ԻՐԱՆԸ ԿՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Իրանն առանց երկմտելու համարժեք պատասխան կտա ցանկացած արտաքին հարձակմանը: Այդ մասին է խոսվում ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մոհամեդ Հազաիի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդին ուղարկված գրավոր բողոքում:
Բողոքը ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախազգուշացմանն ի պատասխան: Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանի ռազմական, ատոմային և բալիստիկ հավակնությունները աճող վտանգ են ներկայացնում, ինչը կարող է հանգեցնել իրանական օբյեկտների դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելուն: Նաև հավելել է, որ դա կարող է առաջացնել լուրջ ճգնաժամ, ինչից Ֆրանսիան ձգտում է խուսափել ցանկացած գնով:
Սարկոզին չի ճշտել, թե որ երկիրը կարող է կանխարգելիչ հարվածներ հասցնել, միայն նշել է, որ Իրանը հրաժարվում է «լուրջ» բանակցություններ վարելուց, իսկ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ կհամագործակցի Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների խստացման հարցում:
Իր նամակում Հազաին խստորեն դատապարտել է նման սադրիչ և անպատասխանատու հայտարարությունները` նշելով, որ Իրանը կձեռնարկի համապատասխան պաշտպանական միջոցառումներ:
ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք այլ պետություններ մեղադրում են Իրանին ատոմային զենքի մշակման մեջ: Մինչ այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի վերաբերյալ 6 բանաձև է ընդունել, որոնցից երկուսը նախազգուշական են, իսկ մյուս չորսով որոշակի պատժամիջոցներ են սահմանվում` պահանջելով հրաժարվել ուրանի հարստահացումից:
Ֆրանսիայի նախագահը Իրանի ամենախիստ քննադատներից է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան