Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ



Ազգային բանակի մի քանի տասնյակ զորամասեր իրենց լավագույն ստորաբաժանումներին գործուղել են ճամբարային ավան՝ նախապատրաստվելու եւ մասնակցելու մեր երկրի անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին։ Այդ կարեւոր իրադարձությանը հավուր պատշաճի կներկայանան նաեւ փառապանծ զորահրամանատար մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի զինծառայողները, իսկ նրանք, ովքեր ընդգրկված չեն զորահանդեսի մասնակիցների կազմում, շարունակում են պարապել, հարստացնել գիտելիքներն ու կատարելագործել հմտությունները։
Գնդապետ Գեւորգ Ենոքյանը վաղ առավոտյան էր մեկնել հեռավոր կրակադաշտ՝ հետեւելու ՀՄՄ-1 եւ ՀՄՄ-2-ների նշանառու օպերատորների կրակային պատրաստությանը։ Երբ նա վերադարձավ, մեզ առաջարկեց կա՛մ մեկնել ուսումնական կենտրոնի մեկ այլ տեղամաս` հետեւելու տանկիստների մեքենավարմանը, կա՛մ էլ հրաձգարան՝ պայմանագրային սերժանտի դասընթացներում սովորողների կրակային պատրաստությանը։ Ընտրեցինք վերջինը, հաշվի առնելով, որ այն նոր համակարգ է մեր բանակում եւ որոշակի ուշադրության կարիք ունի։

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ

Պարապմունքը ղեկավարում էր գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ի. Ներսիսյանը, նրան օգնում էր վաշտի հրամանատար կապիտան Բ. Սարգսյանը։ Կատարվում էր երկրորդ ստուգողական վարժությունը. 25 փամփուշտ, հրաձգություն պառկած, ընթացքից, ծնկաչոք եւ կանգնած դիրքերից, տարբեր հեռավորությամբ բարձրացող, իսկ վերջում` նաեւ շարժվող թիրախների վրա։ Կրակի նախապատրաստվող ջոկերը, ստանալով զինամթերքը, գալիս էին ելման դիրք, իսկ մյուսները տարբեր ուսումնական կետերում եւ դաշտային դասարանում շարունակում էին պարապել, կրկնել-վերհիշել անվտանգության կանոնները։
-Ինչպես հայտնի է` մենք պատրաստում ենք դասակի հրամանատարներ եւ դասակի հրամանատարի տեղակալներ։ Ընդունելությունը կատարվում է ընտրությամբ` զինկոմիսարիատների եւ ԶՈՒ ԳՇ հանձնաժողովի կողմից,- ասաց փոխգնդապետ Ի. Ներսիսյանը։

Ի պատասխան մեր այն նկատառմանը, որ զորամասերում ոչ բոլոր պայմանագրայիններից են գոհ, փոխգնդապետ Ի. Ներսիսյանն ասաց.
-Մենք նույնպես մյուս զորամասերի մեր գործընկերների հետ զրուցում, քննարկում ենք այդ հարցը։ Այս համակարգը դեռ նոր է ներդրվել, այժմ մենք երրորդ խմբի հետ ենք աշխատում։ Կարծում եմ, այս փուլի շրջանավարտներից գոհ կլինեն: Այժմ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նրանց հոգեբանական պատրաստությանը։ Մարտական զորամաս գնալով` նրանք պետք է հոգեբանորեն նույնպես պատրաստ լինեն զինվորական ստորաբաժանում ղեկավարելուն, միայն մասնագիտական գիտելիքներին տիրապետելը քիչ է։

Փոխգնդապետ Ի. Ներսիսյանը նշեց, որ գումարտակի կուրսանտները բավական լավ են առաջադիմում, իսկ կրակային պատրաստությունից տասնութամյա եւ բուհեր ավարտած կուրսանտներն այս փուլում միջին արդյունքներ են ապահովում, այն դեպքում, երբ պայմանագրայինները մեծ մասամբ «լավ» եւ «գերազանց» գնահատականներ են ստանում։
-Մասնագիտությանը կատարելապես տիրապետելու` պայմանագրայինների ձգտումը շատ ավելի մեծ է, այդ հարցում նրանք շատ են տարբերվում պարտադիր ժամկետային ծառայության կուրսանտներից,- ասաց գումարտակի հրամանատարը։

***
Հրաձգությունը շարունակվում էր։ Իր սովորության համաձայն` գնդապետ Գ. Ենոքյանը մեկ այս, մեկ այն կրակողի կողքին էր եւ օգնում էր, որ նշանառությունը ճիշտ կատարեն։
Զրուցում ենք առաջադրանքը կատարած տղաների հետ.
-Կուրսանտ Սեւադա Առաքելյան, Սիսիանից եմ, ծառայել եմ բանակում, ուրիշ մասնագիտություն չունեմ։
-Կուրսանտ Արմեն Մելքոնյան. Ստեփանակերտից եմ, սովորում եմ տեղի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ծառայել եմ Մարտունու պաշտպանական շրջանում։
-Կուրսանտ Լեւոն Հովսեփյան. ավարտել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, հետո ծառայել եմ բանակում…
-Ես Ալեքսան Կարապետյանն եմ, Սիսիանից։
-Կրտսեր սերժանտ Մհեր Կարապետյան։ Ավարտել եմ կապի քոլեջ, բայց ուզում եմ ծառայել բանակում։
-Կուրսանտ Քաջիկ Կարապետյան։ Ես էլ եմ Սիսիանից։

***
Ջոկերից մեկը, ստանալով զինամթերք, պատրաստվում էր հրաձգության։ Այստեղ նույնպես տղաները ԼՂՀ-ից եւ Հայաստանի տարբեր մարզերից էին։
-Ովքե՞ր են ծառայության ընթացքում սահմանի պահպանություն կատարել,- հարցրի նրանց։ Պարզվեց` ծառայության մեծ մասն առաջնագծում են անցկացրել ստեփանակերտցի Սասուն Արզումանյանը, մարտունեցի Մհեր Ղարիբյանը, սիսիանցիներ Գեւորգ Գեւորգյանը եւ Աշոտ Հովհաննիսյանը, էջմիածինցի Հայկ Տոնոյանը։
-Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ է մարտական հերթապահությունը։ Այստեղ մենք նորից հատուկ պատրաստություն ենք անցնում, ամեն ինչը կրկին ուսումնասիրում,- ասաց սերժանտ Վարդան Գեւորգյանը։

***
Չխանգարելով թիրախների աշխատանքը ղեկավարող օպերատորին` ամփոփաթերթիկից արտագրեցինք գրանցված արդյունքներից մի քանիսը։ Միջինը «գերազանց» գնահատական էին ապահովել Անդրանիկ Հայրյանը, Դավիթ Քոսակյանը, Արմեն Աղեկյանը։ «Լավ» գնահատականի էին արժանացել Նարեկ Տոնոյանը, Արայիկ Համբարձումյանը, Դավիթ Ամիրջանյանը, Վահե Սուլեյմանյանը, Մհեր Ղարիբյանը, Սասուն Արզումանյանը, Մելսիկ Շուշանյանը, Սարո Գրիգորյանը…

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ

Մայոր Ա. Մինասյանը մոտոհրաձգային գումարտակի հրամանատար է.
-Մենք պատրաստում ենք «ՀՄՄ-1»-ի եւ «ՀՄՄ-2»-ի հրամանատարներ, նշանառու օպերատորներ եւ մեխանիկ-վարորդներ։ Ստորաբաժանումների կեսն այսօր հրաձգություն է կատարում, մյուս կեսի համար այժմ ձեռնամարտի պարապմունքի ժամ է։ Հրամանատարների դասակները համալրված են բուհեր ավարտած տղաներով, իսկ նշանառու օպերատորներն ու մեխանիկ-վարորդներն ունեն միջնակարգ կրթություն։ Վերջիններս այս ուսումնական փուլում 3-րդ կարգի համար 152 կմ վարում են կատարում։ Շուտով գումարտակը կունենա վարժասարք, եւ այս թիվն ավելի կմեծանա։ Ես գոհ եմ կուրսանտների առաջադիմությունից։ Բոլորն էլ բանիմաց, մատուցվող նյութը շուտ յուրացնող տղաներ են, կարգապահությունը նույնպես լավ է, լուրջ խախտումներ մինչեւ այժմ չեն եղել։ Իհարկե, ամեն ինչ ինքնաբերաբար չի ստացվում։ Մեծ աշխատանք են կատարում վաշտերի հրամանատարները՝ մայորներ Վ. Մսրյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Ղուլինյանը, դասակի հրամանատար կապիտան Ա. Սիմոնյանը,- ասաց մայոր Ա. Մինասյանը։

Կարեն Պետրոսյանը գումարտակի լավագույն կուրսանտներից է։ Ծնվել է 1988թ. Երեւանում, սովորել է N 125 միջնակարգ դպրոցում։ 2005թ. ընդունվել է ագրարային համալսարան, որն ավարտելուց հետո էլ զորակոչվել է բանակ։ Կարենի մայրը՝ Մարինա Պետրոսյանը, ազգային բանակի կենտրոնական հոսպիտալի վիրահատարանի ավագ բուժքույրն է։ Հարգանքը մեր բանակի, զինվորականների նկատմամբ նրանից է փոխանցվել որդուն։
-Մայրս միշտ ասում է, որ կարգապահությունը, հրամանների, առաջադրանքների ճիշտ կատարումն ամենակարեւորն է զինծառայության մեջ։

Գումարտակի հրամանատարն առանձնացրեց նաեւ մշտական անձնակազմից ջոկի հրամանատարներ կրտսեր սերժանտներ Արթուր Աղոյանին եւ Դավիթ Մկրտչյանին։ Արթուրը վարդենիսցի է, 23 տարեկան, բանակ է եկել Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետն ավարտելուց հետո։ Լավ ծառայելու համար նա մնացել է ուսումնական զորամասի հիմնական անձնակազմում։ Դավիթը Շիրակի մարզի Իսահակյան գյուղից է, ավարտել է գեղարվեստի պետական համալսարանը, մասնագիտությամբ քանդակագործ է։
-Ես ուզում եմ լուսանկարվել այս զինվորների հետ,- ասաց գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Մ. Մկրտչյանը։

***
Վաշտի հրամանատար մայոր Վ. Մսրյանի արդարամտության, զինվորների նկատմամբ հոգատարության մասին շատ էի լսել տարբեր ժամանակներում այստեղ սովորած կուրսանտներից, նրանց ծնողներից։
-Շատ շրջահայաց անձնավորություն է, առաջացող խնդիրները մինչեւ խորությամբ չուսումնասիրի, որոշումներ չի ընդունի,- ասաց գումարտակի հրամանատարը։

Մայոր Վ. Մսրյանը ծնվել է Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որն ավարտելով, նշանակվել է դասակի հրամանատար։ Ծառայության ընթացքում մայոր Վ. Մսրյանը պարգեւատրվել է «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալով, բազմաթիվ պատվոգրերով, թանկարժեք նվերներով, ամուսնացած է, ունի մեկ որդի։ Նրա վաշտը պատրաստում է «ՀՄՄ-1»-ի եւ «ՀՄՄ-2»-ի մեխանիկ-վարորդներ։ Այս տարվա առաջին ուսումնական փուլի ավարտական քննություններից վաշտն ստացել է «լավ» գնահատական։ Ուսումնական տասնչորս փուլերի ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները միշտ գոհացուցիչ արդյունքներ են ապահովել։ Մայոր Վ. Մսրյանը հաճախ է ընդգրկվում տարբեր զորամասերում քննություններ ընդունող հանձնաժողովների կազմերում, ինչը խոսում է այն մասին, որ մարտական պատրաստության վարչությունում նույնպես գնահատում են նրան իր մասնագիտական եւ մարդկային որակների համար։

***
Կուրսանտներ Արարատ Հովհաննիսյանը եւ Մարտիրոս Գրիգորյանն ուսումնառության երկու ամիսների ընթացքում արդեն իրենց դրսեւորել են լավագույն կողմերով եւ նկատվել հրամանատարների կողմից։ Արարատը Կոտայքի մարզի Գողթ գյուղից է, ծնվել է 1993թ.-ին։ 2010թ. ավարտել է միջնակարգը, իսկ մեկ տարի անց զորակոչվել։ Նա սովորում է նշանառու-օպերատորների վաշտում։ Մարտիրոսը Էջմիածնի Տարոնիկ գյուղից է, տասնութ տարեկան, ութերորդից դուրս է եկել դպրոցից եւ ընդունվել արհեստագործական քոլեջ, մասնագիտությամբ ավտոմեխանիկ է։ Մարտիրոսը նույնպես նշանառու օպերատոր է դառնալու։

***
Ձեռնամարտի պարապմունքն անցկացնում էր դասակի հրամանատար Արթուր Սիմոնյանը։ Թեման էր՝ «Ձեռնամարտի հնարքները՝ զենքով»։ Տասնմեկ տարրերից բաղկացած վարժությունը վաշտը կատարում է շատ վարժ։ Մի քանի փորձից հետո կապիտանն անցավ «հակառակորդի» ձեռքից զենքի բռնագրավմանն ու զավթմանը։ Կասկած չկա, որ մինչեւ մարտական զորամասեր տեղափոխվելը այս կուրսանտները ձեռնամարտի բավական շատ հնարքների կտիրապետեն։ Նշենք նաեւ, որ մայոր Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող գումարտակը լավագույնն է ճանաչվել առաջին ուսումնական փուլի արդյունքներով, իսկ մայիս ամսին գլխավոր ռազմական տեսչության ստուգումներից ստացել է «լավ» գնահատական։

ԲՈՒԺԿԵՏՈՒՄ

Մայոր Արթուր Ավետիսյանը զորամասի բուժծառայության պետն է։ Նա ծնվել է Էջմիածնի Արշալույս գյուղում, սովորել է Արմավիրի N 6 միջնակարգ դպրոցում։ 1990թ. նա ընդունվել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Ավարտելուց հետո ծառայության է անցել ազգային բանակում, սկզբում՝ որպես բուժկետի, իսկ 2001-ից` բուժծառայության պետ։

Անդրադառնալով «Լրագիր» օրաթերթի օգոստոսի 24-ի էլեկտրոնային տարբերակում «Արմավիրում 40 զինվոր հոսպիտալացվել է» հրապարակմանը, որի մեջ նշվում է, որ այս զորամասում, իբր, 400 (?) զինվոր հիվանդացել է աղիքային վարակի պատճառով, իսկ մոտ հինգ տասնյակն էլ, իբր, հոսպիտալացվել է, եւ դա, իբր, ջրից է եղել, մայոր Ա. Ավետիսյանն ասաց.
-Նման բան չի եղել, հրապարակումը կեղծ է, մենք մեր տիպային բուժկետում ունենք հիվանդներ` ոտքի վերքերով 9 հիվանդ, ջերմությամբ՝ 7, մեկի կոկորդն է կարմրած, եւ մեկի էլ ատամն է ցավում:

Մենք շրջեցինք հիվանդասենյակներում եւ տեսանք այդ հիվանդներին։ Այնուհետեւ մայոր Ա. Ավետիսյանը հավելեց.
-Հոսպիտալում ունենք չորս հիվանդ, որոնցից երեքը` աղիքային վարակով։ Նրանց վիճակն արդեն լավ է եւ սպասում ենք վերջին անալիզի արդյունքներին, որից հետո այդ զինվորները կվերադառնան զորամաս։ Զորամասի ջուրը մատակարարվում է Արմավիր քաղաքից։ Թեպետ ջուրն այնտեղ քլորացվում է, այնուամենայնիվ, մենք այն նորից ենք քլորացնում` օգտագործման համար բաց թողնելուց առաջ։ Յուրաքանչյուր տասը օրը մեկ ԶՈւ հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության մասնագետներն ստուգում են ջրի որակը։ Եվ անհնար է, որ ջրից մեր զորամասում աղիքային վարակներ առաջանան։ Նույնիսկ 40, էլ չեմ ասում` 400 զինվորի վարակվելն արդեն լուրջ դեպք կհամարվեր, եւ անհնար կլիներ փաստը թաքցնել։ Այս շոգին նման հիվանություններ կարող են առաջանալ այցի եկած ծնողների բերած շուտ փչացող սննդամթերքից… Յուրաքանչյուր տեսակցության ժամանակ մենք զինվորներին, կուրսանտներին եւ նրանց այցելուներին զգուշացնում ենք, որ տանից, հատկապես հեռու տեղերից բերված սնունդ չուտեն։ Իսկ ընդհանրապես, զորամասում ամեն ինչ մշտապես ստուգվում, վերահսկվում է։ Զորամասի ո՛չ ջրից, ո՛չ էլ սննդից վարակներ չեն կարող լինել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ զորամասում, բացի նշածս առանձին դեպքերից, աղիքային վարակներ չկան, եւ զինվորի ոչ մի ծնող էլ խուճապի մատնված չէ, ինչպես պնդում է «Լրագրի» անտեղյակ հոդվածագիրը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/09/2011