ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՎԵՏԱԲԵՐԸ
Ինձ բանակի թերթի մասին պատմել էին, ասել էին. «գլխավոր խմբագիրը արձակագիր Վրեժ Իսրայելյանն է, իսկ խմբագրությունում ճանաչված մտավորականներ են աշխատում…»: Ես ծանոթ էի Վրեժ Իսրայելյանի գրականությանը, բայց ձեռքս ընկած պատմվածքները մի անգամ էլ կարդացի, որից հետո «թեթեւացրի» հոդվածներիս տրցակը՝ թողնելով միայն ամենահաջողված նյութերն ու հաջորդ օրը ուղեւորվեցի Արշակունյաց 5, որտեղ «Հայ զինվոր» թերթի խմբագրությունն էր: Երկար, դատարկ միջանցքի ծայրին կիսաբաց դուռ կար: Սկզբից լսեցի տղամարդու բարձր, զրնգուն ծիծաղը: Հետո տեսա թավ բեղերն ու փոքր-ինչ խռիվ մազերը: Վրեժ Իսրայելյանն էր: Ես նրան այդպես էլ պատկերացնում էի` ճիշտ ու ճիշտ նման իր պատմվածքներին: Անկեղծ, հախուռն, անսեթեւեթ ու ցայտուն:
Հոդվածներիս տրցակը դնելով սեղանին` ասացի.
-Աշխատանք եմ փնտրում: Սրանք իմ տպագրված նյութերն են… Եթե Ձեր պահանջները կբավարարեն…
Առանց դիրքը փոխելու, դեմքի նույն ցնծուն արտահայտությամբ` Վրեժ Իսրայելյանը մի կողմ դրեց հոդվածներիս կապն ու ասաց.
-Ինչո՞ւ տպագրված հոդվածներ կարդամ, եթե կարող ես նորը գրել: Հիմա զորակոչ է, մի բան գրիր զորակոչի մասին, հետո կտեսնենք:
Ամբողջ գիշեր չքնեցի: Առավոտյան հոդվածի ուրվանկարը պատրաստ էր, մտահղացումս` որոշակի: Գրեցի: Ջնջեցի: Խմբագրեցի: Արտագրեցի: Նորից շտկումներ արեցի: Դա իմ միակ հոդվածն էր, որը կարդացել եմ գրելուց հետո, այն էլ` մի քանի անգամ: Իմ ամենադժվար նյութն էր…
Վրեժ Իսրայելյանը վերցրեց հոդվածը, հենվեց աթոռի թիկնակին, ասես պատրաստվում էր երաժշտություն լսել: Հայացքը հառեց թղթին:… Գլխով արեց, ժպտաց, նորից գլխով արեց: Այդ ամենը տեւեց 20-30 վայրկյան, որի ընթացքում կհասցներ միայն մի քանի տող կարդալ: Հետո հայացքը կտրեց թղթից, աչքերը կկոցած նայեց վրաս ու ասաց.
-Դուք արդեն մեր աշխատողն եք:
Այդպես սկսվեց: 20 տարի առաջ էր: Հետո պարզվեց, որ միայն շարադրելու շնորհքն ու մասնագիտական ունակությունները քիչ են: Որ պետք է սովորել, սովորել` սկսած ուսադիրների տարբերանշանները զանազանելուց մինչեւ զինվորական օրենսդրություն, զորքերի կառուցվածքից մինչեւ յուրաքանչյուր ծառայության առանձնահատկությունները… Ու ինքս էլ չհասկացա, թե ինչպես բանակը դարձավ իմ աշխարհը, իմ տունը, իմ սիրո ու նվիրումի տարածքը: Բանակը դարձավ արժեհամակարգ, բնավորություն, աշխարհայացք: Վերաիմաստավորեց ու խմբագրեց իմ պատկերացումները հայրենասիրության, պատասխանատվության, լրագրողի առաքելության ու քաղաքացիական պարտքի մասին` հետզհետե ինձ դարձնելով բանակի գաղափարախոսության հետեւորդն ու ջատագովը:
«Հայ զինվորում» ծառայության անցնելու առաջին օրվանից ինձ հավատացին ու վստահեցին: Վրեժ Իսրայելյանն ինձ կնքեց թերթի «ծանր հրետանի» մականունով, ու ես մինչ օրս սիրով ու հպարտությամբ եմ տանում այդ «ծանրությունը»:
Առանց ձեւականության ու ամենայն անկեղծությամբ պիտի խոստովանեմ` եթե ինձ հարցնեն, թե որտեղ կցանկանայի աշխատել, ես առանց վայրկյան իսկ մտածելու, կընտրեի իմ այժմյան աշխատանքը: Ինչո՞ւ: Որովհետեւ մեծ հպարտություն է լինել երկրի ամենահայրենասեր, ամենաոգեղեն, ամենախիզախ կառույցի` բանակի մի մասնիկը: Որովհետեւ իմ համազգեստը ուժի, պատվախնդրության, անձնվիրության ու հերոսության խորհրդանիշ է: Ի՞նչը կարող է լինել ավելի պատվաբեր ու կարեւոր, քան հայրենիքի պաշտպանության գործի գեղարվեստական վավերագրողը, բանակաշինության տարեգիրը դառնալու` զինվորական լրագրողի առաքելությունը, ժողովրդին բանակի ձեռքբերումների ու նվաճումների, բանակի հաղթանակների մասին պատմելու` զինվորական լրագրողին վերապահված պատիվն ու իրավունքը:
Երկրի երեւելի արվեստագետների ու գիտնականների մտորումների, խոհերի, նրանց անցած ճանապարհի կարեւոր հանգրվանի մասին պատմող «Մտավորականը եւ բանակը» խորագիրը, որը Վրեժ Իսրայելյանի նախաձեռնությունն էր, եւ որի առաջին նյութը հրապարակվեց 20 տարի առաջ, վարում եմ մինչ օրս եւ այդ ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվելու հայոց մեծերի հետ, նրանց խոսքը փոխանցելու մեր բանակի սպային ու զինվորին, ենթասպային ու գեներալին: 250 հարցազրույց 250 հայ մտավորականի հետ, որոնք հայոց ազգային գաղափարախոսության գեղարվեստական մարմնավորումն են ամբողջացնում, հայի ապրելու բանաձեւը եւ հզոր ու կենսունակ հայրենիքի ուղենիշ են:
«Հայ զինվորում» աշխատելու տարիներն ինձ հնարավորություն տվեցին տեսնելու-զգալու մեր բարոյականության ամբողջ ներուժը, որի ակունքը բանակում է, հայ զինվորի ու սպայի` հայրենիքի հանդեպ անպարագրելի սիրո եւ հանուն հայկական մի թիզ հողի ամենաթանկը զոհելու պատրաստակամության մեջ: Ես չգիտեմ, թե ինչ փոխեցին ընթերցողի հոգում «Պատիվ ունեմ» խորագրի ներքո հրապարակված` մեր սխրագործ զինվորների ու սպաների հարյուրավոր դիմանկարները, բայց նրանցից յուրաքանչյուրը մի վառ հետագիծ թողեց իմ սրտում` ուժ, խիզախություն, հայրենասիրություն, պատասխանատվություն, կամք… Ինձ պարգևեց հայ զինվորի ու սպայի փառքի բաժնեկիցը լինելու հպարտությունը:
Տարիներ շարունակ «Հայ զինվորը» փորձել է ամուր-անխախտ կամուրջ կառուցել բանակի ու հասարակության, զինվորականի ու հայ մարդու միջեւ: Մենք այդ կամուրջը շաղախել ենք հայրենիքը հզոր ու հպարտ տեսնելու մեծ ցանկությամբ, հող ազատագրած ու հայրենիքի սահմաններն անառիկ պահող զինվորականի հանդեպ մեր անմնացորդ սիրով, բանակն ու ժողովրդին միասին, միակամ ու անքակտելի` Ազգ-բանակ դարձնելու մեծ երազանքով ու Հայաստանի հզոր ապագայի աներեր հավատով:
Դժվար է մեկ առ մեկ թվարկել, թե ինչ է տվել «Հայ զինվորը» ինձ, եւ ես նրա տվածի որ մասն եմ կարողացել վերադարձնել բանակին ու ժողովրդին: Բայց ուզում եմ հավատալ, որ ուժի, հայրենասիրության, գթասրտության, ազնվության ու նվիրումի, հանդուրժողականության ու միասնականության իմ անպարտադրելի, բայց ի սրտե հորդորը հասել է ընթերցողին եւ ինչ-որ բան դեպի լավը փոխել մեր կյանքում: Ու այն նամակները, որ ստանում եմ այսօր աշխարհի տարբեր ծայրերում ապրող բանակապաշտ հայերից, հավաստումն են մի իրողության, որ ազգը բանակի` նրա գաղափարների ու բարոյախոսության շուրջ համախմբելու մեր հավաքական ջանքը անարդյունք չի եղել:
…Վերջապես «Հայ զինվորն» ինձ տվեց իմ հրաշալի ընկերներին: Ես ամեն օր աշխատանքի եմ գալիս մեծ բավականությամբ, որովհետեւ «Հայ զինվորը» ինձ համար սիրով ու ջերմությամբ լի մտերիմ ու հարազատ տուն է` իմ հենման կետը, որից սկիզբ են առնում բոլոր ճանապարհներս: «Հայ զինվորի» 25-ամյա հոբելյանի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ ընկերներիս: Իմ սիրելիներ, մենք վաստակած հպարտությամբ ենք դիմավորում մեր ծննդյան 25-ամյակը, քանի որ մենք մեր հոգու ամբողջ լույսն ենք քամել «Հայ զինվորի» էջերում` ամեն մեկս՝ մեր տաղանդի ու Աստվածատուր շնորհի չափով, բայց անպարագրելի նվիրումով, հպարտությամբ ու անմնացորդ: Թող Աստված պահպանի մեր երկիրը, մեր բանակն ու բոլորիս: Եվ թող այսուհետ «Հայ զինվորի» յուրաքանչյուր հոդված խաղաղության ու հաղթանակի ավետաբեր լինի:
Շնորհավոր ծնունդդ, «Հայ զինվոր»:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Բանակ և հասարակություն