ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ ՆՐԱՆՑ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ծնվել, ձեւավորման ոչ դյուրին ճանապարհ է անցել եւ թրծվել է պատերազմի կրակների մեջ: Ամենածանր շրջանում այն բեկում մտցրեց Ադրբեջանի ռազմական ավիացիային հակազդելու գործում: Այժմ արդեն կայացած ու ամրացած ՀՕՊ զորքերը օր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում. հսկում հայկական երկու հանրապետությունների օդային սահմանները: Դժվարին, պատասխանատու ու շատ պատվաբեր այս գործը այսօր վստահելի ձեռքերում է: ՀՀ ԶՈՒ կայացած, գործնականում իր դերն ու նշանակությունը հաստատած զորատեսակն օրերս նշեց կազմավորման 26-ամյակը:
Թեև հայկական ինքնապաշտպանական ուժերը Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում հիմնականում զինված էին որսորդական հրացաններով, սակայն ստիպեցին հակառակորդին ընդունել հայի ոգու գերակայությունը: Երբ գետնի վրա մենք հաղթանակներ էինք կռում, օդում առավելությունը դեռ ադրբեջանական ավիացիայինն էր: Օտվելով իրավիճակից` նրանք անպատիժ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: ՀՕՊ միջոցների առկայությունը ԼՂ-ում հրատապ էր: ՀՕՊ առաջին միջոցները հայտնվեցին ԽՍՀՄ ԶՈՒ 366-րդ գնդի հեռանալուց հետո. ԼՂ ինքնապաշտպանությունը համալրվեց երեք «Շիլկա» և «Ստրելա-10» կայանքով: 1992թ. գարնանը դրանց ավելացավ ադրբեջանցիներից բռնագրավված ևս մեկ «Շիլկա»:
Հայ-ադրբեջանական հակամարտության առաջին տարիներին ՀՕՊ միջոցները, մասնավորապես՝ «Շիլկա» կայանքները, կիրառվում էին անգամ տանկերի դեմ: «Շիլկաների» դերը մեծ էր նաև հայկական բնակավայրերի ազատագրման համազորային մարտերի ժամանակ:
…Շուշիի ազատագրման հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, Ստեփանակերտը հուժկու օդային հարվածի ենթարկվեց ադրբեջանական ՍՈՒ-25 ինքնաթիռից: Սա արյունալի ռմբահարումների սկիզբն էր միայն: Շուտով հուժկու ավիահարվածներ տեղացին Շահումյանի և Մարտակերտի գաղթականներով լեցուն հանրակացարանի վրա։ Ռմբակոծվեցին նաև Կապանն ու Վարդենիսը:
1992թ. սկզբին Ադրբեջանը ձեռք բերեց ՄԻ-24 և ՄԻ-28 ուղղաթիռների մեկական էսկադրիլիա։ Ամռանը ավելացան նաև Ադրբեջանի տարածքում տեղակայված նախկին խորհրդային առանձին գրոհային, կործանիչ, ռմբակոծիչ ու հետախուզական ավիացիայից ժառանգված մարտական ինքնաթիռները: Ամռանը Բաքուն արդեն ուներ շուրջ 100 օդային հարձակողական միջոցներ (դրանց շուրջ կեսը հայ հակաօդայինները խոցել են):
…Վիճակն օրհասական էր, ՀՕՊ զորքի հիմնումը՝ առաջնահերթություն: Եվ ահա 1992թ. աշնանը ձևավորվեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ վարչությունը: Սրան հետևեց ՀՕՊ առաջին զորամասերի կազմավորումը։ Սկսվեց երկամյա պարտադիր ժամկետային զինծառայողների պատրաստումը։ Ուսումնական փուլն անցնելուն պես՝ նրանք անմիջապես մարտկոց առ մարտկոց գործուղվում էին սահմանամերձ շրջաններ:
Արդյունքները երկար սպասել չտվեցին. Բերդաշեն գյուղում «Ստրելայից» խոցվեց հակառակորդի առաջին ուղղաթիռը: Իսկ առաջին մարտական ՍՈՒ-25 ինքնաթիռը «Շիլկա» կայանքից խոցվեց Ասկերանի երկնքում:
Ադրբեջանական ԶՈՒ կործանիչները վարող վարձկաններն անարգել ճշգրիտ ռմբահարում էին հատկապես Ստեփանակերտի խիտ բնակեցված թաղամասերը: Հայկական ԶՈՒ-ը ձեռք բերեցին 3 «ՕՍԱ-ԱԿ» կայանք, որ օգոստոսի 25-ին տեղակայվելով Շուշիի, Խնածախի ու Կրկժանի մերձակայքում, երեք կողմից ապահովեցին Ստեփանակերտի հուսալի պաշտպանությունը:
1992թ. օգոստոսի 26-ին ու 27-ին «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրները խփեցին առաջին երկու ինքնաթիռները, ավելի ուշ՝ երրորդը: Ադրբեջանցիներն ստիպված եղան մեծացնել թռիչքի բարձրությունը։ Նվազեց նրանց հարվածների դիպուկությունը, փոխարենը՝ անպատիժ էին գործում: Այժմ էլ գերխնդիր էր բարձր օդային թիրախները խոցելը, ՀՕՊ նոր միջոցների ձեռքբերումը. ՀՀ ԶՈՒ ՀՕՊ առկա միջոցներին ավելացան նաև «ԿՐՈՒԳ» կայանքները, որոնց գործողության շառավիղը «ՕՍԱ»-ներից 4-5 անգամ մեծ է: 1994թ. ապրիլի 23-ին «Կրուգ» համալիրի հրթիռը խոցեց Ստեփանակերտը տարբեր ուղղություններից գրոհող յոթ ինքնաթիռներից մեկը: Այդ ՄԻԳ-ն Արցախի երկնքում ոչնչացված վերջին օդային հարձակողական միջոցն էր: 3 շաբաթ անց՝ մայիսի 5-ին, ՀՀ ԶՈՒ փառահեղ հաղթանակից հետո Բիշկեկում ստորագրվեց զինադադարի համաձայնագիրը։
Ինչպես հայկական բանակի բոլոր զորատեսակները, ՀՕՊ-ն էլ պատերազմի ավարտից հետո անմիջապես ձեռնամուխ եղավ զորատեսակն ամրապնդելու և արդիականացնելու գործընթացին: Պատերազմի տարիներին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին 1998թ. փոխարինեց գեներալ-մայոր Արարատ Համբարյանը, որի պաշտոնավարումը համընկավ հակաօդային պաշտպանության զորքերում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների երեք փուլերին: Դրանցից առաջինն իրականացվեց 2000-2002թթ., երբ նույնացվեց մոտոհրաձգային զորամասերի ՀՕՊ ստորաբաժանումների սպառազինությունն ու կազմ-հաստիքային կառուցվածքը, իսկ ՀՕՊ դիվիզիոններում ընդգրկվեցին նաև ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցներ: 2004թ. Հայաստանի Հանրապետության կնքած միջպետական պայմանագրերով սկսվեց զորատեսակի վերազինման երկրորդ փուլը՝ հնացած կայանքների փոխարինումն առավել արդիական սպառազինությամբ։ 2008-ից մինչև օրս էլ իրականացվում է բարեփոխումների երրորդ փուլը` կապված նոր սերնդի սպառազինության ձեռքբերման հետ:
ՀՕՊ համակարգում ներդրվել են ժամանակակից միջոցներ, արդիականացվել են հետախուզության և կրակի ենթահամակարգերը, բարձրացել է ուսուցման որակը: Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ համատեղ մշակվել և զորքերում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ռադիոտեղորոշիչ կայաններ, մեծածավալ աշխատանքներ են տարվել համակարգի գործառույթների ավտոմատացման ուղղությամբ: Արդյունքում՝ էապես բարձրացել է ՀՕՊ կայանքների հուսալիությունն ու մարտական հնարավորությունները:
Անցած 26 տարիների ընթացքում ԶՈՒ ՀՕՊ զորքերը, ըստ ռազմաքաղաքական իրավիճակի, մշտապես արդիականացվել են։ Մեր օրերում հայկական երկու հանրապետությունների երկինքը պաշտպանում են ՀՕՊ տարբեր միջոցներ՝ «Ս-125», «Կուբ» համակարգերը, «ՕՍԱ-ԱԿ» մարտական մեքենաները: Արցախյան ազատամարտի տարիներին իրենց փայլուն դրսևորած «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրները հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ջանքերով արդիականացվել են և այսօր էլ հուսալիորեն հսկում են ՀՀ և Արցախի օդային սահմանները։ Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում դրանցով խոցվեցին հակառակորդի «Օրբիտր» և «Կամիկաձե» գերժամանակակից անօդաչու թռչող սարքերը։ Առաջնագիծն ամրացնելու նպատակով ձեռք է բերվել գերժամանակակից «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մեծ խմբաքանակ: Դրանցով այսօր հագեցած են առաջնագծի մարտական հերթապահություն իրականացնող միավորները:
Այսօր մեր օդային սահմանները վստահորեն պաշտպանում են նաև աշխարհում լավագույններից մեկի համբավը վայելող «Ս-300» կայանքները։ Դրանց շուրջօրյա մարտական հերթապահության շնորհիվ մեր երկրի օդային տարածքները լիովին պաշտպանված են:
ՀՕՊ զորքերը ստեղծման օրվանից մշտապես մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են: Վերջերս հաստատված ԶՈՒ զարգացման 7-ամյա ծրագրում առանցքային դեր է վերապահվել ՀՕՊ միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը։ Շուտով մեր ՀՕՊ զինատեսակների շարքում իրենց արժանի տեղը կզբաղեցնեն ՌԴ արտադրության ժամանակակից «ТОР-М2Э» զենիթահրթիռային համալիրները:
ՀՕՊ զորքերի համար լուրջ փորձաքար դարձավ 2016թ. քառօրյա պատերազմը: ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց մասնագիտական հմտությունները նորովի դրսևորեցին: Բավական է նշել, որ հակառակորդը մարտական գործողությունների հենց սկզբում՝ ապրիլի 2-ին, կորցրեց երկու ուղղաթիռ և տասնյակի հասնող անօդաչու թռչող սարքեր ու հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից:
Ռազմաավիացիոն կրթություն
2005 թվականից ի վեր ռազմաավիացիոն համալսարանում գործում է ՀՕՊ ֆակուլտետը։ Այստեղ պատրաստվում են կադրեր` միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների, մոտակա գործողության զենիթային համալիրների, ռադիոտեղորոշման համալիրների շահագործում մասնագիտություններով: Դրան զուգահեռ` Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերի սպաները վերապատրաստվում են Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության և տիեզերական ակադեմիայում:
ՀՕՊ ուսումնական զորամասեր
Ժամկետային զինծառայողների մասնագիտական պատրաստության խնդիրը վերապահված է ՀՕՊ ուսումնական զորամասին: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գոռ Նազարեթյանը նկատում է, որ զորամասի շրջանավարտները իրենց լավագույնս դրսևորեցին ապրիլյան քառօրյայի ընթացքում: Գևորգ Մանուկյանը խոցեց հակառակորդի մարտական Մի-8 ուղղաթիռը: Նույն ժամանակ մեր հակաօդայինները ոչնչացրին հակառակորդի տասնյակ անօդաչու թռչող սարքեր: «Այժմ ուսումնական զորամասի առջև խնդիր է դրված, հաշվի առնելով նորագույն ռազմական տեխնիկան, «Իգլա-Ս», «Ստրելա» զինատեսակների համապատասխան մասնագետներ պատրաստել: Ուսումնական գործընթացի համար զորամասում առկա են ՀՕՊ մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից վարժասարքերը: Դաշտային ելքերի ընթացքում կուրսանտները հմտանում են՝ վարելով մարտական կրակ: Վստահ եմ, որ մեր շրջանավարտները հետ չեն մնալու նախորդներից:
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ ՀՕՊ զորքերի մեր բոլոր զինծառայողներին՝ առաջնագիծը պահող դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի հերթապահ ուժերից մինչև ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որի տարեդարձն էր վերջերս: Թող մեր նշանակետերը միայն ուսումնական լինեն»:
Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության ՀՕՊ միավորված համակարգը՝ երկրի օդային սահմանների պահպանության երաշխավոր
2001թ. ի վեր Հայաստանի Հանրապետության օդային սահմանների պահպանության մարտական հերթապահությունն իրականացվում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով, որոնց անմիջական կառավարումն իրականացվում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետից, իսկ գործողությունների ընդհանուր համակարգումը` ՌԴ օդատիեզերային պաշտպանության ուժերի կենտրոնական հրամանատարական կետից:
«Արդեն 17 տարի է՝ հայ և ռուսական ՀՕՊ մարտական հաշվարկները օր ու գիշեր համատեղ հսկում են մեր երկրի օդային սահմանները՝ ապահովելով հայ ժողովրդի խաղաղ կյանքը»,- ասում է ՀՕՊ և ավիացիայի ՄՀԿ-ի պետ, գնդապետ Աշոտ Ֆանյանը և հավելում, որ օրեցօր կատարելագործվում է մարտական հերթապահության կրման վիճակը, իսկ 2015թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված` «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը լայն հնարավորություններ է ընձեռում ՀՀ ԶՈՒ ղեկավարությանը` ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԶՈՒ ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառման վերաբերյալ, մասնավորապես, որ շատ կարևոր է, այդ ուժերի ու միջոցների կառավարումն այսուհետ իրականացվելու է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի կողմից:
Միջազգային զորավարժություններում՝ միայն «գերազանց» գնահատականով
Քսանվեց տարիների ընթացքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը նաև միջազգային համագործակցության շրջանակում են գերազանց արդյունքներ գրանցել: ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում ՀՕՊ զորքերի գործնական ներդաշնակման նպատակով մեր երկիրը, սկսած 1999թ., գործընկեր այլ երկրների ԶՈՒ-երի հետ պարբերաբար մասնակցում է ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող ՀՕՊ զորատեսակների «Մարտական ընկերակցություն» մարտական հրաձգությամբ զորավարժություններին՝ ցուցաբերելով «գերազանց» արդյունքներ: Վերջին մասնակցությունը եղել է 2017թ.՝ «Ս-300» դիվիզիոնների կազմով. երկու զորամասերը կրակային խնդիրների կատարման արդյունքներով, ինչպես միշտ, «գերազանց» գնահատականի են արժանացել:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ- վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյան
«Ողջունում ու շնորհավորում եմ ԶՈՒ ՀՕՊ զորքերի անձնակազմին, նրանց ընտանիքի անդամներին, մեր բոլոր վետերաններին և բոլոր այն զորատեսակներին, որոնք մշտապես փոխգործակցում են մեզ հետ, որոնց հետ ՀՕՊ-ը օրգանական կապի մեջ է:
Նշեմ, որ հատկապես վերջին տարիներին հսկայածավալ աշխատանքներ են կատարվել թե՛ զենք-զինամթերքով, թե՛ նյութատեխնիկական բոլոր անհրաժեշտ պարագաներով զորքերը համակողմանիորեն ապահովելու ուղղությամբ՝ հնարավորություն տալով ՀՕՊ զորքերին ըստ արժանվույն կատարելու առաջադրված մարտական խնդիրները: Այս տարիների մեր ամենամեծ ձեռքբերումն այն խաղաղությունն է, որը ունենք. խաղաղություն, որը վտանգվեց 2016թ. ապրիլյան քառօրյայի ընթացքում, և որը հաջողվեց հաստատել նաև մեր օդային սահմաններն անառիկ պահելու միջոցով: Հակառակորդը կորուստներ կրելով՝ սթափ գնահատեց իրավիճակը և հրաժարվեց ավիացիայի հետագա գործողություններից:
ՀՕՊ զորքերն այսօր մարտունակ են, մշտապես վերազինվում են, ընթանում է ուսումնական գործընթացը: Մեծ հաջողությունների ենք հասել նաև ՀՕՊ սպայակազմի և կրտսեր հրամանատարական կազմի մասնագետների պատրաստման գործում: Կարևորում եմ հատկապես Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի աշխատանքները, ինչպես նաև մասնագետների պատրաստումը արտերկրում:
Խաղաղություն եմ մաղթում մեր պետությանը, մեր ժողովրդին: Խաղաղ պայմաններում հաճախ չնկատվող, բայց, ըստ իս, անչափ կարևոր և պատվաբեր մասնագիտություն է հակաօդային պաշտպանությունը: Այո՛, երկինքը պատկանում է օդաչուներին, նրանք ճախրում են օդում, բայց չպետք է մոռանանք, որ օդային տարածքների բանալիները ՀՕՊ զորքերի ձեռքում են:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյան
«ՀՕՊ համակարգի անցած 26 տարիների կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հատկապես շտաբային աշխատանքում, այն է, որ մեր կառավարման համակարգն այժմ հաստատապես բարձր մակարդակի վրա է: Այսօր մենք կարողացել ենք ՀՕՊ զորքերն ամբողջությամբ ապահովել ռադիոկապի ժամանակակից միջոցներով. մինչև գունդ, գումարտակ մակարդակ առանձին լարային կապուղիներ են ստեղծվել, մեծածավալ աշխատանքներ են տարվել դրանց ավտոմատացման ուղղությամբ: Զորքերը աստիճանաբար համալրվում են հայրենական արտադրության շարժական կառավարման կետերով: Նոր կազմավորված ՀՕՊ զորամասերի համար մշակվել և արտադրվում է ժամանակակից կառավարման մեքենա:
Կարևոր ձեռքբերում է նաև ավիացիայի, ՌԷՊ ստորաբաժանումների, զինված ուժերի հետախուզության և այլ ուժերի հետ սերտ ու բազմակողմանի համագործակցությունը: Մենք կարողացել ենք նաև օդային իրադրության մասին տեղեկատվության համակարգի տարրերը տեղակայել նշված կառույցների կառավարման համապատասխան կետերում, որպեսզի իրականացնենք տեղեկատվության փոխանակում, իսկ սա արդի պատերազմական գործողություններում շատ կարևոր հանգամանք է: Ով առաջինն է տիրապետում տեղեկատվությանը, նա միշտ առաջ է ընկնում և հասնում է հաղթանակի: Կարևոր աշխատանքներ են տարվում հայ-ռուսական ՀՕՊ համատեղ կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ:
Օգտվելով առիթից՝ ՀՕՊ զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ ոչ միայն մեր ԶՈՒ ՀՕՊ ամբողջ անձնակազմին, այլև մեր ամբողջ ժողովրդին: Կարծում եմ՝ բոլորս ենք գիտակցում, որ ժամանակակից պատերազմների, մարտական գործողությունների հնարավոր սցենարը հիմնականում սկսվում և ավարտվում է օդատիեզերական ոլորտում, և մեզ համար շատ կարևոր է հզոր հակաօդային պաշտպանության համակարգին տիրապետելը: Այս խնդրի իրագործման ուղղությամբ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևողական քայլեր է իրականացնում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ կապույտ ու ջինջ երկինք, մեր զինակից ընկերներին՝ բարի ծառայություն և վարպետության շարունակական կատարելագործում: Եվ թող Հայաստան աշխարհի բոլոր արշալույսները խաղաղ բացվեն»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում