ԿԱՅԱՑԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն մարտից առ այսօր իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 11 դեպքերի հատուցում, որից 9-ը զոհված, իսկ 2-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 9 մլրդ, իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 523 մլն դրամը: Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել՝ հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով: Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաև հիմնադրամին նվիրաբերություններ կատարելու նոր եղանակները, որոնք ստացել են
«Ի հիշատակ» և «Ի պատիվ» պայմանական անվանումները: Այս ձևով նվիրաբերություններ կատարելու կարգը և մանրամասները ներկայացված են հիմնադրամի www.1000plus.am կայքում:
Նիստի ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նաև նոր ծրագիր: Այն ենթադրում է, որ եթե զինծառայողը հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է հաշմանդամություն, ապա նախքան իրավական ընթացակարգով հաշմանդամության կարգը որոշելը և հատուցում տրամադրելը, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը յուրաքանչյուր ամիս կստանա 100.000 դրամ՝ որոշակի ծախսեր հոգալու համար:
Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է նաև 2018թ. աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձ է եղել «Հիմնադրամի դեսպաններ» նախագծի ընթացքին, ըստ որի՝ առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ Հիմնադրամի աշխատանքներին ակտիվորեն ներգրավված անձինք, ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:
Խորագիր՝ Նորություններ