Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՋ



Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս օդաչուներին մեղադրել է օդային սահմանը խախտելու մեջ: Գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ ռուսական ՄԻ-8 երեք ուղղաթիռներ վրացական սահմանը հատել են Թանի կիրճի շրջանում, խորացել են երեք կմ և վրացական տարածքում մնացել են մոտ 15 րոպե:

Այդ գործողությունները վրացական կողմը որակել է որպես սադրանք, որի նպատակն էր դրդել համարժեք պատասխանի: Սակայն ըստ պաշտոնյաների` Վրաստանը զսպվածություն է ցուցաբերել` հավատարիմ մնալով պատերազմ չվերսկսելու սկզբունքին:

Միաժամանակ վրացական իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել համարժեք գնահատական տալ Ռուսաստանի գործողություններին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը հերքել է այս տեղեկությունները` նշելով, որ ռուսական ուղղաթիռները վրացական սահմանը չեն խախտել: Այդ ժամանակահատվածում կատարված ավիացիոն տեխնիկայի բոլոր թռիչքները գրանցվել են վերահսկման սարքավորումներով և իրականացվել են օդային տարածության օգտագործման միջազգային նորմերի համաձայն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


09/09/2011