ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է FAST ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները: Ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման և զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարևորությունը:
«Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաև նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը», – իր հերթին նշել է Արմեն Օրուջյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ