ԱԲՐԱՀԱՄ ՊԱՊԻ «ՊՐՈՅԵԿՏԸ»
Սարգիս Գեւորգյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկուսուկեսամյա խմբի առաջին 33 շրջանավարտներից մեկն է: Խումբը կազմված է Հայաստանի պետական բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող այն տղաներից, որոնք ցանկանում եմ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնել որպես դասակի հրամանատար` սպայի կոչումով, երկուսուկես տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելով զինվորական դասընթացների: Ուսումնառության ավարտին երկուսուկեսամյա խմբի շրջանավարտները ստանում են «լեյտենանտ» զինվորական կոչում, տալիս զինվորական երդում եւ, վիճակահանությամբ ընտրելով գալիք ծառայության վայրը, մեկնում զորամասեր: Նրանք պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում վարձատրվում են: Խմբի շրջանավարտների ծառայությունը, ի տարբերություն «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչվածների, տևում է երկու տարի:
Սարգիս Գեւորգյանը Շիրակի մարզի Արևշատ գյուղից է: Միջնակարգ դպրոցն ու ճարտարագիտական համալսարանն ավարտել է գերազանցությամբ: Օգոստոսի 6-ին նա մեկնեց մարտական հերթապահություն կատարող զորամաս՝ ստանձնելու իր դասակի հրամանատարությունը:
-Սարգի՛ս, այն զորամասը, որտեղ ծառայելու ես, պաշտպանում է առաջնագծի ամենավտանգավոր հատվածները: Դիրքեր կան, որոնք պարզապես հակառակորդի քթի տակ են: Հոգեբանորեն պատրա՞ստ էիր այսպիսի ընտրության: Գո՞հ ես:
-Նա, ով հոգու խորքում փայփայում է հեշտ ծառայելու երազանքը, բնականաբար, այս ընտրությունից գոհ չէր լինի: Ես շատ լավ գիտեմ, թե ուր եմ գնալու, և ինչ դժվարություններ են սպասվում ինձ: Ու խոսքը բնավ էլ կենցաղային խնդիրների կամ սեփական անվտանգության մասին չէ. ես դասակ եմ ղեկավարելու, իմ զորքի հետ կատարելու եմ մարտական հերթապահություն: Կարծում եմ` շատ կարեւոր է, թե դու ի՞նչ խնդիր ես առաջարկել ինքդ քեզ: Եվ ի՞նչ զոհողությունների ես պատրաստ դրանք լուծելու համար:
– Բոլորիս խնդիրները՝ ծառայողական պարտականությունները, ամրագրված են օրենքով:
-Ես պիտի անառիկ պահեմ ինձ վստահված սահմանն ու ապահովեմ զինվորներիս ֆիզիկական անվտանգությունը: Ես իմ հավատամքը ունեմ, իմ չափանիշները…Եթե այս երկու խնդիրը չես լուծել միաժամանակ, ուրեմն՝ որպես հրամանատար, ձախողվել ես:
Առանց ձեւականության մի բան ասեմ. էն հայտարարությունները, թե՝ զինվորի սնունդը պետք է լինի ճոխ, կոշիկը հարմար, անկողինը փափուկ… եւ այլն, մի տեսակ ապակողմնորոշում են երիտասարդներին, զրկելով նրանց զինվորական ծառայությունը հանուն հայրենիքի ու ժողովրդի` վտանգներով ու դժվարություններով լի, տղամարդկային կամքի ու արժանապատվության փորձություն համարելու մտքից: Մենք անկախության տարիներին, հետպատերազմյան շրջանում ինչ-որ բան սխալ ենք արել, եթե հայ տղամարդիկ առաջնագծի ամենաթեժ կետում, ամենադժվար զորամասերում ծառայելու համար չեն մրցում իրար հետ: Ու այդ մրցույթում հաղթելը չեն համարում իրենց ամենամեծ հաղթանակը:
-Լավ էլի, 18-20 տարեկան երեխաներ են, դեռ երեկ դպրոցական նստարանին էին, այսօր պիտի մրցե՞ն վտանգավոր առաջնագծում ծառայելու համար:
-Մի բան առաջարկեմ. մրցույթ անցկացրեք՝ առաջին կարգի զորամասում ծառայելու համար, այն դարձրեք տղամարդկային ուժի, պատվի խորհրդանիշ, ամեն մեկին թույլ մի տվեք ծառայելու վտանգավոր առաջնագծում, թող դա լինի բացառիկ հզոր տղերքի մենաշնորհը: Ու կտեսնեք, թե որքան կմեծանա ցանկացողների թիվը: Թե չէ` հարմար կոշիկ, համով ճաշ, փափուկ շապիկ…
-Քո զոհողությունները սեփական կշիռը բազմապատկելու համա՞ր են, թե՞ հանուն հայրենիքի…
-Շատ անկեղծ ու դիպուկ էր … շատ լավ հարց էր: Ես Սարգիս Գեւորգյանն եմ, 95-ամյա Աբրահամ Գեւորգյանի վերջին` 27-րդ թոռը: Եվ միանգամայն բնական մղում է, որ ուզում եմ իմ առաքինություններով, ձեռքբերումներով, իմ հաջողություններով շահել Աբրահամ պապի ամենանշանավոր, ամենահարգված թոռը լինելու իրավունքը: Ձեր բառերով ասած՝ սեփական կշիռը բազմապատկելու միջոցներից առաջինը ու ամենակարեւորը հայրենասիրությունն է, քո վերաբերմունքը հայրենիքի պաշտպանության հանդեպ: Իմ կարծիքով` դժվար է տարանջատել տղամարդու պատվախնդրությունը հայրենասիրությունից: Դրանք ուղղակի ներհյուսված են:
-Գիտե՞ս՝ ի՞նչ եմ մտածում. ինչո՞ւ չասացիր` ես իմ հոր միակ որդին եմ, այլ` Աբրահամ պապի 27-րդ թոռն եմ: Ներզգացողությունս հուշում է, որ Աբրահամ պապը առանձնահատուկ դեր ունի քո կյանքում:
-Երբ ասում եմ՝ հայրենիք, անմիջապես աչքերս լցվում են տուֆագույնով…
-Տուֆագույնը ի՞նչ է…
-Իմ հայրենիքը տուֆագույն է, տուֆ քարի յուրօրինակ վարդագույնը: Երբ ասում եմ` հայրենիք, գլխիս մեջ նկարվում է իմ միհարկանի տուֆաշեն տունը: Իմ ու պապիս սենյակը, այգուն նայող լուսամուտով: Ես, ինչքան ինձ հիշում եմ, պապիս կողքին եմ քնել: Ամեն օր արթնանալիս առաջինը Աստծո լույսն էի տեսնում, հետո պապիս դեմքը, հետո մեր այգին` լուսամուտից: Գարնանը՝ ծաղկած, ամռանը` հյութալի պտուղներով բեռնված, աշնանը` գույնզգույն, ձմռանը` փաթիլազարդ…
-Տուֆագույն, փաթիլազարդ… Դո՞ւ ես հորինում այդ բառերը:
-Պապս: Նա միշտ խոսում էր: Կարծես թե` ամենաառօրյա բաների մասին, բայց խոր իմաստներով ու խորհուրդներով: Մենք ընկերություն էինք անում: Մեր օրն սկսվում էր այգուց: Պապս ստիպում էր, որ գերագույն խնամքով կատարեմ ինձ հանձնարարված գործը, առանց բացթողումների, առանց թերության: Ու այս հատկանիշը տարիների ընթացքում դարձավ բնավորության գիծ ու դրսեւորվեց բոլոր հարաբերություններում: Պապս ինձ հոգատարություն էր սովորեցնում շիվի, ծաղկի, բողբոջի հանդեպ: Չվնասել, չփչացնել, չխաթարել…
Տասը տարեկանում պապս ինձ ընկերասիրության, պատվախնդրության դասեր էր տալիս: Ես նրան պատմում էի օրվա անցուդարձը, իսկ նա ինձ համար «ջոկում էր» ճիշտն ու սխալը, գծում թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը:
-Էլի նույն սենյակո՞ւմ էիք քնում:
-Այո՛: 17 տարեկանում պապիս հետ քննարկում էինք աղջիկներին ու ապագա զինծառայության հնարավոր դժվարությունները:
-Այդ ժամանակ Աբրահամ պապը պիտի որ 90-ն անց լիներ: Նրա երիտասարդության աղջիկները ոչ մի ընդհանուր բան չունեն այսօրվա աղջիկների հետ: Ի՞նչ խորհուրդ պիտի տար քեզ՝ իր 30-ականների փորձառությամբ:
-Դուք պապիս չեք ճանաչում: Նրա խորհուրդները միշտ առաջադեմ են ու տրամաբանված: Պապս ասում է` կա մի անբացատրելի բան, որ կոչվում է ներդաշնակություն: Մարդիկ կարող են շատ տարբեր լինել բնավորության առանձին գծերով, բայց այդ տարբերությունները կարող են ձգել իրար: Կին ընտրելիս զգա այդ ձգողականությունը: Պապս ասում էր` եթե ուզում ես հարգված լինել, պիտի հարգես: Շատ մարդիկ կան, որոնց կարծիքով՝ հարգանք նվաճելու ամենալավ միջոցը մյուսներին վերեւից նայելն է, ճնշելը, վախեցնելը… Սա կարճ ճանապարհ է ու դատապարտված է ձախողման:
–Հիմա էլ են շատերն այդպես մտածում:
-Շուտով ես կգնամ զորամաս, կդառնամ դասակի հրամանատար ու միշտ կհիշեմ հարգանք նվաճելու պապիս բանաձեւը` խորապես հարգելով իմ յուրաքանչյուր զինվորի արժանապատվությունը, անհատականությունը, կերպն ու յուրահատկությունը:
Պապս ասում է` ընկեր լինել նշանակում է տալ: Ես 5-6 ընկեր ունեմ: Մեր ամենակարեւոր ընդհանրությունը իրար օգնելու պատրաստակամությունն է: Ու ես հենց սա եմ սովորեցնելու զինվորներիս` չքննարկել զինակցի թերություններն ու առավելությունները, չսակարկել` արժանի՞ է նա, թե՞ ոչ, պարզապես նվիրվել, ինչպես կնվիրվես ամենաարժանավորին:
Շատերն ասում են, որ ամենակարեւորը մարդու գեներն են, ես պապիս ու իմ օրինակով մեծ տեղ եմ տալիս դաստիարակությանը: Ես պապիս «պրոյեկտն եմ», իմ մայրն է ինձ ծնել, բայց ես պապիս արարումն եմ: Ու սա ասում եմ հպարտությամբ, որովհետեւ նրա ձեռքին կարծր, չենթարկվող քար է եղել:
-Կարծր քա՞ր… Բայց գերազանցիկ ես եղել, չէ՞: Քո կենսագրության մեջ գրված էր, որ օլիմպիադաների ես մասնակցել, փայլուն առաջադիմություն ես ունեցել:
-Բավակա՞ն է, եթե ասեմ, որ մեր դպրոցում տղամարդ ուսուցիչ չկա, որ ինձ ծեծած չլինի: Երբ ես ուզում էի ծանրամարտով զբաղվել, պապս հարցրեց` ինչի՞դ է պետք: Որ ուժեղ լինեմ ու կարողանամ պաշտպանել ինձ` պատասխանեցի: Պապս ներողամիտ ժպտաց, հետո ասաց քամահրանքով` ընդամե՞նը: Իսկ ես մտածում էի, որ ուրիշներին պաշտպանելու համար ես ուզում ուժեղանալ: Եթե այս փոքրիկ երկխոսությունը չլիներ, ես հաստատ ծանրամարտի Հայաստանի գավաթակիր եւ ուսանողական խաղերի չեմպիոն չէի դառնա:
-Սարգի՛ս, երկու տարի անց փառքով ու պատվով վերադարձիր պապիդ մոտ: Սա է իմ մաղթանքը քեզ զորամաս ճանապարհելիս:
-Հա՛, պապս խոստացել է իր ձեռքով պսակել ինձ: Դեռ պիտի ապրի: Երբ զգամ պապիս ասած տարբերությունների ձգողականությունը, կամուսնանամ: Բայց վերադառնալ չեմ խոստանում, որովհետեւ մտածում եմ զինվորական կարիերայի մասին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #6 (1253) 8.08.2018 - 14.08.2018, Ազգային բանակ