Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ



Իրանցի մասնագետները մշակել են հեռահար գործողության շառավղով հակահրթիռային պաշտպանության համալիր և արդեն անցկացրել են առաջին հաջողված փորձարկումները: Այդ մասին հայտնել է Իրանի Հատամ ալ Անբիա զենիթահրետանային բազայի հրամանատար գեներալ Ֆարզադ Էսմաիլին:

Նոր ռադարի միջոցով հնարավոր կլինի գրանցել հակառակորդի թևավոր հրթիռների, կործանիչների, հեռահար ռազմավարական ավիացիայի թռիչքները, ապա իրականացնել դրանց ոչնչացումը:

Բացի այդ, ըստ գեներալի` իրանցի մասնագետներն աշխատում են ռադիոտեղորոշման նոր կայանի ստեղծման ուղղությամբ, որը կկարողանա մի քանի հազար կիլոմետր շառավղով գրանցել ամենափոքր տեղաշարժերը:

Նոր համալիրները մոտ ապագայում կներառվեն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգում:

Գեներալի այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնապես համաձայնվել է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշման կայան: Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վալիդին քննադատել է թուրքական պլանները` նշելով, որ ԱՄՆ և Արևմուտքի ցանկացած ներկայություն իսլամական որևէ երկրում ապակայունացնող և անվտանգությունը խաթարող գործոն է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


13/09/2011