ՄԵ՛Ր ՀԵՐԹՆ Է ՀԻՄԱ…
Զորակոչի նախապատրաստական եւ իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով՝ անձնակազմի հետ աշխատելու փորձ ու մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիկների ընդունման, տեղակայման ու ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձեւավորվել են խմբեր:
Պաշտպանության բանակի գումարտակներից մեկում ենք: Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Լալայանն ու վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Իսաբեկ Գաբրիելյանը դիմավորում են նորակոչիկների հերթական խմբին: Անհատական զրուցում են բոլորի հետ անխտիր, հետաքրքրվում՝ ինչ խնդիրներ ունեն, ինչ մտահոգություններ. տարբեր խառնվածքի, տարբեր մտածելակերպի, տարբեր դաստիարակության ու կրթական մակարդակների երիտասարդներ են, պետք է լավ ճանաչել նրանցից յուրաքանչյուրին:
Նոր զորակոչված տղաներն աստիճանաբար հարմարվում են զինվորական կյանքին՝ առավոտ վաղ արթնանալ, ճիշտ քայլել, ճիշտ կեցվածք, արդեն սովորել են համազգեստը, կոշիկը կրելու կանոններն ու նրբությունները…
Զինվորական կյանք է, ամեն ինչ կանոնակարգված՝ ուտել, քնել, հանգստանալ, պարապել ըստ զինվորական ժամանակացույցի:
Աջ դարձ, ձախ դարձ…, ու այսպես քայլ առ քայլ ավելի հղկված, հստակ է դառնում նրանց յուրաքանչյուր շարժուձեւը, այժմ բոլորովին չեն զիջում փորձառուներին:
Արդեն ծանոթացել են օրվա կարգացուցակին, զորամասի տարածքին, ու երբ նոր համալրում են բերում, իրենք արդեն քթի տակ ժպտալով մեկմեկու ասում են՝ «մալադոյներն եկան»:
Իսկ իրենցից առաջ եկածներն այս պահին հրաձգարանում են՝ մինչեւ երդման արարողությունը դեռ պետք է կրակեն, քթներին առնեն վառոդի հոտը, ականջները վարժվի կրակոցի ձայնին: Զինվորանում են տղերքը…
♦♦♦
Զրուցում եմ ընդամենը մի քանի օր առաջ բանակ զորակոչված տղաների ՝ մեր նորաթուխ զինվորների հետ: Հովհաննես Իսրայելյանը Շիրակի Ջրառատ գյուղից է:
-Զորամասում մեզ շատ լավ ընդունեցին, շատ անմիջական ու սրտաբաց: Երկու տարի այստեղ ենք ծառայելու, պետք է շուտ հարմարվենք:
-Արդեն ընտելացել եմ,- ասում է նորխարբերդցի Նորայր Մկրտչյանը: -Դժվարությունները տղաների համար են, կհաղթահարենք. կյանքում ինչն է հեշտ որ:
Նարեկ Դադալյանի համար էլ զինվորական կյանքը անծանոթ չէ.
«Աչք եմ բացել, համազգեստ տեսել: Հայրս զինվորական է, մասնակցել է Արցախյան պատերազմին, ապրիլյան դեպքերին: Արցախյան կռվի ժամանակ քեռիս՝ Կարեն Դադամյանն է զոհվել: Զինվորի համազգեստը մեծ պատասխանատվությամբ եմ կրում: Չի բացառվում, որ հետագայում զինվորականի ճանապարհն ընտրեմ:
-Իմ հայրն էլ է Արցախյան պատերազմի մասնակից,- զրույցին միանում է Գեւորգ Մելքոնյանը (Մարտունի) հիմա ծառայում եմ այնտեղ, որտեղ հայրս տարիներ առաջ իր մարտական ընկերների հետ կռվել է ու մի լավ դաս տվել թշնամուն: Կծառայեմ պատվով ու ամուր կպահեմ հորս, նրա մարտական ընկերների եւ ինձնից առաջ ինձ նման ծառայած զինվոր տղերքի ամուր պահած հողը… Մեր հերթն է հիմա…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Ազգային բանակ