Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅԱԿ-130-ՆԵՐԸ ԼԻԲԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ



Ռուսական «Իրկուտ» կորպորացիան շուրջ երեք տասնյակ ՅԱԿ-130 ուսումնամարտական ինքնաթիռ է կառուցել Ալժիրի ռազմաօդային ուժերի համար:

Ընկերության ղեկավար Ալեքսեյ Ֆյոդորովը հայտարարել է, որ տեխնիկան գործարանում պատրաստության ավարտական փուլում է: Մինչև տարեվերջ Ալժիրը կստանա առաջին 16 ինքնաթիռները:

Ֆյոդորովը պատմել է նաև Լիբիայի համար նախատեսված ՅԱԿ-130 ինքնաթիռների հետագա ճակատագրի մասին: Նրա խոսքով, նախկինում կնքված պայմանագիրը «պարզ պատճառներով» սառեցվել է, և այժմ ինքնաթիռները պետք է ուղղորդվեն այլ շուկա:

Ուսումնամարտական ինքնաթիռները նախատեսվում է փոխանցել ՌԴ ռազմաօդային ուժերին, ինչի համար համապատասխան պայմանագիր պետք է պատրաստվի: Առայժմ զինվորականներին չի գոհացնում «Իրկուտ»-ի սահմանած բարձր գինը, սակայն բանակցություններն ընթացքի մեջ են, և Ֆյոդորովի կարծիքով առաջիկայում այդ հարցը կլուծվի:

ՅԱԿ-130-ը աշխարհում միակ ուսումնական ինքնաթիռն է, որն իր մինչձայնային ռեժիմով թռիչքի աերոդինամիկական և թռիչքատեխնիկական բնութագրերով չի զիջում ժամանակակից ռեակտիվ կործանիչներին:

Բարձր շարժունակության հետ մեկտեղ ինքնաթիռը մինչև 1060 կմ/ժ արագություն է բացում, համալրված է ժամանակակից սարքավորումներով: Մարտական տարբերակում ՅԱԿ-130-ը կարող է մինչև 3 տոննա սպառազինություն կրել:

2008թ. ուսումնամարտական ինքնաթիռների համաշխարհային շուկայի պահանջարկը գնահատվում էր 2500 միավոր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/09/2011