ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ
ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «Հրաշապատում կամ
զարմանալի պատմություններ» գրքից
«ՄԱՇՏՈՑՆԵՐԻ» ԲՈՒԺԻՉ ՋՈՒՐԸ
Երկու տարի առաջ էր` ձմեռնամուտին։ Որոշեցի մեքենայի հովացման համակարգի մեջ ջրի փոխարեն անտիֆրիզ լցնել։ Ջուրը թափեցի, փորձեցի համապատասխան խտության լուծույթ պատրաստել։ Տարողության միջից փողրակով քաշեցի հեղուկը եւ… մի քիչ բերանս լցվեց։ Ու թեեւ ես ընդհանրապես զզվող չեմ` բերանիս մեջ ինչ-որ տտիպ տհաճ քաղցրություն զգացի, բայց բանի տեղ չդրեցի: Շարունակեցի գործս, եւ մի քանի րոպե անց ամբողջ մարմինս պատվեց ալերգիկ ցանով։
Բժշկի դիմեցի։ «Ալերգիա է»,- ասացին եւ հենց հիվանդանոցում ներարկում արեցին, որից, սակայն, ավելի վատացա եւ սկսեցի դողացնել։ Ճիշտն ասած, ասեղից վախենում եմ, դողն էլ` մյուս կողմից։ Բժիշկներն իրար էին խառնվել, դողը մի կերպ կտրվեց, բայց ցանը չանցավ, եւ վիճակս չթեթեւացավ։ Ասեմ, որ մոտս մի փոքր մրսածություն էլ կար։
– Արի Երեւան ուղարկենք,□ ասացին Սեւանի բժիշկները։
Ոչինչ չասացի, մեքենան ուղիղ «Մաշտոցներ» քշեցի։ Ասում են` դարեր առաջ Մաշտոց հայրապետն այդտեղ ճգնել է ու օրհնել տեղի ջուրը, որը շատ ու շատ հիվանդների է օգնել։ Մտքիս մեջ Աստծուց բժշկություն խնդրեցի, մոմ վառեցի։Հետո մերկացա, եւ թեպետ ցուրտ էր, ես էլ` մրսած, Մաշտոցների օրհնված ջրից մի դույլ վրաս լցրի։ Սրբվեցի, հագա շորերս եւ… հիվանդությունն ասես դանակով կտրեցին. տասը րոպե հետո անցավ ու անցավ։
***
Հաջորդ տարի նույնը աղջկաս հետ պատահեց։ Ի՞նչ գործ էր արել, չգիտեմ, զզվել էր։ Մարմինը լրիվ կարմիր ցանով էր պատվել։ Տարանք հիվանդանոց։
– Պետք է կաթիլային միացնենք,□ ասացին։
Եկանք, դեղեր առանք, բուժքույր կանչեցինք։ Երեխան մի կուրս ընդունեց, կարծես թե լավացավ, բայց սրսկումներն ավարտելուց երկու օր անց վիճակն ավելի վատացավ։ Մայրն իրար անցավ։
– Արի էլի հիվանդանոց տանենք,□ ասաց։
– Արի,- ասացի,- բայց իմ իմացած հիվանդանոցը։
Տարանք «Մաշտոցներ»։ Չնայած կնոջս մտավախությանը, թե երեխան կմրսի, դարձյալ Մաշտոց Եղիվարդեցու օրհնած աղբյուրի ջրից լցրի աղջկաս վրա եւ… հիվանդությունը չքացավ։
Ես բժշկությանը դեմ չեմ, բայց իմ գլխով անցածին ու աչքովս տեսածին չեմ կարող չհավատալ։ Չեմ կարող չհավատալ Մաշտոց Եղիվարդեցու աղբյուրի զորությանը։
ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Սեւան