ՄԻՆՉԵՎ ԳԱ ԱՐԵՎԱԳՈՒՅՆԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Մտածում էի, որ մեծանամ, տեսնելու եմ աշխարհի բոլոր գույները: Ես գույներ էի հավաքում: Ինձ համար ամեն ինչ գույն էր` թիթեռը, ծովը, մորս շրջազգեստը, շոկոլադի թուղթն ու պապիս զնգզնգացող մեդալները: Երեք տարեկան էի, երբ թերթի կրպակի ցուցափեղկին իրար կողքի շարված գույներ տեսա:
-Էս ի՞նչ է,- հարցրի մորս:
-Ջրաներկ է,- պատասխանեց,- վրձինը թաթախում ես մեջը, հետո գույնը քսում թղթին ու նկարում:
-Ուզում եմ դրանից,- ասացի՝ աչքս ջրաներկից չկտրելով:
-Մոտս փող չկա,- ասաց մայրս,- հիմա գնանք տուն, վաղը կառնեմ:
Ինձ թվում էր, եթե աչքս կտրեմ ջրաներկի տուփից, հեքիաթը կչքանա: Ամուր կառչել էի կրպակի փեղկին ու լալիս էի աղիողորմ, փորձելով արցունքների միջից չկորցնել ջրաներկի գույնզգույն կլորները: Կրպակի աշխատողը ջրաներկը նվիրեց ինձ:… Ու մեր տանը ամեն ինչ գունավորվեց:
Երկրաշարժից հետո երկար ժամանակ Վանաձորի բնակիչները պատսպարվում էին տնակներում: Վախենում էին վերադառնալ իրենց բնակարանները:
Տնակներում գույները քիչ էին: Ու ես առիթը բաց չէի թողնում, որ տուն վազեմ: Մի օր մայրս մտավ ներս ու …քարացավ: Սրահի հատակին մի ամբողջ թաղամաս էր պատկերված` Սուրբ Էջմիածինը՝ հարակից տներով, ծառերով, փողոցներով ու պուրակներով: Նա մի պահ գլխի չընկավ, որ հատակին իր գծագրական թղթերն են, որոնց վրա ամիսների տքնանք կար: Զմայլված նայում էր: Հետո սկսեց լաց լինել ու ծիծաղել արցունքների միջից:
Մի օր ես հասկացա, որ հազար կյանք էլ ապրես, չես կարող տեսնել աշխարհի բոլոր գույները: Նաեւ հասկացա, որ իմ առաքելությունը աշխարհը ներկելն է, գույներ քամել այնտեղ, որտեղ գորշ է, գունատ: Գույներ քամել վհատության, հիասթափությունների, անհուսության վրա:
Ես երեխաներին նկարել էի սովորեցնում: Առավել ճիշտ, ոչ թե նկարել էի սովորեցնում, այլ պարզապես մենք միասին էինք նկարում: Որովհետեւ ոչ ոքի չես կարող նկարել սովորեցնել, ինչպես չես կարող սովորեցնել զգալ գույները, կամ աշխարհը տեսնել այնպես, ինչպես դու ես տեսնում: Նկարելուց զատ, մենք միասին պատկերում էինք տառերը՝ Ա-ի, Բ-ի, Գ-ի կորերը` զարդերի պես:
…Նարեկը ոչ մեկին նման չէր: Պարզապես Նարեկը բացառիկ էր: Փոքրիկ տղայի բժշկական թղթերում գրված էր, որ նա տառապում է «դաուն» հիվանդությամբ: Դաուն… Այսինքն` ցածր:… Ինչի՞ց ցածր: Ինչո՞ւ: Ես շատ էի սիրում Նարեկին: Ես նրան բացառիկ էի ասում դաունի փոխարեն: Նարեկը կա՛մ չափից դուրս խաղաղ էր, կա՛մ չափազանց ակտիվ: Երբեմն` բոլորովին անընկալունակ, երբեմն ապշելու աստիճանի խելացի: Մի անգամ ասաց. «Ես չարություն եմ անում, որ տնօրենը հասկանա, թե որքան ես դու չարչարվում իմ պատճառով»:
Երբ ես առաջին անգամ գրեցի Ա տառը ու հանձնարարեցի Նարեկին գրել ինձ պես, Նարեկը մի կլոր նկարեց, մեջը՝ կետ:
-Քո գրածն ի՞նչ կապ ունի իմ գրածի հետ,- հարցրի:
-Նույնն է,- ասաց:
Օրեր շարունակ ես գրում էի Ա տառը, իսկ Նարեկը կլոր էր նկարում, մեջը՝ կետ ու գոռում էր, որ իմ գրածն ու իր գրածը նման են իրար: Նարեկն ինձ սովորեցրեց հասկանալ, որ եթե ի վիճակի չես կարդալու կլոր մեջը կետ տառը, ապա գոնե ընդունիր նրա գոյությունը: Սա աշխարհի հետ հարաբերվելու ամենակարեւոր գաղափարն է: Հետո, երբ դասակի հրամանատար էի ու զրուցում էի զինվորներիս հետ, հիշում էի Նարեկի Ա տառը ու մտածում, որ հրամանատարը դատապարտված է վերծանելու կլորն ու մեջտեղի փոքրիկ կետը…
Այս կտավը իմ ես-ի ու իմ կենսագրության վերացարկումն է: Ես սիրում եմ վերացարկված ասելիքը, որովհետեւ այստեղ ենթագիտակցությունն ավելի ընդգծված է, քան քո գիտակցված ասելիքը եւ հազարավոր անբացահայտ հղումներ ունի մարդուն, հազարավոր շերտեր` ամեն մեկին հասանելի իր խորաթափանցության չափով:
Տեսե՛ք, այս գույները կարող են աններդաշնակ թվալ, բայց սրանք իմ կտրուկ անցումներն են: Վայրկյանի մեջ ես կարող եմ կյանքս գլխիվայր փոխող որոշումներ կայացնել` առանց երկվության, առանց կասկածի: Այսպես ես լսեցի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ աղջիկներին ռազմական կրթություն տալու մասին եւ ուզեցի զինվորական դառնալ: Ես էությամբ փորձարար եմ, չեմ վախենում նորամուծություններից, նույնիսկ, երբ դրանք չունեն հաջողության նախնական երաշխիքներ: Ես լիդեր չեմ, տեսե՛ք, այդտեղ չկա առանձին շեշտված գույն, ես կազմակերպիչ եմ: Ներդաշնակող: Զգո՞ւմ եք կտավի համանվագը: Այս անցումներն արտաքուստ են բաժանված, բայց ունեն ամուր ներքին միասնություն, ինչպես խոր կապ կա իմ նկարչական կրթության, զինվորական կրթության եւ իրավաբանական կրթության միջեւ: Ես նկարչուհի-մանկավարժ եմ, կադրային զինվորական, իսկ մագիստրոսի աստիճան եմ ստացել Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում: Ե՛վ նկարչության մեջ, ե՛ւ զինվորական գործում ես հասել եմ կանոնիկության, կանոնը ազատության տարրական ձեւն է: Ամենամեծ քաոսում անգամ կանոն կա, պարզապես պիտի տեսնել այն:
Ես գերազանցիկ եմ: Իմ գույները մաքուր են, ամուր, զրնգուն: Ես միշտ ձգտում եմ առավելագույնին: Ես մոլեռանդորեն նպատակասլաց եմ, դժվարություններն ինձ լիցքավորում են: Ռազմական համալսարանում սովորելիս առաջին վազքի ժամանակ ինքնազգացողությունս վատացավ, հետո ամենաարագ վազողն էի: Ես գույներով եմ մտածում, ավելի հեշտ կնկարեի, քան բառեր կհագցնեի ապրումներիս: Բայց կփորձեմ: …Ընկերությունն ինձ համար կոմուֆլյաժի գույն ունի: Առավոտը շարահրապարակում շարված զինվորների ներկայությամբ դառնում է արծաթագույն, գիշերը զորանոցում քնած զինվորներիս շնչառությունը ծիրանագույն է, իսկ հայրենիքը զորամասի լուսամուտից երեւացող գյուղի պատկերն ունի, որ նկարեցի մի օր ու ցուցադրեցի բանակի տոնին Վանաձորի մշակույթի պալատում:
…Իմ աստեղային պահը Ծիծեռնակաբերդի բարձունքում էր, երբ ես ու կուրսանտ ընկերներս ռազմական համալսարանն ավարտելու կապակցությամբ զինվորական առաջին կոչումն ստացանք երկրի նախագահից, իմ ամենամեծ խոստումը նույնպես բանակի հետ է կապված: Ռազմական համալսարան ընդունելության քննության ժամանակ ես Դավիթ Տոնոյանին ասացի` մի օր հպարտանալու եք ինձնով՝ ազգային բանակի սպա Անի Ժամհարյանով: Չգիտեմ՝ մեր նախարարը հիշում է իմ խոստումը, թե ոչ, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ շատ եմ չարչարվել, որ խոստումս կատարեմ: Ու շարունակում եմ ջանալ: Զորահանդեսին, երբ անցնում էի զորքիս հետ, տրիբունայից Դավիթ Տոնոյանը ժպտաց ինձ: Ես ձգեցի պատվի առած ափս:
Բանակում ես մերժել եմ մենակության գույնը: Որովհետեւ ես ունեմ իմ ծառայակից ընկերներին: Գիտե՞ք` ինչո՞ւ են իմ զինվորներն այդքան լավը: Ես ընդամենը մի բան եմ արել` բարձրացրել եմ նրանց արժանապատվությունը ու ինքնահարգանքը եւ տեսել եմ, թե ինչպես են նրանք վայրկյան առ վայրկյան լցվում առաքինության գույներով: Մի օր ես կնկարեմ, թե ինչպես էինք ես ու զինվորս նվեր պատրաստում նրա ընկերուհու համար, ու վերնագիրը կդնեմ «Մտերմություն»:
Իմ հավատքը… Զինված ուժերի հոգեւոր առաջնորդության 20-ամյակի կապակցությամբ ես նկարեցի մի կտավ, որն անվանեցի «Աշոտ Երկաթի խաչը»: Մենք մեր հավատքի խաչը մեր ուսերին չենք կրում, այլ պարզել ենք սրի պես: Մեր ճակատագրի պարտադրանքով: Իբրեւ խաղաղության խորհրդանիշ:
Տղաս տասը տարեկան է, ինքն իրեն կոչում է Արամ Ա, ուզում է գնդի հրամանատար դառնալ ու շատ լավ նկարում է: Զինված ուժերի հոգեւոր առաջնորդության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսում ցուցադրված էր նաեւ տղայիս նկարներից մեկը, որն անվանել էր «Եռասերնդի ուժը»: Պապը, որդին, թոռը: Թոռան բարուրը սպիտակի փոխարեն կանաչ էր` զինվորական համազգեստի գույնի: Մեր բանակը, մեր եկեղեցին, մեր հայրենիքը: Վեհափառ Հայրապետը շատ հավանեց նկարը, ու տղաս այն նվիրեց Ամենայն Հայոց Հայրապետին:
Իմ «Անհավասարների հավասարություն» կտավը ցուցադրվեց երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսում: Այն իմ հոգու ճիչն էր: Տիեզերքը արարվել է սիրուց ու ներդաշնակությունից: Վերեւն ու ներքեւը մարդիկ են հորինել` իրենք իրենց հեռացնելով սիրո տիրույթներից:
Ես մերժել եմ սեւը: Սեւը թվացյալ է, խաբկանք: Եթե տարրալուծեք իմ սեւի բաղադրությունը, կտեսնեք, որ նրա մեջ տասնյակ գույներ կան: Ու նրանք մի օր կծավալվեն:
Ես սպասում եմ արեւագույնին: Գուցե այն մի փոքրիկ կետ է սեւի մեջ, ինչպես Նարեկի կետը դատարկ կլորում: Բայց մենք` ես ու Նարեկը, հենց այդ կետին ենք հավատում: Ու հավատալու ենք, մինչեւ գա Արեւագույնի արքայությունը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #4 (1251) 25.07.2018 - 31.07.2018, Բանակ և հասարակություն