Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆՀուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ  Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ ոլորտների: Դավիթ Տոնոյանը նշել է նաև երկու երկրների պաշտպանական քաղաքականության և պաշտպանական համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների միջև ռազմաքաղաքական երկխոսության կանոնավոր անցկացման կարևորությունը:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցությունը  սահմանված ոլորտներում և հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած ուղղություններով խորհրդատվական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը` ներառյալ պետական գնումների օրենսդրությանը վերաբերող ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


26/07/2018