ԼԻԲԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՑ
Լիբիայի անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ հետագայում իր երկիրը կհրաժարվի ռուսական սպառազինության գնումներից: Նրա կարծիքով, հետագայում Լիբիան այդքան մեծ ծավալի զենք-զինամթերքի կարիք չի ունենա, ինչպես Քադաֆիի օրոք:
Միաժամանակ Ջալիլը նշել է, որ Ռուսաստանը իր արժանի տեղը կունենա Լիբիայում` հեղափոխության աջակցմանը համապատասխան: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Մոսկվային` ՄԱԿ-ի 1973 բանաձևի քվեարկության ժամանակ վետոյի իրավունքը չկիրառելու համար: Տվյալ բանաձևը հնարավորություն տվեց ՆԱՏՕ-ին օդային հարվածներ հասցնել կառավարական ուժերին, ինչը մեծապես նպաստեց Քադաֆիի հակառակորդների հաղթանակին:
ՌԴ և Անցումային ազգային խորհրդի միջև որոշակի տնտեսական կապեր արդեն հաստատվել են: Ռուսական ապրանքների արտահանմամբ զբաղվող ընկերությունները ամառվա ընթացքում Բենգազի են հասցրել նավթ և հացահատիկ:
Նշենք, որ Քադաֆիի օրոք կնքված ռազմական պայմանագրերից Լիբիայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանը կկորցնի մի քանի միլիարդ դոլար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական