ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 6 ԳՅՈՒՂԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(1915թ. հուլիսի 29-սեպտեմբերի 12)
«Ես այստեղ եմ ծնվել, այստեղ էլ կմեռնեմ: Ես չեմ գնա ստրուկի պես մեռնելու, հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա»:
Մուսալեռցիների երդումը. Յողունօլուկ, 1915 թվական, հուլիսի 29
Մուսա լեռան վեց գյուղերի հայությունն աշխարհագրական դիրքի շնորհիվ գրեթե անմասն մնաց համիդյան հալածանքներից, իսկ 1915-ի հուլիսի կեսերին հակվեց ինքնապաշտպանության գաղափարին:
Դաշնակիցների ափհանման գործողության ժամանակ հայաբնակ ու ծովեզրյա տարածքը հրաշալի հենակետ կարող էր ծառայել, եւ հուլիսի 26-ին հրապարակվեց հնգօրյա ժամկետում Քեսապի հայության տարագրման հրամանը: Մուսալեռցիների մի մասը սկսեց լեռ բարձրանալ, իսկ ինքնապաշտպանության դիմելու որոշումն ընդունվեց հուլիսի 29-ին, Յողունօլուկում գումարված ընդհանուր ժողովում, եւ մի քանի օրում Մուսա լեռ բարձրացավ շուրջ 5.000 հայ, իսկ 2.000-ը՝ տարագրվեցին…
Օգոստոսի 8-ին սկսվեց առաջին հարձակումը: Իշխանությունները չէին պատկերացնում շարժման ընդգրկումը եւ վստահ էին, որ 100 զինվորի միջոցով կճնշեն ըմբոստությունը: 200 հոգանոց ստորաբաժանումը, սպայի առաջնորդությամբ, վստահ գալիս էր: Առաջին գնդակն արձակեց Սարգիս Գապաղյանը: Սպան ընկավ, եւ թուրքերը պատասխանեցին տեղատարափ կրակով: Այսպես սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը: Չորսժամյա ծանր կռվում խայտառակ պարտություն կրած զորքն անկանոն նահանջեց ու անցավ… պաշտպանության:
Դրանից հետո տղամարդիկ բաժանվեցին տասնյակների եւ դիրքավորվեցին լեռան տարբեր կողմերում, ձեւավորվեց քառասուն հոգանոց հարվածային խումբ, իսկ ծերունիներից ու պատանիներից կազմվեցին կապավորների եւ սնունդն ու ռազմամթերքը դիրքեր հասցնող օժանդակ խմբեր:
Երկու օր անց թուրքական թնդանոթներն առաջին ռումբերն արձակեցին Պագաճըգի դիրքերի ուղղությամբ, ապա 5.000-անոց զորասյունը գերմանացի սպայի առաջնորդությամբ անցավ հարձակման, որին աջակցում էր լեռնային հրետանին: Պագաճըգի 16 մարտիկները կռվով նահանջում էին, մինչեւ վրա հասած օգնական ուժերի շնորհիվ հարձակումը կանգնեցվեց: Չնայած ծանր կորուստներին՝ թշնամին բավական առաջացել էր եւ հզոր հրետանային նախապատրաստություն սկսեց նոր հարձակման համար: Դիրքերն ու կիսաշեն հյուղակներն իրար հետեւից ավերվում էին, սակայն Պետրոս Գալուստյանը, մացառների ու ժայռերի միջով աննկատ մոտենալով թնդանոթին, սպանեց թնդանոթաձիգ չորս սպաներին, որից հետո թնդանոթը լռեց: 12-ժամյա այս ծանր ու արյունալի կռիվն ավարտվեց թուրքերի լիակատար պարտությամբ: Հայերն ունեցան 2, իսկ հարձակվողները՝ շուրջ 100 սպանված:
Չորս տարբեր բանակատեղիներում հաստատված ժողովուրդը կենտրոնացավ փրկության միակ ճանապարհի՝ ծովի դիմաց գտնվող Տամլաճըգում, մարտական բոլոր ուժերը ղեկավարող վարչական մարմնի ղեկավար ընտրվեց Տիգրան Անդրեասյանը, զինվորական ընդհանուր վերահսկիչ՝ Մովսես Տեր-Գալուստյանը: Նրա օգնականներն էին Սերոբ Ճերեպետճյանը եւ Տիգրան Գաթաճյանը: Ստեղծվեց նաեւ 12 հոգանոց 43 մարտախումբ: Ըմբոստ գյուղացիները չէին կարող հուսալիորեն պաշտպանել իրենց ավելի քան 115 քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքը, եւ կազմավորվեց երեք հարվածային խումբ, որոնց հրամանատարներն էին Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլաքյանը եւ Պետրոս Տուտագլյանը:
Կանանց մի մասն ամուսինների կողքին էր, մյուսները գթության քրոջ պարտականություններ էին կատարում` ջուր, սնունդ ու զինամթերք հասցնելով կռվողներին: Ծերունիներից կազմվեց ամրաշինական երեք վաշտ, որը խրամատներ էր փորելու…
Մուսալեռցիները մակույկ պատրաստեցին Կիպրոս հասնելու համար, բայց Միջերկրական ծովն ալեկոծ էր… Միակ փրկությունը դաշնակիցների ռազմանավերն էին: Սպիտակ սավաններից երկու խոշոր դրոշ պատրաստեցին, մեկի վրա կարմիր խաչ, իսկ մյուսին կարմիր դերձանով ասեղնագործեցին «Քրիստոնյաները վտանգի մեջ են, օգնեցեք» կոչը եւ ամրացրին մի բարձր բլրի գագաթին:
Օգոստոսի 10-ի ջախջախիչ պարտությանը հաջորդեց մեկշաբաթյա հարաբերական խաղաղություն:
Օգոստոսի 19-ի արշալույսին կանոնավոր վաշտերն ու մեծաքանակ խուժանը հրետանային աննախադեպ աջակցությամբ վեց ուղղություններով անցան հարձակման: Մուսա լեռը պաշարված էր 5.000 կանոնավոր զորքով ու 4.000 հրոսակներով: Կռվում էին անգամ կանայք, աղջիկներն ու անչափահաս տղաները: Կռվում էին որսորդական զենքերով, մահակներով, քարերով, վիրավորներն ու մեռնողներն արգելում էին իրենց օգնություն ցուց տալ ու պահանջում շարունակել մարտը:
Արշալույսին ընդհանուր հարձակում սկսվեց, իսկ կեսօրին երկու դավաճաններ թուրքական մի ողջ գումարտակ գաղտնի կածաններով առաջնորդեցին հայկական դիրքերի մոտ: Օրհասական վիճակ էր, ժողովուրդը թշնամու ձեռքը չընկնելու համար հսկա թափորով Տեր Աբրահամ քահանա Գալստյանի առաջնորդությամբ ուղղվեց դեպի ծով՝ խեղդվելու, բայց շուտով կանգնեցվեց մի խումբ մարտիկների կողմից:
Վճռորոշ այս հարձակումը կանգնեցվեց աննահանջ կռվի շնորհիվ: Այս ճակատամարտը, որն արտացոլեց հերոսամարտի ժողովրդական բնույթը, հետագայում կոչվեց Մուսա լեռան ՍԱՐԴԱՐԱՊԱՏ:
Երկօրյա ճակատամարտում հայերն ունեցան 14, իսկ թուրքերը՝ 700-800 զոհ ու վիրավոր եւ առժամանակ դադարեցրին հարձակումները:
Սեպտեմբերի 5-ին հեռվում երեւաց շաբաթներ սպասված տեսիլը՝ դրոշները նկատելով արագորեն ափին մոտեցող ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, որի ուղարկած մակույկով ծովեզրյա պահակները հասան ռազմանավ եւ հանձնեցին Տիգրան Անդրեասյանի նամակն ու ներկայացրին մուսալեռցիների խնդրանքը. ժողովրդին տեղափոխել, իսկ կռվողներին տալ 300 հրացան, 50.000 փամփուշտ եւ պարեն՝ խոստանալով վեց ամիս դիմանալ:
Ռազմանավը մեկնեց՝ ծովային հրանոթներով ռմբակոծելով թշնամու դիրքերը: Թուրքական զորքերը, տեսնելով այս շրջադարձը, սեպտեմբերի 7-ին, դարձյալ օգտվելով լեռը պատած մշուշից, հուսահատ հարձակում սկսեցին, բայց ետ շպրտվեցին: Իսկ Ջեմալ փաշան 15.000-անոց բանակով արդեն ճանապարհին էր:
«Կիշենը» ծովածոց վերադարձավ «Դեզեքս» հածանավի հետ: Որպես թարգման «Կիշենի» վրա էր նաեւ ռազմածովային ուժերի սպա, ծագումով կեսարացի Շառլ Տիրան Թեքեյանը: Շուտով ծովածոց մտավ նաեւ «Ժաննա դը Արկ» հածանավը:
Սեպտեմբերի 9-ին թշնամին վերստին անցավ հարձակման: Յոթժամյա ծանր կռվից հետո զորքերը եւ սիրիական անապատներից հավաքված վայրագ ցեղերը, որ «ջիհադի» էին եկել, խայտառակ պարտություն կրեցին:
Նույն գիշեր մուսալեռցիներին հաղորդվեց ծովակալ Դարտիժ դը Ֆուռնեի հրամանը՝ բոլորին նավերով փոխադրել Եգիպտոս: Ֆրանսիական կողմը վճռաբար հրաժարվեց զենք եւ զինամթերք տրամադրել:
Սեպտեմբերի 12-ի առավոտյան՝ Խաչվերացի տոնին, սկսվեց տարհանումը: Ժողովուրդն արտասվելով համբուրում էր գետինը, հրաժեշտ տալիս հերոսամարտի զոհերի թարմ հողաթմբերին: Գյուղ առ գյուղ նավ բարձրացան կանայք, ծերունիներն ու երեխաները եւ նոր միայն տղամարդիկ, որոնք նախապես հրդեհեցին ծովափին լցված իրենց ունեցվածքը:
Մուսա լեռան հերոսամարտում զոհվեց 18 մարտիկ: Փրկվեց 4.158 հայ:
Սեպտեմբերի 16-ին ռազմանավերը հասան անգլիական գերիշխանության տակ գտնվող Պորտ Սաիդ (Եգիպտոս), եւ Մուսա լեռան հայությունը հաստատվեց այնտեղ ստեղծված վրանաքաղաքում: Վերապրածներից շատերը, որ երեխաներ էին, տասնամյակներ անց Վերժինե Սվազլյանին պատմել էին, թե ինչպես անապատի հրաշեկ ավազների վրա գրելով են սովորել մեսրոպյան տառերը, մինչեւ մի քանի վրանում սկսել է գործել Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիսվան վարժարանը՝ կից հիվանդանոցով ու որբանոցով:
Ուղիղ մեկ տարի անց՝ 1916թ. սեպտեմբերին, երիտասարդության երեք հոգանոց պատվիրակությունը դիմեց ֆրանսիական «Ժորեգիբեր» ռազմանավի հրամանատար Բենուա դը Ազիին եւ հայտնեց մուսալեռցիների մեծ փափագը՝ ֆրանսիական բանակի շարքերում կռվել թուրքերի դեմ: Շառլ Տիրան Թեքեյանի խորհրդով առաջարկն ընդունվեց, իսկ երիտասարդությունը ներգրավվեց զինավարժության պարապմունքներում: Նոյեմբերին 17-ին ֆրանսիական կառավարությունը Պորտ Սաիդ գործուղեց Այլազգիների լեգեոնի հրամանատարներից գնդապետ Ռոմիեոյին՝ տեղում ուսումնասիրելու Արեւելյան լեգեոն կազմավորելու հնարավորությունները: Մի քանի օրում ցուցակագրվեց 600 մուսալեռցի, նրանք էլ կազմեցին Հայկական լեգեոնի կորիզը: Կիպրոսի Մոնարկա կղզում մարզվելուց հետո 1918-ի սեպտեմբերի 19-ին, տասներկուժամյա ճակատամարտում Պաղեստինյան ճակատում գրավելով Արարայի բարձունքները, մուսալեռցիները մասնակցեցին Սիրիայի ու Լիբանանի ազատագրմանը…
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ