ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման աշխատանքները կազմակերպելիս զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու և անձնակազմի պատասխանատվությունը բարձրացնելու համար գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հավաքակայանում զորամասերի հրամանատարների, հրամանատարների սպառազինության գծով տեղակալների, տեխնիկական մասի ծառայությունների պետերի, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների, նրանց տեղակալների հետ անցկացվեց աշխատանքների կազմակերպման և իրականացման ցուցադրական պարապմունք:
Պատշաճ տեսքի բերված հավաքակայանում բացազատված էին բազմաթիվ ուսումնական կետեր, որոնցում ցուցադրված էին թրթուրավոր զինտեխնիկա, բանակին սպասարկող ավտոմոբիլային տեխնիկա, զենք, զինամթերք և այլն:
Յուրաքանչյուր տեղամասում ուսուցանվողներին զորամասի ծառայությունների պետերը մանրակրկիտ բացատրում էին թեմաները՝ «Հավաքակայանի տարրերն ու շինությունները», «Հավաքակայանի հերթապահության, պահպանության հանձնման կարգը», «Տեխնիկայի կայանատեղոի կահավորում, տեխնիկական անկյուն, հակահրդեհային վահանակ, տեխնիկայի օրինակելի արտաքին տեսք, ներքին կահավորում» և այլն:
Սպառազինությանն ու տեխնիկային առնչվող այսպիսի պարապմունքներն, անշուշտ, կարևոր նախապայման են զորավարժությունների ժամանակ բարձր արդյունքներ գրանցելու համար:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ