Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ԿԱՌՉԱԾ ՀՈՂԻՆ



ԱՄՈՒՐ ԿԱՌՉԱԾ ՀՈՂԻՆԶինվորական երդման հանդիսավոր արարողություն է գնդապետ Կարեն  Ջալավյանի հրամանատարությամբ  գործող զորամասում: Հարազատ-բարեկամ երկար ճանապարհ են կտրել, որ մասնակցեն իրենց զավակների երդման արարողությանը. նրանց զորակոչվելուց հետո անհամբեր սպասել էին այս օրվան,  օրերը  հաշվել մոտալուտ հանդիպման:

Զորամասում  նորակոչիկները վերջին  շտկումներն են անում, որ կատարյալ տեսք ունենան, ուղղում են համազգեստը,  ձգում գոտին, փայլեցնում կոշիկները: Ամեն ինչ անթերի պետք է լինի՝ զինվորականին վայել:

Անդրեյ Վարդանյանը  երդման  տեքստն  է մի վերջին անգամ կրկնում: Պյատիգորսկից է եկել.

-Երդման բառերը ռուսերեն եմ գրել ու անգիր արել, բայց իմ մայրենի լեզվի տառերը անպայման պետք է սովորեմ: Վստահեցնում եմ՝ մինչև զորացրվելս  մայրենիով  գրել-կարդալ կկարողանամ, տղերքն էլ կօգնեն՝ շուտ սովորեմ:

Վրեժ  Սարյանը Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքից է: Նա  էլ հայերեն  հասկանում է, բայց դժվարանում է պարզ արտահայտվել.

-Հայկական միջավայրը կնպաստի, որ արագ  սովորեմ,- ասում է ռուսերեն,- եկել եմ  հայրենիքիս ծառայելու, չէի կարող չգալ:  Ավագ եղբայրս  էլ է «Եղնիկներում» ծառայել: Ես էլ նրա պես պատվով կծառայեմ:

ԱՄՈՒՐ ԿԱՌՉԱԾ ՀՈՂԻՆԵրդման արարողությունը սկսվում է Տերունական աղոթքով, այնուհետեւ զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների տակ հրապարակ են բերում զորամասի մարտական դրոշը: Հայրենիքի պաշտպաններն ամուր ու ձիգ կանգնած են շարքում:

Զորամասի հրամանատարը` Արցախյան պատերազմի թոհուբոհն անցած, Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից Կարեն Ջալավյանը,  ողջունում  է ներկաներին, ապա դիմում նորակոչիկներին. «Այսօր ձեզ է վստահված պահպանելու-պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, սահմաններ, որ գծվել են բազում քաջորդիների՝ ձեր պապերի, ձեր հայրերի, ձեզ հասակակից զինվոր տղաների  արյան գնով:  Մենք՝ ապրողներս, պետք է շարունակենք  մեր զոհված ընկերների կիսատ թողած գործն ու հասցնենք հաղթական ավարտի:

Անցյալ դարավերջին, երբ արցախյան խաղաղ պահանջը՝ վերամիավորվել մայր Հայաստանին, խաղաղ ճանապարհով լուծել չհաջողվեց, թևակոխեց ռազմական  փուլ, մեր ավագ սերունդը՝  ձեր պապերը, ձեր հայրերը հակառակորդին մարտի դաշտում ստիպեցին ծնկի գալ և զինադադար խնդրել: Դա այն սերունդն էր, որը թեև չուներ կանոնավոր բանակ, որսորդական հրացաններով էր զինված, բայց կարողացավ ձախողել հակառակորդի բոլոր պլանները:

Այսօր արդեն  կանոնավոր բանակ ունենք, ռազմական կրթություն ստացած զինվորականներ:

Եթե թշնամին  մեկ անգամ ևս հանդգնի ոտնձգություն կատարել, ինչպես 2016թ.  ապրիլյան գործողության ժամանակ, արժանին կհատուցեք նրան, ինչպես մեր  ժամկետայինների անձնակազմը արժանի հարված հասցրեց հակառակորդին՝ կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստ պատճառելով: Ապրիլյանին հենց  ձեր սերունդն էր, որ առանց երկնչելու, առանց վարանելու,  սառնասրտորեն դիմակայեց թշնամու  հատուկ ջոկատայիններին և արժանի հարված տալով` ծնկի բերեց: Ապրիլյան դասերը հակառակորդին զգաստացրին, հասկացրին, որ գործ ունեն իրենց հողը, իրենց եկեղեցիները, իրենց նախնյաց գերեզմանները պաշտպանող, իրենց հողին ամուր կառչած զինվորների հետ: Սիրելի՛ զինվորներ, այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք լինել միասնական, միակուռ, լինել ուժեղ, որովհետև ուժեղի հետ է միայն աշխարհը հաշվի նստում:

Ինչպես այսօր միասնական երդում տվեցիք, նույն միասնականությամբ էլ ծառայեք»:

ԱՄՈՒՐ ԿԱՌՉԱԾ ՀՈՂԻՆՆերկաներին շնորհավորեցին և  բարեմաղթանքի խոսքեր ասացին նաեւ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով   տեղակալ,  փոխգնդապետ  Մարկոսյանը, գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Բարխուդարյանը, Նարեկ  սարկավագ Բաղդասարյանը:

Շարքային Հակոբյանը իր եւ ծառայակից  ընկերների անունից վստահեցրեց, որ պատվով կկատարեն հայրենիքի պաշտպանի  վեհ առաքելությունը,  ամուր և անառիկ կպահեն հայրենի եզերքի ամեն մի թիզը. «Պատվաբեր է ծառայել փառավոր հաղթանակներ կերտած այս զորամասում»:

Երդվում են  «Եղնիկների» առյուծ տղերքը, ու արտասանվող ամեն բառի հետ հավատդ է՛լ ավելի է ամրանում՝ հայրենիքը հուսալի պաշտպաններ ունի:

-Միակ որդիս է,- հպարտությունը չի թաքցնում սպիտակ մազերով տարեց մի տղամարդ,- ասում են՝ «Եղնիկներում» ծառայում են ամպերից վեր….

-Իմ երկրորդ որդին էլ այստեղ եկավ ծառայության,- զրույցին միանում է Արտաշատի Դիմիտրով գյուղից Լուսինեն: -Ավագ որդիս՝ Սուրիկը, այստեղ է ծառայում, նախարարին դիմում գրեցի, որ մյուս որդիս՝ Անդրանիկն  էլ «Եղնիկներում»  ծառայի:

 

♦♦♦

ԱՄՈՒՐ ԿԱՌՉԱԾ ՀՈՂԻՆԶինվորական հանդիսավոր արարողությունն ավարտվում է, ամենահուզառատ պահն է. զինվորները ամուր-ամուր գրկում են կարոտած ծնողներին, այդպես ամուր-ամուր էլ հայրենիքն են պահելու…

Մինչև ժամը  18.00 զինվոր զավակները ծնողների, հարազատների հետ կանցկացնեն, ժամը վեցից հետո  կսկսվի նրանց զինվորական կյանքը….

Ով նկատի-չնկատի, մայրերը հաստատ կնկատեն՝ բանակային կյանքի  կտրուկ  ազդեցությունը որդիների  կեցվածքի, քայլվածքի, մտածելակերպի, անգամ բառապաշարի վրա:

-Դժվա՞ր է, տղա՛ս:

-Ոչ մի կերպ, մա՛մ ջան…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #6 (1253) 8.08.2018 - 14.08.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/08/2018