Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է. ՕՂՈՒԶԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Որոշ կրճատումներով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում փիլիսոփայական գիտությունների դոկտոր ՀՐԱՉԻԿ Ղ. ՄԻՐԶՈՅԱՆԻ «Եղեռնի գաղափարական ակունքները» հոդվածը («Էջմիածին», ԺԱ, 2010, էջ 124):

Հանրահայտ է, որ յուրաքանչյուր ժողովրդի լավ ճանաչելու, նրա բնավորությունը, բարոյականությունը, հոգեբանությունն ու վարքագիծը ճիշտ հասկանալու համար նախ եւ առաջ պետք է ուսումնասիրել նրա էպոսը, քանզի գրական-գեղարվեստական ոչ մի ստեղծագործության մեջ այնպես խորքային ու լիարժեք չի դրսեւորվում այս կամ այն ժողովրդի բնավորության ու բարոյականությամբ ամբողջական նկարագիրը, որքան ազգային էպոսում։ Ավելին, ցանկացած ժողովրդական էպոս նաեւ տվյալ ժողովրդի պատմության վստահելի աղբյուր է, որովհետեւ այնտեղ, թեեւ անուղղակի ու չհամակարգված ձեւով, պարունակվում են հետաքրքիր տեղեկություններ ու փաստեր էպոսաստեղծ ժողովրդի պատմական անցյալի, նրա անցած ճանապարհի, ձեռքբերումների ու կորուստների, հաջողությունների ու կոտորածների մասին։ Ըստ այսմ, իրավամբ հարց է ծագում՝ մենք ճանաչո՞ւմ ենք մեր հարեւան թուրքերին ու ազերիներին, որոնք ըստ էության սերում են նույն արմատից, եւ դա չեն թաքցնում նաեւ իրենք, քանզի հրապարակավ հայտարարում են թուրքական երկու ժողովրդի ու երկու պետության գոյության մասին։ Ով կասի, որ, այո՛, ինքը լավ է ճանաչում թե՛ մեկին եւ թե՛ մյուսին, թող փաստի, որ կարդացել է նրանց ընդհանուր էպոսը` «Իմ պապ Քորքութի գիրքը», որը ես կանվանեմ պարզապես «Քորքութի գիրք»։

Այն բանավոր ձեւով սկզբնավորել է մ.թ. 7-րդ դարում, երբ օղուզ թուրքերը դեռեւս բնակվում էին Միջին Ասիայում, իսկ վերջնականապես ձեւավորվել է 15-րդ դարի երկրորդ կեսում, որից հետո (դժվար է ասել, թե ստուգապես երբ) այն գրի է առնվել ու պահպանվել մեկ ամբողջական եւ մեկ թերի օրինակով։ Ահա թե ինչ է գրում օղուզական էպոսի քաջագիտակ մասնագետ Վ. Մ. Ժիրմունսկին.

««Քորքութի գիրքն» օղուզական ասացողների՝ ուզաների, էպիկական պատմությունների ու երգերի գրառումն ու գրավոր մշակումն է։ Այդ պատմությունները կամ «բիլինաները», ինչպես դրանք կոչում է Բարտոլդը («ԿչցջվՈՎֆ»), ստեղծվել են տարբեր ժամանակներում եւ տարբեր ասացողների կողմից. մասամբ՝ Միջին Ասիայի տարածքում եւ Սիրդարիայի ստորին ավազանում (9-10-րդ դդ.), մասամբ՝ օղուզների նոր հանգրվանում՝ Անդրկովկասում եւ Փոքր Ասիայի հարեւան շրջաններում (11-15-րդ դդ.)»։
Որ ցանկացած ժողովրդական էպոսում չափից ավելի ուռճացվում ու գովաբանվում են սեփական հերոսի ֆիզիկական ուժն ու գեղեցկությունը, հոգեւոր ու մտավոր կարողությունները՝ վերագրելով նրան գերմարդկային ուժ ու գեղեցկություն, բացառիկ խելք ու հնարամտություն, ընդհակառակը, թշնամին կամ թշնամիները ներկայացվում են ֆիզիկապես թույլ ու ոչ գեղեցիկ, եթե չասենք թույլ ու անճոռնի, մոտավորապես անճար ու անօգնական, որոնց պատճառով միշտ ընկնում են ծիծաղելի վիճակի մեջ, այդ ամենը միանգամայն հասկանալի ու սովորական են էպոսների համար։ Այլապես էլ ինչ էպոս, որ հայրենակիցների մեջ չի արթնացնելու հերոսության, քաջության, հպարտության եւ համանման այլ զգացումներ։ Անշուշտ, այդ տեսակետից բացառություն չէ նաեւ օղուզական էպոսը, եւ դա միանգամայն բնական է։ Գաղտնիք չէ եւ այն, որ բոլոր էպոսներում տեղի են ունենում ե՛ւ մարդասպանություն, ե՛ւ արյան հեղում, բայց այդ ամենը արվում կամ ցուցադրվում է ռազմի դաշտում՝ հակադիր ուժերի անմիջական բախման ընթացքում։ Մյուս բոլոր էպոսների նման օղուզական էպոսը նույնպես հարուստ է այդօրինակ իրողություններով։ Սակայն մյուս բոլոր էպոսներից տարբերվում է հատկապես այն բանով, որ նրանում մարդկանց գլուխ կտրելն ու արյուն հեղելը կատարվում է ոչ միայն ռազմի դաշտում թշնամիների հետ բախման ընթացքում, այլեւ սովորական կենցաղային պայմաններում, այսինքն՝ մարդկանց գլուխ կտրելն ու արյուն հոսեցնելը դիտվում են որպես տղա երեխայի հասունացման ու առնականացման չափանիշ, իսկ հասուն տղամարդու համար՝ քաջության, պատվի ու արժանապատվության պայման։ Ըստ այդմ, նորածին տղաների մինչեւ 16 տարին լրանալն անուն չի տրվում, որպեսզի այդ ընթացքում պարզ դառնա, թե այդ տեսակետից նա ինչ կարողություններ կդրսեւորի, իսկ հասուն տղամարդկանց հասարակական դիրքը, պատիվն ու հարգանքը որոշվում է նրանց կտրած գլուխների եւ հեղած արյան քանակով։ Դժվա՞ր է հավատալ, ուրեմն բերենք ասվածը հաստատող մի քանի օրինակ.

1. Էպոսի երրորդ գլխում կամ դեսթանում, որ վերնագրված է «Երգ Կան-Բուրի որդի Բամսիի Բեյրեկի մասին», պատմվում է, որ Բայ-Բուր բեկը երկար ժամանակ զավակ չէր ունենում, որի պատճառով խիստ մտատանջվում էր։ Եվ ահա Բայանդուր խանի մոտ կազմակերպված հերթական խնջույքի ընթացքում բեկերը, նկատելով նրա հոգեկան ծանր ապրումները, որոշում են միասին աղոթել, որպեսզի Աստված նրան արու զավակ պարգեւի։ Բանն այն է, ասվում է էպոսում, որ «այն դարերում բեկերի օրհնանքը [ճշմարիտ] օրհնանք էր, նրանց անեծքը՝ անեծք, նրանց աղոթքները լսվում էին»։ Իսկապես արարիչը լսում է նրանց աղոթքը, եւ Բեյրեկ բեկն ունենում է արու զավակ։ Հասկանալի է, բեկն անչափ ուրախանում է, ուստի կանչում է իր վաճառականներին ու հանձնարարում գնալ հույների երկիր՝ իր որդու համար թանկարժեք նվերներ գնելու։ Թեեւ վաճառականները վերադառնում են 16 տարի հետո, բայց Բեյրեկ բեկի որդին դեռ անուն չուներ, որովհետեւ «Այդ դարում,- կարդում ենք էպոսում,- պատանուն անուն չէին տալիս, քանի դեռ նա չէր կտրել գլուխներ, չէր հեղել արյուն» (այս եւ հետագա ընդգծումներն իմն են-Հ. Մ.)։ Այնպես է պատահում, որ անանուն դյուցազնը գնում է որսի եւ ճանապարհին հանդիպում է Ստամբուլից վերադարձող վաճառականներին, որոնք մազապուրծ էին եղել Օնիկ ամրոցից իրենց վրա հարձակված անհավատներից։ 16-ամյա պատանին, իհարկե, կարողանում է մեն-մենակ հաղթել 500 հոգանոց ավազակախմբին, հետ վերցնել վաճառականներից հափշտակված ապրանքները եւ վերադարձնել տերերին։ Գալով տուն՝ որդին հորը լուր է տալիս վաճառականների վերադարձի մասին, բայց ոչինչ չի ասում իր քաջագործության մասին։ Հայրը, ստանալով վաճառականների վերադարձի լուրը, հանձնարարում է շքեղ վրան պատրաստել եւ ճոխ պատրաստություն տեսնել՝ վաճառականներին պատշաճ ընդունելություն ցույց տալու համար։ Այնուհետեւ որդուն նստեցնում է իր աջ կողմում եւ սպասում վաճառականների գալուն։ «Եկան վաճառականները,- ասվում է դեսթանում,- խոնարհվեցին, ողջունեցին, տեսան, որ այն քաջը, որ կտրեց գլուխներ, հեղեց արյուն, նստած է Բայ-Բուր բեկի աջ կողմում։ Վաճառականները մոտեցան եւ համբուրեցին քաջի ձեռքը։ Երբ նրանք այդպես վարվեցին, Բայ-Բուրը զայրացավ եւ ասաց վաճառականներին. «Անպե՛տք, անպետքներից ծնվածնե՛ր, մի՞թե համբուրում են որդու ձեռքը, երբ ձեր առջեւ է հայրը»։ Վաճառականների զարմացական հարցումին բեկը պատասխանում է. «Այո՛, սա իմ որդին է»։ Նրանք ասացին. «Եթե այդպես է, ապա մի զայրացիր, խա՛ն իմ, որ սկզբից մենք նրա ձեռքը համբուրեցինք, եթե քո որդին չլիներ, ապա ապրանքները կկորչեին Վրաստանում, եւ մենք բոլորս կհայտնվեինք գերության մեջ»։ Բայ-Բուր բեկն ասում է. «Ասացե՛ք, մի՞թե իմ որդին կտրել է գլուխներ, հեղել է արյուն»։ «Այո՛, նա կտրեց գլուխներ, հեղեց արյուն, գետին տապալեց մարդկանց», ասացին նրանք։ «Եվ այսպես, արդյոք ժամանակը չէ՞ այս պատանուն անուն տալու»։ «Այո՛, սուլթան իմ, ավելին է, քան ժամանակը»։ Բայ-Բուրը կանչեց օղուզների մյուս բեկերին, հյուրասիրեց նրանց, եկավ իմ պապ Քորքութը, պատանուն տվեց անուն եւ ասաց. «Լսի՛ր խոսքս, Բայ-Բուր բեկ։ Բարձրյալն Աստված քեզ տվեց որդի, թող նա էլ պահպանի նրան։ Թող նա լինի մուսուլմանների պահապանը՝ կրելով ծանր դրոշ։ Նա բարձրանալու է [մեր] առջեւ փռված ձյունածածկ սեւ սարը, թող Բարձրյալն Աստված թեթեւացնի քո որդու վերելքը։ Նա անցնելու է արյամբ տաքացած գետերով, թող Աստված հեշտացնի նրա անցումը։ Նա մխրճվելու է անհավատների խիստ ամբոխի մեջ, թող Ամենաբարձրյալն Աստված պարգեւի քո որդուն հաջողություն։ Դու կկոչես քո որդուն Բասան, [այժմ] թող նրա անունը լինի Բամսի-Բեյրեկ՝ գորշ հովատակի տեր։ Անուն նրան տվեցի ես, երկար կյանք թող նրան տա Աստված»։ Օղուզների մյուս բեկերը բարձրացրին ձեռքերն ու աղոթեցին։ «Թող այս անունը երջանկություն բերի այս քաջին,- ասացին նրանք»։

2. Էպոսի IV գլխում, որ կրում է «Երկ այն մասին, թե ինչպես Ղազան բեկի որդի Ուրուզ բեկը գերի վերցվեց» վերնագիրը, նկարագրվում է Ղազան բեկի կազմակերպած ճոխ խնջույքը, որին ներկա են հարազատներ, բարեկամներ եւ ուրիշներ։ Պարզ է՝ ամենից վեր բազմած է Ղազան բեկը, որն աջ ու ձախ հանձնարարություններ է տալիս, առատորեն նվերներ բաշխում եւ բարձր տրամադրությամբ կերուխում անում՝ մնալով բոլորի ուշադրության կենտրոնում։ Նրա աջ կողմում նստած էր Ղարա Գյունե եղբայրը, ձախ կողմում՝ իր դաստիարակ Արուզ հորեղբայրը, իսկ դեմ դիմաց կանգնած էր Ուրուզ որդին՝ աղեղին հենված։ Հանկարծ Ղազան բեկը շրջվում է դեպի աջ, նայում եղբորը եւ քրքջում, նայում է ձախ, տեսնում հորեղբորը, հրճվում է ուրախությունից, բայց ահա հայացքը գցելով աղեղին կռթնած իր Ուրուզ որդուն՝ ձեռքը խփում է ձեռքին եւ սկսում հեկեկալ։ Հուզվելով տեսածից՝ Ուրուզ որդին հանդիմանական տոնով դիմում է հորը եւ բացատրություն պահանջում այդ ամենի համար, նույնիսկ սպառնում, որ եթե չասի պատճառը, ապա ինքը ստիպված կլինի գնալու քրիստոնյա աբխազների մոտ, փոխելու կրոնը եւ ամուսնանալու սեւաչյա քրիստոնյա աղջկա հետ։ Լսելով վրդովված որդու զայրալից խոսքը՝ Ղազան բեկը ստիպված տեղի է տալիս եւ բացատրում. «Նայեցի աջ, տեսա եղբորս՝ Ղարագյունին, նա կտրել է գլուխներ, հեղել արյուն, ստացել նվերներ, հասել փառքի։ Նայեցի ձախ, տեսա իմ դաստիարակ Արուզին, նա կտրել է գլուխներ, հոսեցրել արյուն, ստացել նվերներ, հասել փառքի։ Երբ նայեցի առաջ, տեսա քեզ, 16 տարի ապրել ես, կգա օրը, ես կընկնեմ կմահանամ, կմնաս դու. դու դեռ աղեղ չես լարել, նետեր չես արձակել, արյուն չես թափել, քաջ օղուզների մեջ պարգեւներ չես ստացել։ Վաղը կփոխվի ժամանակը, ես կմեռնեմ, կմնաս դու, ավաղ, իմ թագը, իմ գահը քեզ չեն տա. այդպես մտածելով՝ ես հիշեցի իմ վերջի մասին, լացեցի»։ Ի պատասխան հոր ասածի, որդին հանդիմանական տոնով հարցնում է. «Ե՞րբ ես դու ինձ [վերցրել] քեզ հետ, տարել անհավատների սահմանների մոտ, հարվածել սրով, կտրել գլուխներ, որպեսզի սովորեմ քեզնից»։ Այս պատասխանը միանգամայն գոհացնում է հորը, որ խոստանում է իր հետ վերցնել որդուն եւ անմիջապես արշավի դուրս գալ, հասնել այնտեղ, որտեղ «արձակել է նետեր, հարվածել սրով, կտրել գլուխներ»։ Հարկավ, Ղազան բեկը կատարում է իր խոստումը. Ուրուզ որդու հետ արշավում է դեպի Ախալցխա, սկզբում կրում անհաջողություն, բայց հետո օգնության հասած բեկերի հետ միասին բռնվում է մարտի ու տանում հաղթանակ։

3. Էպոսի X դասթանը կոչվում է «Երգ Ուզուն-Ղոջայի որդի Սեկրեկի մասին»։ Այստեղ պատմվում է, որ օղուզների դարում եղել է Ուզուն-Ղոջա անունով մեկը, որն ունեցել է ընդամենը երկու որդի, որոնցից ավագը, որի անունն էր Էկրեկ, մի քաջ ու բարի տղամարդ էր, որը Բայանդուր խանի դիվան մտնում էր առանց արգելքի, երբ ցանկանար։ Ավելին, ներս մտնելուն պես, տրորելով մյուս բեկերին, գնում նստում էր ուղիղ Ղազան բեկի առջեւ՝ ուշադրություն չդարձնելով ոչ մեկի վրա։ Մեկ օր էլ, երբ նորից տրորելով մյուս բեկերին, նստում է իր ուզած տեղում, օղուզների մեջ աչքի ընկած ջիգիթներից մեկը, որի անունն էր Թերս-Ուզամիշ, Էկրեկին ասում է. «Լսի՛ր, Ուզուն-Ղոջայի տղա՛, այստեղ նստած բեկերից ամեն մեկն իր տեղը վաստակել է սրի հարվածով, հաց բաժանելով, իսկ դու արդյոք կտրե՞լ ես գլուխներ, թափե՞լ ես արյուն, կերակրե՞լ ես քաղցածին, հագցրե՞լ ես մերկին»։ Էկրեկը պատասխանում է. «Ասա՛, Թերս-Ուզամի՛շ, մի՞թե գլուխներ կտրելը, արյուն թափելը քաջություն է»։ «Այո՛, քաջությո՛ւն է»,- հնչում է Թերզ-Ուզամիշի կտրուկ պատասխանը։ Ազդվելով այս պատասխանից՝ Էկրեկը ոտքի է կանգնում եւ խնդրում Ղազան բեկին, որ իրեն զինվորներ տա ասպատակություն կատարելու համար։ Ղազանն, իհարկե, կատարում է նրա խնդրանքը, ուստի հրամայում է իր զինվորներին միանալ Էկրեկի խմբին։ Էկրեկի հավաքագրած ասպատակախմբի անդամները՝ թվով 300 հոգի, հինգ օր շարունակ ուտում ու խմում են սեղանատանը, ապա հարձակվում Շերյուգյուզից Գեկչե-Դենիզի ժողովրդի վրա, վերցնում մեծ ավար։ Շարունակելով ավարառությունը՝ Ալինջա ամրոցում ավազակախումբը գլխովին ջախջախվում է, իսկ Էկրեկը գերի է ընկնում ու նետվում բանտ։ Անցնում են տարիներ, մեծանում է կրտսեր եղբայր Սեկրեկը եւ պատահականորեն իմանում, որ ինքն ունի ավագ եղբայր, որը վաղուց ի վեր բանտարկված է Ալինջա ամրոցում։ Հասկանալի է, որոշում է՝ ինչ գնով լինի անպայման պետք է եղբորն ազատագրի գերությունից։ Գիշերով ընկնելով ճանապարհ՝ երեք գիշեր ու ցերեկ անընդհատ ձիավարում է, որպեսզի հասնի Ալինջա ամրոց։ Ընդ որում՝ նրա ճանապարհն անցնում էր Շամ հովտի կողքով, որը, համաձայն ծանոթագրության, գտնվում է «Նախիջեւանի եւ Ջուղայի միջեւ»։ Թե ինչպես է Սեկրեկը կարողանում գերությունից ազատում եղբորը, ներկա դեպքում այնքան էլ կարեւոր չէ, այլ ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ամբողջ էպոսում մեն միակ անգամ Էկրեկը փորձում է հակադրվել «գլուխներ կտրելն ու արյուն հոսեցնելը» քաջություն համարվող օղուզական բարոյականությանը, բայց, լսելով Թերս-Ուզամիշի առարկություն չընդունող պատասխանն ու տեսնելով մյուս ներկաների հանդիմանական հայացքները, անմիջապես տեղի է տալիս եւ որոշում զբաղվել ասպատակությամբ, որն անշուշտ ենթադրում էր նաեւ գլուխներ կտրելու եւ արյուն հոսեցնելու գործողություններ։ Ուշագրավ է նաեւ այն պարագան, որ թեեւ Էկրեկի ասպատակությունները տեղի են ունենում Հայաստանի տարածքում, ի մասնավորի պատմական Գողթն գավառում, բայց օղուզական բնակավայրերը նրանից այնքան հեռու են, որ եղբորն օգնության աճապարող Սեկրեկն ստիպված էր երեք գիշեր ու ցերեկ անընդմեջ ձիավարել։ Փաստորեն, համաձայն օղուզական էպոսի, օղուզ թուրքերը ներկայիս Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածք մուտք են գործել անհամեմատ ավելի ուշ։ Հետեւաբար անհիմն են ամենօրյա բոլոր բարբաջանքներն այն մասին, թե Նախիջեւանն ի սկզբանե պատկանել է օղուզ թուրքերին։ Այս կապակցությամբ միանգամայն տեղին է հիշել 2010թ. դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն միտքը, որ Ադրբեջանը մի կողմից նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձում է վիճարկել հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոց խաչքարերի հեղինակային պատկանելիության հարցը՝ պնդելով, որ հայկական ու հայատառ խաչքարերն իբր ադրբեջանական արվեստի նմուշներ են, իսկ մյուս կողմից ընդամենը հինգ տարի առաջ Ջուղայում վայրագաբար ոչնչացրեց գերեզմանատան հազարավոր խաչքարերը եւ նույն տեղում կառուցեց ռազմական հրաձգարան։

Ճիշտն ասած, երկար ժամանակ նման վարքագիծն ինձ թվում էր տարօրինակ ու զարմանալի, բայց, ընթերցելով օղուզական էպոսը, հասկացա, որ տարօրինակ ոչինչ չկա, որովհետեւ էպոսի սկզբից մինչեւ վերջ միալար հնչում է նվաճված վայրերում քրիստոնեական եկեղեցիները քանդելու եւ դրանց տեղում մզկիթ կառուցելու գաղափարը։ Հավատացած եմ, որ դժվար է գտնել աշխարհում մեկ ուրիշ էպոս, որտեղ քանդելու, ավերելու, արյունասիրության ու արյունռշտության մոլուցքն այնպիսի չափերի հասնի, ինչպիսին տեսնում ենք օղուզական էպոսում։
Այո՛, կարդալով օղուզական էպոսը՝ միանգամայն հասկանալի ու բացատրելի են դառնում թե՛ 1915թ. Հայոց Մեծ եղեռնը, թե՛ 1920թ. Շուշիի հայերի կոտորածը, թե՛ Սումգայիթում եւ Մարաղայում բոլորովին վերջերս տեղի ունեցած հայոց սպանդը, թե՛ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանային կացնահարությունը, թե՛ Ջուղայի հայկական խաչքարերի վայրագաբար ոչնչացումը Ադրբեջանի նախագահի անմիջական ղեկավարությամբ եւ թե՛ մարդասպաններին հերոսացնելու թուրք-ազերիական մերօրյա տեսական եւ գործնական մտածելակերպն ու գործելակերպը, որովհետեւ այդ են սովորել ու սովորում իրենց էպոսից։

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


07/09/2011