ԵՍ, ԶԵՆՔՍ ՈՒ ԱՍՏՎԱԾ
Բոլորի աչքերը մեզ էին ուղղված, պատճառը հասկանալի էր. ուշ-ուշ են տեսնում քաղաքացիական հագուստով մարդկանց։Նրանց աչքերը սովորել են կանաչի բոլոր երանգներին։ Քառօրյա պատերազմից երկու տարի է անցել, ու հիմա ես կանգնած եմ նույն դիրքում, նույն խրամատում, որտեղ իմ հասակակից տղաները հերոսաբար ընկան: Հաճախ եմ լինում դիրքերում, լսում քառօրյա պատերազմից պատմություններ, բայց այս անգամ լսածս կարծես տեսիլք էր դարձել։ Գուցե հրամանատա՞րն էր սառնասիրտ մարդ. ոչինչ չէր թաքցնում, պատմում էր այնպես, որ դու ակամա մասնակից էիր դառնում մարտին։
-Հենց այստեղ է Աբաջյանը նռնակով պայթեցրել իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների։
Ես, իհարկե, շատ անգամ էի լսել այդ մասին, բայց նույն տեղում կանգնած լինելն ու գիտակցելը վեր էր այն ամենից, ինչ լսել էի։ Նկարում եմ դիրքում Աբաջյանի անվան ու ազգանվան առաջին տառերը, որոնք գրված էին փամփուշտներով։ Ֆոտոխցիկի հետևից երևում են արցունքներս։
-Դիրքում լացել չկա, աղջի՛կ,-ասում է հրամանատարը։
Մի անգամ համալսարանի մոտ Աբաջյանի նկարի կողքով անցնելիս տեսա, ինչպես մի տղա համբուրեց պատի նկարը։ Մարմնովս սարսուռ անցավ, սթափվելով զղջացի, որ չհասցրի նկարել այդ պահը։ Տղաները միշտ են ապրելու մեր հուշերում, նրանց մասին դեռ շատ սերունդներ են լսելու, էլի են ծնվելու Ռոբերտներ, Անդրանիկներ, Քյարամներ ու Արմենակներ։ Տեսնում եմ, որ զինվորները խուսափում են ֆոտոխցիկից, ես էլ համոզում եմ, թե՝ չեմ նկարի, ուղղակի զրուցում ենք։ Իսպիրյան Սիրականը երրորդ օրն էր դիրքերում, մեզ ուղեկցում էր մի դիրքից մյուսը։ Նա 14 ամսվա ծառայող էր, քչախոս էր, իսկ երբ հարց էի տալիս` արագ ու կարճ էր պատասխանում։ Հասանք մի խրամատ։ Դիրքապահը Բադիկյան Գագիկն էր։ Միասին նայում էինք դիտարկման մատյանը. ոչ մի արտառոց բան չէր նկատել։ Սիրականը լուռ էր։ Մեզ տարավ մյուս խրամատը։ Հողը թաց էր, ոտքերդ խրվում էին ցեխի մեջ: Զինվորների համար ամեն մի դժվարություն հաղթահարելի էր. նրանց համար ցեխը, անձրևոտ եղանակն ու ցուրտը չէին կարող խանգարող հանգամանք լինել: Հեռադիտակի օգնությամբ փնտրում էի հակառակորդի դիրքը, գտա ու ոգևորված որոշեցի նկարել այն։ Սիրականն էլ լուռ չէր.
-Առյուծի սիրտ է կերել էս աղջիկը,- ասաց նա։ Բոլորը ծիծաղեցին, իսկ նա բարկացած ինձ էր նայում։ Հույսս կտրած, որ նա ինձ հետ կհաշտվի, ուրիշ զինվոր գտա։ Ալեքսանյան Էդգարն էր։ Հակառակ Սիրականի, Էդգարը շատախոս ու կատակասեր էր, չէի հասցնում հարցեր տալ։
-Ինձ շատ նկարեք, բայց տեղում նկարները կտաք, հա՞։
Խոսում եմ զինվորների հետ ու հասկանում, թե ինչքան տարբեր են նրանք։ Նրանցից յուրաքանչյուրը քաղաքացիական կյանքում ունի ուրիշ նպատակներ, ուրիշ երազանքներ, իսկ բոլոր սահմանին կանգնածների նպատակը մեկն է. դիրքն անսասան հանձնել հաջորդ տղաներին ու վերադառնալ տուն՝ հպարտ այն զգացումով, որ արժանիորեն կատարել են իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։
ԼԻԱՆԱ ԲՐՅԱՆ
Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Բանակ և հասարակություն