ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ
2018 թ. օգոստոսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի (նախագահ Գեղամ Հարությունյան) կողմից կազմակերպվեց հերթական այցելությունը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասեր: Օգոստոսի 27-ին դասախոսական խմբի անդամները մեկնեցին տարբեր զորամասեր, որտեղ նրանց կողմից ներկայացվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը նվիրված դասախոսություններ:
Նույն օրը հասարակական խորհրդի անդամներին ու դասախոսական կազմին ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ներկա էր նաև պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպմանը ՊԲ զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից դասախոսական կազմի մի շարք անդամներ պարգևատրվեցին մեդալներով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվեցին ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ղամբարյանը, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը: «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվեցին՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խոսրոևան, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Հայրապետյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը նշեց, որ մտավորականները պետական պարգևների արժանացել են քրտնաջան աշխատանքի համար: Նա ասաց. «Ես միշտ խորին հարգանքով եմ ձեր մասին խոսում և ուզում եմ, որ մենք ձեզ հետ միասին շարունակենք մեր այս ազնիվ ու անկեղծ ծառայությունը»:
Օգոստոսի 28-ին դասախոսական կազմը վերադարձավ Երևան:
Ռուբեն Սահակյան
պատմական գիտությունների դոկտոր
Խորագիր՝ Նորություններ