Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՐԴԵՐԸ ԻՐԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ



Քրդական Փեժակ խմբավորման` Քուրդիստանի Ազատ կյանքի կուսակցության զինյալ գրոհայինները սպանել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկին` բրիգադի գեներալ Աբբասալի Ջանեսարիին:

Գեներալի մահվան մանրամասները առայժմ հայտնի չեն: Հաղորդվում է, որ նա սպանվել է Իրանի արևմուտքում գրոհայինների հետ տեղի ունեցած մարտի ժամանակ: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա տանջամահ է արվել, սակայն հայտնի չէ, թե ինչպես է գերի ընկել:

Առավելապես Իրաքի հյուսիսում գործող Փեժակ խմբավորումը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության իրանյան ճյուղավորումն է: Կուսակցությունն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Իրանի, Իրաքի և Թուրքիայի տարածքների մի մասում քրդական անկախ պետություն ստեղծելու համար: Փեժակի գրոհայինները պարբերաբար դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ են իրականացնում, որոնց զոհ են գնում և’ իրանցի պաշտոնյաներ, և’ խաղաղ բնակիչներ:

Իրանը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան պետությունների հատուկ ծառայություններին` քուրդ անջատողականներին աջակցելու համար:

Վերջին շրջանում քրդերի հետ բախումները ակտիվացել են: Հուլիսին իրանցի զինվորականները Իրաքի տարածքում Փեժակի երեք ճամբար են ոչնչացրել, օգոստոսին Թուրքիայի հետ սահմանակից տարածքում ոչնչացրել են գազատարներ պայթեցնող դիվերսիոն խումբ: Իսկ օրերս նրանք հայտնել են 22 գրոհայինի սպանելու մասին:

Գեներալի սպանությունը լայնածավալ ռազմական գործողությունների տրամաբանական մասն է կազմում:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` տարածաշրջանում իրադրության սրման պատճառներից մեկը կարող է լինել նաև Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Արտաքին զսպող ուժի բացակայությունը արաբներին և քրդերին նավթով հարուստ տարածաշրջանում ավելի լայն վերահսկողություն սահմանելու հնարավորություն կարող է տալ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


13/09/2011