«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է
Հետո եկան բանակաշինության խաղաղ տարիները. պահանջվում էր տքնաջան աշխատանք՝ քարը քարին դնելու, կանոնավոր, ուժեղ, մարտունակ բանակ ստեղծելու համար։ Մահ, ավեր տեսած մարդիկ դժվարությամբ էին սահման ուղարկում իրենց զավակներին, պատերազմի ժամանակ տաքուկ տեղեր խցկված պաշտոնյաները իրենց որդիներին զարտուղի ճանապարհներով ազատում էին զինծառայությունից ու շարժում ժողովրդի արդարացի դժգոհությունը։ Նորակազմ բանակում բազում խնդիրներ էին կուտակվել. կենսապայմանները անմխիթար էին, զինվորը սնունդ ու հագուստ չուներ, միջանձնային հարաբերությունները անկատար էին։ Ես փորձում էի անդրադառնալ բանակի բոլոր ցավոտ կողմերին, բացասական երեւույթներին, խոչընդոտներին, փորձում էի գտնել դրանց պատճառները, վերացման արդյունավետ ուղիները քեզ հետ, սիրելի՛ ընթերցող, քո օգնությամբ։ Ցանկանում էի արձանագրել բանակի բոլոր նվաճումները, խրախուսել ամենափոքր ձեռքբերումներն անգամ։ Եվ որ ամենակարեւորն է՝ ջանում էի, որ հասարակությունը մոտիկ լինի բանակին, սիրի, հպարտանա, իրենը համարի։ Այսօր մենք հաջողությամբ հաղթահարել ենք բանակի կազմավորման սկզբնական դժվարությունները, ամրապնդել հասարակություն¬բանակ կապը, եւ այդ գործում նաեւ իմ ավանդը կա։
…Այսօր մեր բանակը լավագույնն է տարածաշրջանում եւ վերելքի այդ դժվարին ուղին մենք միասին ենք անցել՝ ժողովուրդը, ազգը, բանակն ու իր թերթը, որի էջերում ազգային բանակը կարող է ամենայն մանրամասնությամբ գտնել իր կենսագրության յուրաքանչյուր հատվածը։ Տարիները ինձ փորձառություն են տվել, հմտություն։ Ես էլ, ցավոք, երբեմն սեփական սխալների վրա եմ սովորել։ Զերծ չեմ մնացել թերություններից, վրիպումներից, չեմ գործել ցանկալի արդյունավետությամբ, չեմ եղել խիստ ու անզիջում, աչալուրջ ու հետեւողական։ Բայց համոզված եղիր, սիրելի ընթերցող, որ ես ջանացել եմ ու քեզ երբեք չեմ խաբել, կարծում եմ, դու ներողամիտ կլինես չարածիս համար, իսկ ես ամեն ինչ կանեմ, որ թերությունները վերանան, որ դառնամ քո ցանկացած թերթը, քո վստահելի բարեկամը։ Ինձ համար այնքան կարեւոր է քո գնահատականը, քո կարծիքը։ Իմ ողջ ջանքն ու տքնանքը քեզ համար են ու քո պատվին։ Այսօր իմ հոբելյանն է՝ ես 25 տարեկան եմ։ Ես իրավունք ունեմ, չէ, տոնելու, հպարտանալու, ուրախանալու քեզ հետ միասին, լսելու քո գովասանքի խոսքերը, քննադատությունդ նույնպես։ Վաղը նոր օրը կբացվի, տոնը կմնա ետեւում, կսկսվի աշխատանքը։ Հոդված առ հոդված կհավաքվի իմ հերթական համարը, ու այդպես ամեն շաբաթ կանոնավոր ու անընդմեջ ես քեզ հյուր կգամ։ Խոստումներ տալ չեմ սիրում, բայց քեզ հավատացնում եմ, որ ինքս ինձ կատարելագործելու հաստատակամությամբ այսուհետեւ առավել հետաքրքիր, բովանդակալից, բազմակողմանի ու սպասված կլինեմ, կարդարացնեմ հույսերդ։ Մենք միասին կհաղթահարենք նոր բարձունքներ, կտոնենք նոր, ավելի մեծ ու բաղձալի հաղթանակներ։ Մենք այնքան երազանքներ ու ազգային նպատակներ ունենք, այնքան չլուծված խնդիրներ է կտակել մեզ մեր ժողովրդի պատմությունը… Մեզ սպասում է փառահեղ ու լուսավոր գալիքը, ու ես բախտ եմ ունենալու նաեւ այդ օրերի տարեգիրը լինել։ Ուրեմն թող մեր ճանապարհը անվախճան լինի, ու մեզ ուղեկցի հաղթանակը։
Սիրով՝ քո «Հայ զինվոր»
Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Ազգային բանակ