Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ



ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎՕրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի լսարաններից երկուսն անվանակոչվեցին քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված ռազմական բուհի շրջանավարտ տղաների անուններով. հրամանատարաշտաբային ֆակուլտետի ուսումնական լսարանն անվանակոչվեց ԼՂՀ  «Մարտական ծառայություն» մեդալի արժանացած, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, իսկ համազորային ֆակուլտետի կապի միջոցների  եւ կառավարում առարկայի մասնագիտական լսարանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ԼՂՀ  «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված մայոր Սուրեն Մելքումյանի անուններով:

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, զինվորականներ, հերոս տղաների հարազատներն ու մարտական ընկերները:

Ներկայացվեց հայրենիքի նվիրյալ տղաների կյանքն ու գործունեությունը: Զինակից ընկերներն ու դասախոսական կազմը, ծնողները  հուշեր էին պատմում,  ու ամեն հուշ, ամեն դրվագ ու դիպված էլ ավելի էր ամբողջացնում նրանց հերոսական կերպարը:

ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎՀամազորային ֆակուլտետի Զորատեսակների և ծառայությունների ամբիոնի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի ցիկլի դասախոս Ներսես Խաչատրյան. «Դեռ ուսումնառության տարիներին նրանք աչքի էին ընկնում բարոյական բարձր հատկանիշներով՝ պարզությամբ, ազնվությամբ, համեստությամբ, բարությամբ, աշխատասիրությամբ: «Խիզախ է կոչվում նա, ով անվախ ընդառաջ է գնում գեղեցիկ մահվան»: Արիստոտելի այս խոսքը վերաբերում է  հենց նրանց, ովքեր անցյալի  վրեժով եւ ապագայի իղձերով լեցուն, գիտակացաբար գնային մահվան ընդառաջ` Հայրենիքին նվիրաբերելով  ամենաթանկը՝ կյանքը»:

Ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամյանը իր խոսքում նշեց, որ   նմանատիպ միջոցառումները մեր նորօրյա հերոսներին  գնահատելուց, մեծարելուց, արժանին մատուցելուց զատ, միաժամանակ նաեւ առանձնակի խորհուրդ  ունեն՝ բարձրացնում են   կուրսանտների ոգին, երիտասարդությանը տոգորում ազգային ինքնագիտակցությամբ:

Փոխնախարար Արտակ Դավթյանը բարձր գնահատելով համալսարանական հերոսների սխրանքն ու անձնազոհությունը` շնորհակալություն հայտնեց ծնողներին՝  իրենց որդիներին ազգանվեր, հայրենապաշտ ոգով դաստիարակելու համար:

Ալիս Ալավերդյան

Լուս՝ Սուրիկ Հովսեփյան

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Բանակ և հասարակություն


09/04/2018