտունաշենը, եւ այդ դեպքում Գետաշենը կտրվելով Շահումյանի շրջանին կապող միակ հաղորդակցության միջոցից՝ կհայտնվեր անելանելի վիճակում:
Առաջնորդվելով այդ նկատառումներով՝ Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ծրագրում է նախահարձակ լինել եւ Գետաշենի ջոկատների համագործակցությամբ գրավելով Սարիսու եւ Ղուշչի-Արմավիր գյուղերը՝ ապահովել Գետաշենի ենթաշրջանը Շահումյանին, բնականաբար` նաեւ Արցախին կապող հաղորդակցության միջոցները:
Շահեն Մեղրյանի խնդրանքով Կարոտի ջոկատը մեկնում է Շահումյան հենց այդ առաքելությամբ: Կարոտն ու Պետոն իրենց գլխավորած խմբով տեղի ինքնապաշտպանական ուժերի համագործակցությամբ պետք է մշակեին ու իրագործեին Սարիսու ու Ղուշչի-Արմավիր գյուղերի գրավման գործողությունը: Ինչ խոսք, ադրբեջանաբնակ գյուղերի գրավումը չափազանց համարձակ ու պատասխանատու, բայց միաժամանակ նաեւ անհրաժեշտ քայլ էր: Ջոկատի մարտիկները հպարտ էին ու մարտականորեն տրամադրված. չէ՞ որ նաեւ նրանց էր վստահվել թշնամուն հենց իր որջում հարվածելու առաջնությունը ու հնարավորությունը: Պետոն վկայակոչելով իր սիրած հերոսներից Նիկոլ Դումանին՝ բազմիցս շեշտում էր. «Այո՛, չպետք է սահմանափակվել կրավորական ինքնապաշտպանությամբ, անհրաժեշտ է եւ պարտադիր առաջին իսկ հնարավորության դեպքում դիմել գործուն հարձակողական գործողությունների, եւ եթե ինքնապաշտպանության կազմակերպման շահերը պահանջում են, ապա առանց վարանելու պետք է ընտրել հարմարագույն պահը եւ թշնամուն հարվածել հենց իր տարածքում»:
Մինչ Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը պատրաստվում էին իրականացնել վերոհիշյալ գործողությունը, Ադրբեջանական ԽՍՀ տարածքում տեղաբաշխված խորհրդային բանակի հրամանատարությունը ինչ-ինչ աղբյուրներից տեղեկանալով կատարվող դեպքերի մանրամասներին՝ կանխում է ղարաբաղյան զորաջոկատներին եւ մի քանի զորավաշտերով ամուր շրջափակում Սարիսու եւ Ղուշչի-Արմավիր գյուղերը: Ցավալի, բայց արդեն իրականացված փաստ էր. ծրագրված մարտական գործողությունը նման պայմաններում այլեւս անիմաստ ու անհնար էր իրականացնել:
Ինչպես եւ ում միջոցով խորհրդային բանակի հրամանատարությունը կարողացավ ճշգրտորեն պարզել Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության ծրագրված գործողության ճիշտ ժամկետը եւ նույն օրը նախահարձակ լինելով՝ շրջափակել Սարիսու եւ Ղուշչի-Արմավիր գյուղերը: Սրա պատասխանը մտատանջում էր ջոկատի մարտիկներին:
Այժմ արդեն մնում էր միայն պահպանել եղած եզակի հնարավորությունը, այն է՝ կայունացնել ու պաշտպանել Գետաշենը մարզի տարածքին կապող միակ ուղին՝ Մարտունաշենը: Հենց այդ կարեւոր խնդրի իրագործման առաջադրանքը հանձնարարվում է Կարոտի գլխավորած մարտիկներին:
Ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնում է Գետաշեն, եւ տեղ հասնելուն պես Կարոտն ու Պետոն անմիջապես ներկայանում են Գետաշենի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Թաթուլ Կրպեյանին՝ քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Կարոտի ու Պետոյի առաջին, եւ, ցավոք, վերջին հանդիպումն էր:
Գետաշենի պաշտպաններից շատերն էին ցանկացել, որ տղաները մնային իրենց կողքին, իսկ Թաթուլը խմբին գետաշենցիների շարքերում տեսնել փափագող թերեւս ամենաշահախնդիր անձն էր: «Թաթուլի դուրն այնքան էին եկել մեր ընկերները, – պատմում է պռոշյանցի Արմենը (նա արդեն երրորդ ամիսն էր, ինչ Գետաշենում էր),- որ ուզում էր տղաներին ամեն գնով պահել Գետաշենում: Բայց հարցն արդեն վաղօրոք որոշված էր. նրանք պետք է գնային Մարտունաշեն: Թաթուլը, կարելի է ասել, ափսոսանքով էր նայում, երբ տղաներն արդեն հեռանում էին, հասկանում էր, թե ինչպիսի կարող ուժերից էր զրկվում»:
Հրաժեշտ տալով Գետաշենին ու Թաթուլին՝ խումբը «Արաբո» ջոկատի մարտիկների հետ մեկնում է Մարտունաշեն: Ի տարբերություն Գետաշենի, Մարտունաշենը չուներ գյուղի բնակիչներից կազմված ինքնապաշտպանական ուժեր: Տեղի երիտասարդները տարբեր տարիներին լքել էին գյուղը, եւ այնտեղ մնացել էին միայն տարեցները: Փաստորեն, ընդամենը քսանինը մարտիկներից բաղկացած Սիմոն Աչիկգյոզյանի գլխավորած խումբը Մարտունաշենը պաշտպանող միակ մարտական ուժն էր:
Անջնջելի հիշողություններով լեցուն ու ուսանելի օրեր անցկացրին տղաները Դեդի հետ Մարտունաշենում:
Չնայած իր պատկառելի տարիքին՝ Սիմոնը պատանեկան ավյունով ու խանդավառությամբ էր ղեկավարում գյուղի պաշտպանության կազմակերպման աշխատանքները: Խորագետ հրամանատարի ու ազնվագույն մարդու հատկանիշներով օժտված Դեդը քաջարի ու նվիրյալ ռազմիկի մի իսկական օրինակ էր երիտասարդ զինակիցների համար: Հետագայում տղաները, հատկապես Պետոն, Կարոտը, միշտ ջերմությամբ եւ ակնածանքով էին հիշում սիրելի Դեդին՝ Սիմոն Աչիկգյոզյանին:
1991 թ. ապրիլի 30¬ին սկսվում է ծրագրված «Օղակ»1-ին գործողության իրականացումը: Խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆ¬ականների զորաջոկատները մեծաքանակ զրահապատների ու մարտական ուղղաթիռների աջակցությամբ շրջափակում են Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը:
«Առավոտյան կողմն էր,- վերհիշում է Հրաչը (Հրաչ Մուրադյան, Պռոշյան ավան),- մեր հերթապահության օրը, երբ ես ու Անդոն (Անդրանիկ Հովակիմյան, Պռոշյան ավան) դիրքեր էինք փորում, լսեցինք, որ զրահապատների ձայն է գալիս: Այդ մասին տեղեկացրինք տղաներին, որոնք արագորեն հագնվեցին ու դուրս ելան: Լուսադեմին Գետաշենի կողմը գնացող հրասայլերն արդեն երեւում էին: Մեկ էլ տեսանք, որ Ղուշչի – Արմավիրի կողմից մի հրասայլ եկավ, հետո մյուսները, ապա աստիճանաբար հայտնվեցին նաեւ զինվորականները»:
Այդչափ մեծաքանակ եւ զրահապատներով հագեցած զորքի առկայությունն արդեն ոչ մի կասկած չի թողնում, որ հակառակորդի մտադրություններն այս անգամ ավելի քան լուրջ են:
Մինչ Հրաչը կհասցներ իր տեսածը հայտնել, Բաղրամյանի Մանվելը, որ նույնպես նկատել էր հրասայլերով, զրահապատներով եւ անգամ «Գրադ» կայանքներով (Արցախյան ազատամարտի ընթացքում «Գրադ» կայանքները հայտնվել են հենց «Օղակ» 1-ին գործողության ժամանակ, – Հ.Գ.) Գետաշենի շրջափակելն ու ներխուժելու իրողությունը՝ շտապում է այդ մասին հայտնել ջոկատի մարտիկներին: Այդ պահին, երբ Մանվելը (Մանվել Ավուշյան, Բաղրամյանի շրջ. գ. Մարակերտ) մտնում է ջոկատի հավաքատեղի ծառայող շենքը՝ իր տեսածը հաղորդելու, Կարոտը հրազդանցի Արարատի հետ զբաղված է լինում զինվորների համար նախաճաշ պատրաստելով եւ հետն էլ միաժամանակ մեղմորեն ու հազիվ լսելի ձայնով երգում ճիշտ եւ ճիշտ տվյալ իրավիճակին համապատասխանող հետեւյալ երգը.
«Առավոտ՝ դեմ արշալույսին,
Երբ քաջաց խումբերը մեր կննջեին,
Հանկարծ ներս մտավ կտրիճ գյուղացին,
Ասաց՝ ջա՜ն տղերք, մեզ պաշարեցին»:
Հանգիստ լսելով Մանվելի հաղորդածը ու առանց դույզն-իսկ շփոթվելու՝ Կարոտը ավարտում է երգը եւ հանգիստ ու սառնասրտորեն, հայացքն ուղղելով մարտական ընկերներին՝ կատակով ասում. «Ձվածեղն ուտենք, պրծնենք, հետո կորոշենք մեր անելիքը»:
Համլետ Գևորգյան
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Պատմության էջերից