Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅԻՍԻ 9-Ը ՆՇՎԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ



ՄԱՅԻՍԻ 9-Ը ՆՇՎԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄՍյունիքի մարզի բոլոր բնակավայրերում մեծ շուքով նշվեց Մայիսի 9-ը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման եռատոնին հուշարձանների եւ հուշահամալիրների մոտ ժողովրդական հոծ բազմությամբ տոնը նշանավորվեց մարզի խոշոր բնակավայրերում` գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման եւ ենթակա զորամասերի բազմաթիվ զինվորականների, ՏԻՄ ներկայացուցիչների, հոգեւորականների, բնակիչների եւ հյուրերի կողմից զոհվածների հիշատակի խնկարկմամբ, հայոց բանակի զինվորների խրոխտ ու ձիգ պատվո պահակների հայացքների ներքո…

Գորիսում կայացած տոնական միջոցառմանը ելույթներ ունեցան համայնքների ղեկավարներ, վետերաններ, զինծառայողներ:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ներկաներին շնորհավորելով եռատոնի առթիվ, փառաբանեց ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված մեր հերոս քաջորդիներին, նրանց ծնած հերոս մայրերին: Այնուհետեւ նա ընթերցեց 1-ին բանակային զորամիավորման հրամանատարի շնորհավորական ուղերձը, որում ասված է.  «Մայիսի 9-ին հայոց եռագույնը ծածանվեց Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու վրա: Ինչպես Բեռլինում, տղաներն ուս ուսի տված պարեցին մեր հաղթական «Քոչարին»…»:

Վաղվա հզոր Հայրենիքի հանդեպ հույսով ու հավատով լեցուն առույգ եւ ժպտերես երեխաների, երիտասարդների մարզական հնարքների ցուցադրություններ, ծափ ու ծիծաղի ներքո հայկական ավանդական երգ ու պար, նոր Հայաստանի կերտման տեսլականով տոգորված խանդավառ դեմքեր` ահա օրվա խորհուրդը:

Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Բանակ և հասարակություն


17/05/2018