ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
ԻՄ ՀԵՐՈՍԸ…
Հայրենասիրության մասին գրելիս հոգումս այնքան հույզեր են կուտակվում… Բառերն անգամ տկար են՝ արտահայտելու այդ ամենը: Հայրենասիրությունը այն հարազատ ու վեհ զգացումն է, որն ազնվացնում է մարդուն, փոխում է նրա տեսակն ու էությունը նույնիսկ… Գրեթե մեզ տարեկից՝ տասնութամյա տղաները սեփական երկիրը պաշտպանելու պատրաստակամությամբ են գնում բանակ: Եվ որպես մի-մի հերոս՝ առասպելական հսկաների պես կանգնած են սահմանին: Ես միշտ անսահման երախտագիտությամբ եմ մտածում նրանց մասին ու քրոջ պես անհանգիստ եմ հայ զինվորի համար… Ես շատ եմ ուզում, որ աշխարհում այլևս չլինեն «պատերազմ», «կռիվ», «մահ» ու «արյուն» բառերը: Ես ուզում եմ երբևէ չլսել, որ սահմանին զոհվել են հայորդիներ: Ուզում եմ վստահ լինել, որ բոլորն ուրախ սրտով ծառայում են…
Բայց գիտակցում եմ նաև, որ իմ երազանքն օդում կախված կմնա, եթե հայ ազգն իր ողջ ուժը չհավաքի ու չընդդիմանա թշնամուն:
Չեմ էլ ուզում պահ անգամ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հայն ընկրկի, կորցնի ոգու՝ իրեն բնորոշ աննկունությունը…
Հայ զինվորը միշտ էլ հաղթ ու աներկբա կանգնած է լինելու սահմանին: Մի՛շտ: Ի՛մ Հերոս, Քեզ հետ է իմ օրհնանքը: Ես գիտեմ, որ Դու կգաս: Կգաս, որ շենացնես, ավելի հզոր դարձնես մեր հայրենիքը…
ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գագարինի միջնակարգ դպրոց,
8-րդ դասարան,
«Կանթեղ» գրական խմբակի սան
♦♦♦
ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ԵՄ…
Հաճախ ես մտածում եմ՝ արդյոք իմ երկրում կարո՞ղ է գոյություն ունենալ մի օրենք, որի շնորհիվ կարող եմ իրականացնել իմ երազանքը…
Հետաքրքիր է, չէ՞, թե ի՞նչ կապ ունի օրենքը ինձ նման աղջնակի հետ…
Լա՛վ, կասե՛մ…
Ես երազում եմ դառնալ ազգիս, հայրենիքիս ամենապիտանի, ամենակարևոր մարդկանցից մեկը՝ Հայրենիքի զինվոր… Անկեղծ ասած՝ մի փոքր վախ կա սրտումս, բայց, հուսով եմ, որ վերջնականապես կհաղթահարեմ այն…
Ինչու հենց Զինվո՞ր…
Լա՜վ, դա՛ էլ կասեմ…
Ես ուզում եմ ինքս զգալ այն նույն զգացողությունները, որոնք տոգորում են Զինվորին, երբ զենքը ձեռքն է առնում ու մեկեն դառնում ազգի պաշտպան, խաղաղության երաշխավոր ու գրավական… Երբ պատվով կրում ես զինվորական համազգեստը, դառնում ես կայացած, հստակ մարդ…
Մանկության տարիներին հաճախ ենք լսում. «Մի՛ դադարիր երազել: Հավատա՛ քո երազանքներին»: Բայց, մոռանում են ասել, որ պետք է անդադար ու քրտնաջան աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան: Թե չէ, երազանքները միայն մտքեր են ու այդպիսիք էլ կմնան…
Ես ուզում եմ փոքրիշատե փոխել, ավելի լավը դարձնել ինձ շրջապատող աշխարհը: Կարելի է ասել՝ երազանքը նաև ահազանգ է: Ահազանգ, որը սթափեցնում ու հուշում է, որ իմ ճակատագիրը միայն ի՛մ ձեռքերում է…
Ես ինձ այնքան վստահ ու պաշտպանված եմ զգում, երբ գիտեմ, որ մեր սահմանը հսկում է բարի, խելացի, խիզախ Զինվորը… Թշնամին երբեք չի կարող ոտք դնել նրա ազատագրած, հայի արյուն տեսած հողի վրա: Ես հավատում եմ մեր Զինվորի աչքերի փայլին, հավատում եմ Հայ զինվորի խելքին ու ուժին, հավատում եմ մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին: Նաև այս է պատճառը, որ ես ուզում եմ դառնալ Զինվոր ու կանգնել սահմանին…
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԶԻՆԱԻԴԱ
Գագարինի միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան,
«Կանթեղ» գրական խմբակի սան
Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Բանակ և հասարակություն