Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ՊԻՏԻ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՍ



ԴՈՒ ՊԻՏԻ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՍԱշխատասենյակում սպասում եմ Շուլի Հակոբյանին. նա  «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ունի և  գալու է,  որ պատմի, թե ինչպես խոցեց մեր հողը մտած ադրբեջանցիների  երեք տանկերը, և ինչպես  զինվոր տղերքով փակեցին սահմանախախտ  հակառակորդի ճանապարհը:

…Շուլին բարձրահասակ է, թիկնեղ, կապուտաչյա, գեղեցիկ:

-Վահագնին ես նման,- ասում եմ:

-Ո՞ւմ,- շփոթված ժպտում է: -Վահագնը ո՞վ է:

-Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքունքն էին արեգակունք,- արտասանում եմ հանդիսավոր:

Անորոշ գլխով է անում:

-Վահագնը կրակի ու պատերազմի Աստվածն է: Հեթանոս հայերը…,- երկար-բարակ բացատրում եմ:

Աչքերը կկոցած նայում է, շուրթերի ծայրին ներողամիտ ժպիտ կա:

-Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել,- ասում է: -Հենց առաջին տողն արտասանեցիք, իմացա` ում մասին է խոսքը:

Հանկարծ կիսաբաց դռնից նկատում եմ, որ միջանցքում ևս երկու հոգի կան:

-Քեզ հե՞տ են,- հարցնում եմ:

-Հա, բանակի ընկերներս են` Ռաֆայելն ու Վահեն: Ռաֆայելին պիտի որ ճանաչեք:  Երբ մենք դիրքերում էինք, Դուք Երևանում հանդիպել եք նրա ծնողների հետ, հրավիրել եք Ձեր տուն, հոդված եք գրել: Ռաֆայելն էլ է երեք տանկ խոցել ու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ստացել:

Զինակիցներին ներս եմ հրավիրում:

-Շուլին ու Ռաֆայելը գյումրեցի են, ես ու Վահանը` երևանցի, ուժերը հավասար են,- իբր բան ասացի:

-Կռիվ-կռի՞վ ենք խաղալու,- ծիծաղում է Շուլին:

-Դե, գյումրեցիները հայտնի են իրենց ինքնահավանությամբ, մեծամտությամբ: Միանգամից երկու գյումրեցի` 6 խոցված տանկով ու երկու «Մարտական խաչով»… Ինձ օգնություն է պետք:

Չի թողնում միտքս ավարտեմ: Լուրջ է ընդունել ասածս:

-Մենք մեծամիտ չենք: Ինքնահավան չենք: Պարզապես մենք գիտենք` ինչով պիտի հպարտանանք,- ասում է կռվի տոնով:

-Օրինակ` դու ինչո՞վ ես հպարտանում:- Ես փորձում եմ զրույցը մտերմիկ ափ հանել:

-Իմ ու Ռաֆայելի պապերն են հիմնել Գյումրիի Շիրակ գյուղը: Յոթ ընկերով եկել ու տներ են կառուցել հողի վրա: Մեռած հողին շունչ են տվել,- առանց ժպիտի Շուլիի աչքերի կապույտն ավելի մուգ է թվում:

-Մեռած հողը ո՞րն է: Հողը ո՞նց կմեռնի…

-Երբ հողի վրա տուն չկա, ծառ ու ծաղիկ չկա, մարդու ոտնահետք չկա, մեռած հող է,- բացատրում է ինքնավստահ: -Գյուղը նախկինում կոչվել է Ղոնախրան` հյուր խեղդող: Գյուղը այդպես են կոչել մի դեպքից հետո: ….Պապիս  թուրք «դոստերը»  հաճախ են եկել Գյումրի` առևտուր անելու և  հյուրընկալվել են մեր տանը: Մի օր էլ պապս լսել է, թե ինչպես են թուրքերը պայմանավորվում գիշերով խեղդել իրենց հյուրընկալած ընտանիքին ու գողություն անել: Կեսգիշերին պապս խեղդում է հյուրերին:

Ես էս պատմությունը փոքրուց եմ լսել: Տատս Արևմտյան Հայաստանից էր, պատմում էր, թե ոնց են թուրքերը կոտորել անզեն հայերին, ոնց են տանջամահ արել, ու էդ պատմությունների ֆոնին թուրքերին խեղդած պապիս սխրանքը մի տեսակ սրտի հովանք էր:

-Դրան գումարվեց քո խոցած երեք տանկը.- ես սիրաշահում եմ տղային, որ ցրեմ գյումրեցիների ինքնահավանության մասին անհաջող կատակս:

Շուլին արդեն ծիծաղում է:

-Թուրքերի հետ իմ ջուրը փոքրուց մի առվով չի գնացել: Ես կարատեիստ եմ: Հաջողություններ ունեի, միջազգային մրցույթների էի մասնակցում: Եվրոպայի չեմպիոն եմ եղել 16 տարեկանում: Շատ հնարավոր էր, որ ավելի մեծ բարձունքների հասնեի, եթե չլիներ Ստամբուլում աշխարհի առաջնության ժամանակ թուրք մարզիկի ստոր պահվածքը: Ինձ հրահրեց: Ես  նյարդայնացա. թուրք մրցավարն անարդար էր դատում, կողմնապահություն էր անում: Համբերության բաժակը լցվեց, չդիմացա… Ինձ որակազրկեցին:

-Չէի՞ր վախենում, ախր, թշնամու տանն էիր:

-Վախենում էի, բայց կյանքում պահեր կան, երբ տղամարդկային արժանապատվությունդ մահվան սարսափից ուժեղ է:

-Պատերազմի ժամանա՞կ էլ էր նույնը:

-Նույնն էր: Վախենում էի, բայց այլընտրանք չկար: Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից արդեն երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց:

Ես՝ ասացի: Հնարավո՞ր էր չասել:

-Չգիտեմ:

-Հնարավոր չէր: Պարզից էլ պարզ էր, որ տանկի դեմ գնալը մահվան հետ պահմտոցի խաղալ է: Ադրբեջանցիները խփում էին  բոլոր զինատեսակներով, արկերը թափվում էին կարկտի պես: …Ռաֆայելն էլ «ինքնառաջադրվեց»:

-Ո՞նց «ինքնառաջադրվեց»:

Ես ու Շուլին միաժամանակ նայում ենք Ռաֆայելին. այնպիսի անտարբերությամբ է լսում, ասես պատմածն առհասարակ իր հետ կապ չունի: Շուլին բարձրաձայն ծիծաղում է.

-Դե,- ասաց,- որ ինքն էլ կգնա տանկերի դեմ:

Ես գլխի եմ ընկնում, որ տղայի ծիծաղը անակնկալ  վերհուշը  վանելու ճիգ է:

-Ռաֆայելն իմ ընկերն է: Ինքն էլ էր վախենում մեռնելուց: Ու կյանքը շատ էր սիրում: Բայց երեք տանկ խոցեց:… Ու ինձ համար հիմա միևնույն չէ, թե դու ոնց ես ապրում` սոված ես, թե կուշտ, երջանիկ ես, թե դժբախտ: Դու պիտի երջանիկ լինես: Ես ընկերներ եմ կորցրել մարտում, ես կռվել եմ թշնամու դեմ, ու էդ ամենը կարժեզրկվի, իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը:

Այնքան հուզված է ասում, որ թվում է՝ ամբողջ զրույցի ընթացքում այս բառերը ասելուն էր սպասել:

-Իսկ դու երջանի՞կ ես,- հարցնում եմ ու անմիջապես մտածում՝ ինչպե՞ս կարելի է 22 տարեկանում երջանիկ չլինել:

-Իմ պապերը թիթեղագործներ են, հայրս էլ: Ինձ էլ են սովորեցրել այդ արհեստը: Շուլի պապս ասում էր` ուզում ես՝ պրոֆեսոր եղիր, պիտի մի արհեստ իմանաս:

…Տղաները գնում են: Ես լարել եմ միտքս, որ հասկանամ թե ինչ կապ ունեին միմյանց հետ երջանկության մասին իմ հարցն ու  Շուլիի թիթեղագործ պապերը:  Իսկ  ականջներիս մեջ պատերազմ տեսած  տղայի  ձայնն է.

-Իմ կռիվն անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Բանակ և հասարակություն


16/08/2018