ՌԴ-ՈՒՄ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻՆ ԿՍՈՎՈՐԵՑՆԵՆ ԽՓԵԼ ՆԱՏՕ-Ի ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները որպես դիտորդներ կմասնակցեն Ռուսաստանում անցկացվող «Մարտական համագործակցություն-2011» զորավարժությանը: Այցի ընթացքում նրանք գործնականում կծանոթանան ինքնաթիռներ և հրթիռներ խոցելու մեթոդներին:
Տվյալ նորությունը առավել քան հետաքրքրական է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում Սիրիայում ստեղծված լարված իրավիճակը և ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրներից Սիրիայի հասցեին հնչող ռազմական և այլ բնույթի սպառնալիքները: Որոշ մասնագետների կարծիքով, այցը կարելի է համարել ինքնապաշտպանական նախապատրաստություն:
Զորավարժության մասնակից ավելի քան 2000 զինծառայողներ պայմանական հակառակորդի օդային թիրախները կխոցեն ռուսական միջին և մեծ հեռահարությամբ «Կրուգ», «Բուկ», «Ս-75», «Ս-125», «Ս–200», «Ս-300» և «Ս-400» զենիթահրթիռային համալիրներով: Նշվածներից Սիրիայի բանակի սպառազինությունում առկա են «Բուկ»-ը, «Ս-125»-ը և «Ս-200»-ը:
Տեխնիկապես նման միջոցներով հնարավոր է խոցել ՆԱՏՕ-ի ցանկացած ինքնաթիռ, սակայն դաշինքի, ինչպես նաև Իսրայելի օդաչուները ՀՕՊ միջոցների դեմ պայքարի զգալի փորձ ունեն և հավանաբար կկարողանան հաղթահարել սիրիական ՀՕՊ-ի արգելապատնեշը:
Մինչդեռ ռուսական որոշ փորձագետներ չեն հավատում, որ ՆԱՏՕ-ն կորոշի հարձակվել Սիրիայի վրա, քանի որ այդ երկիրը ռազմական առումով Ռուսաստանի հետ ամենասերտ կապեր ունեցող պետությունն է Մերձավոր Արևելքում: Իսկ զորավարժությանը մասնակցելու հրավերը աշխարհաքաղաքական ժեստ է, որը հասկացնել է տալիս. Սիրիան ՌԴ դաշնակիցն է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան