ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՀՕՊ զորքերի մեծավաստակ հրամանատար, ՀՕՊ վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի հետ առաջին անգամ մոտիկից շփվելու բախտ ունեցա ՀՕՊ զորքերի կազմավորման 26-ամյակի օրը: Նա իր ազնվական կեցվածքով, զինվորականների հետ ջերմ ու մտերմիկ վերաբերմունքով և իր անցած զինվորական ուղուց մի քանի ֆանտաստիկ պատմություններով զարմացրեց ինձ: Նա եղել է աշխարհի երկու գերհզոր ուժային կենտրոնների բախման ամենաթեժ կետերում՝ մասնակիցը դառնալով մի շարք հույժ դրամատիկ ռազմական գործողությունների: Ռաուլ Կաստրոն և Մուամմար Քադաֆին նրան անձամբ են ճանաչել ու բարձր են գնահատել նրա վաստակը ՀՕՊ զորքերի պատրաստման գործում: Իսկ Արցախյան պատերազմում ստանձնեց ՀՕՊ զորքի ձևավորման և ղեկավարման դժվարին գործը, այն զորատեսակի, որի մուտքը ռազմական թատերաբեմ բեկումնային էր:
Մեքենայից իջնելով՝ առաջինը տան պատշգամբից ինձ ձեռքով ներս հրավիրող փառահեղ, ծերունազարդ գեներալին տեսա: Տիկին Վարդուհին` նրա կինը, փորձում էր ուշադրությունս շեղել տան «անկատար հատվածներից», բայց ինձ համար այստեղ ամեն ինչ կատարյալ ու ներդաշնակ էր՝ համեստ տանտերերի ջերմ, ընտանեկան ընդունելությունից մինչև դարպասի հասարակ, բոլոր հյուրերի առջև կրնկի վրա բաց դուռը:
«Ալիկ Գեղամիչի աշխատասենյակը նրա ամրոցն է. իրենից բացի ոչ ոք իրավունք չունի առանց իր թույլտվության մուտք գործելու ու, առավել ևս, թղթերին դիպչելու»,- շշուկով ասում է տիկին Վարդուհին, երբ գեներալն ինձ ուղեկցում է խնամքով կահավորված սենյակ: Հազվագյուտ մի թանգարան մտնողի հուզումով նայում եմ շուրջս: Ամենուրեք մեծ, հերոսական կյանքի հիշողություններ ու վկայություններ են: Պատերից մեկն ամբողջությամբ «գրավել են» աշխարհի դասականներն ու մասնագիտական գրականությունը, մյուս երկու պատերը՝ տարբեր ծառայավայրերից ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը: Արցախյան պատերազմից առաջ ծառայել է Լատվիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Կուբայում, Իրաքում, Վրաստանում, Լիբիայում և Ադրբեջանում: Մի ամբողջ շարք են ներկայացնում խորհրդային և ներկայիս՝ ՌԴ զինված ուժերի մեդալները: Ցուցասեղանի մի հատվածում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներն են: Պարգևների մեջ աչքի է զարնում Կուբայի Հանրապետության հեղափոխական ԶՈՒ պաշտպանության նախարար, կոմանդանտե Ռաուլ Կաստրոյի` գեներալին շնորհած պատվոգիրը. «…Կուբայի Հանրապետության ժողովրդի, հեղափոխական ղեկավարության և զինված ուժերի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ամերիկայի առաջին բանվորագյուղացիական պետության զինված ուժերի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում Ձեր անձնուրաց աշխատանքի համար…»: Մյուսը Քադաֆիի՝ գեներալին նվիրած անվանական ժամացույցն է:
Գեներալի զարմանահրաշ կյանքի դրվագները մի ամբողջ գրքի նյութ են:
Ծնվել է 1938 թ. հունվարի 22-ին Երևանում: Վանի ջարդերը վերապրած հայրը՝ Գեղամը, հայտնվել էր Երևանի որբանոցում: 1941-45թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել երկու «Կարմիր աստղ» շքանշաններով: Գեներալի մայրը՝ Զինաիդան, 1934 թվականին՝ սովի տարիներին, Ուկրաինայից Հայաստան ներգաղթած ուկրաինացիների ընտանիքից էր: 1956 թ. ավարտելով Ձերժինսկու անվ. դպրոցը` ապագա զինվորականն ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Ընտանիքն այդ ընթացքում ծայրահեղ աղքատության մեջ էր, Գետառի ջրհեղեղը սրբել-տարել էր նրանց տան կեսը: Լսելով, որ Լատվիայի ռազմատեխնիկական ուսումնարանում ուսանելու հնարավորություն կա՝ վճռում է փոխել մասնագիտությունը. «…որ տանը մի ուտող բերան պակասեր,-իր ճակատագրական որոշումն այսպես է բացատրում գեներալը,- որ մայրս ու հայրս կարողանային հիմնական ուշադրությունը քույրիկներիս վրա կենտրոնացնել»:
«Դժվար էր հայրենիքից, ընտանիքից հեռու լինելը, բայց գուցե հենց այդպե՞ս էր նախասահմանված»,- մտորում է գեներալը…
Ռազմական ուսումնարանն ավարտելուց ու լեյտենանտի կոչում ստանալուց հետո անցել է զինվորականի դժվար, բայց հետաքրքիր ուղի` դասակի հրամանատարից մինչև ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ, վարչության պետ: «Ծառայության բոլոր վայրերում հիմնական դժվարությունը միակ հայը լինելն էր: Այս իմաստով անթերի ծառայելը նախ և առաջ ազգային արժանապատվության խնդիր էր ինձ համար»: Բացառիկ խելքի, ընդունակությունների տեր, ազնվագույն, պարտաճանաչ զինվորականն աչքի էր ընկնում ամենուրեք. նրան սիրում ու հարգում էին բարձրաստիճան սպայից մինչև զինվոր:
1965-67թթ. Կուբայում ծառայում էր որպես հ-75 դիվիզիոնի մարտկոցի մասնագետ: Նա մեծ ներդրում ունեցավ մասնագետների պատրաստման գործում: Կատարելապես տիրապետում էր իսպաներենին: Ծառայության մեկ տարվա փոխարեն՝ Ռաուլ Կաստրոյի առաջարկով երկու տարի ծառայեց Կուբայում: «Մեր պատրաստած մասնագետներն այնքան լավ էին տիրապետում գործին, որ արդեն անգոլացիներին էին սովորեցնում»:
1972-1976թթ. ուսանեց Տվերի Ժուկովի անվան ՀՕՊ հրամանատարական ակադեմիայում, որտեղի գերազանցիկների պատվո թանգարանում այսօր էլ փակցված է նրա լուսանկարը:
Այնուհետև 1976-83 թթ. զբաղեցրեց խորհրդային բանակի մի շարք կարևոր պաշտոններ՝ ՀՕՊ 14-րդ կորպուսի զենիթահրթիռային բրիգադի շտաբի պետ, ՀՕՊ 12-րդ կորպուսի զենիթահրթիռային գնդի հրամանատար, ՀՕՊ 14-րդ կորպուսի շտաբի պետի տեղակալ:
1976 թ.՝ որպես զենիթահրթիռային բրիգադի շտաբի պետ, ղեկավարել է հ-75 զենիթահրթիռային դիվիզիոնը, որը ոչնչացրեց Խորհրդային Հայաստանի սահման ներխուժած թուրքական 2 «F-5» կործանիչները: «Օգոստոսի 24-ին, ժ. 10:00-ին Իգդիրի կողմից՝ Հոկտեմբերյանի մոտակայքից, ՀՀ տարածք ներխուժեցին 2 կործանիչներ,- պատմում է գեներալը:- Մինչև դիվիզիոնները կմիանային, «F-5»-երն արդեն Էջմիածնի վրա էին: 7 կմ «C-75»-ի տարածքն էր: 10 կմ հեռավորության վրա 1-ին դիվիզիոնը (հրամանատար՝ Յու. Իվաշկին) մեկ հրթիռ բաց թողեց, սակայն պետք էր միանգամից երեքն արձակել: Վայրկյաններ անց ևս երկուսը բաց թողեց: Մինչև սահման 11 կմ էր, իսկ հրթիռի ու ինքնաթիռի հանդիպումը տեղի ունեցավ 15 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում»: Որպես բրիգադի շտաբի պետ՝ Ալիկ Սարգսյանն անմիջապես զեկուցել էր Մոսկվա: Այն հարցին, թե կորպուսի հետ գործողություններն ինչու չէր համաձայնեցրել, պատասխանել էր՝ «Ժամանակ չկար՝ վայրկյանն էլ կարևոր էր»: Անմիջապես նրան կցեցին ՊԱԿ աշխատակցին: Բարդ իրավիճակը Կարեն Դեմիրճյանը լուծեց: Նա Մոսկվային էր փոխանցել ապացույցները, որ սահմանի խախտում իրոք եղել է, և որ բրիգադի մարտական հաշվարկը գործել է գերազանց: «Հաջորդ օրը պարգևատրվեցին աչքի ընկածները, որոնց անունները ես էի ներկայացրել, իսկ ես նկատողություն ստացա, որ հրթիռներն ընկել էին Թուրքիայի տարածքում…»:
1983թ. ուղարկվել է Լիբիա՝ կորպուսներից ամենամեծը՝ Տրիպոլիի կորպուսը (780 կմ խորությամբ, 350 կմ ճակատով)՝ որպես խորհրդային մասնագետների ավագ և կորպուսի հրամանատար, գնդապետ Սալեմ Շերիֆի օգնական: Նրա ենթակայությամբ 132 մասնագետ կար: Այստեղ էլ նա շատ հարգված միակ հայն էր: Ալիկ Սարգսյանը գնդապետ Սալեմին առաջարկել է զորքի մարտական կրակով վարժանքներ անցկացնել, և ինքն էլ կազմակերպել ու 34 «կրակային վարժանք» է անցկացրել: Գեներալի արխիվում է C-75, C-125, Խձը, ԿհԸ դիվիզիոնների և հաշվարկների ուսումնական հրթիռների արձակման գործողությունների համար զորատեսակում առաջին տեղը գրավելու մասին վկայող պատվոգիրը:
1986թ. ապրիլին, երբ ԱՄՆ սկսեց մարտական գործողությունները, արդեն բավականին փորձված էին: «Մինչ այդ, պատերազմի հոտն արդեն գալիս էր. զգում էինք՝ այսօր-վաղը կսկսվի: Սակայն այն, ինչ եղավ, պատերազմ էլ չէր կարելի անվանել. մի քանի օր տևած հարձակում էր (բլից կրիգ): Ապրիլ ամսին ամերիկացիները Միջերկրական ծովի ափին՝ մեզանից մոտ 150 կմ վրա, երկու մեծ ավիակիր մոտեցրին՝ ամեն մեկի վրա 80 ինքնաթիռ և դրանք սպասարկող նավեր: Ապրիլի 12-13-ին անօդաչու սարքեր էին ուղարկում, որոնք մոտենում էին մոտ 30-35 կմ հեռավորության վրա: Լիբիայի զորամասերից հրթիռների մոտ 20 տոկոսը կրակեցին անօդաչուների վրա: Դեռ նման բան չէինք տեսել, չափսերով այնքան մեծ էին, որ թվում էր՝ ինքնաթիռներ էին: Հետո շուրջ 162 ինքնաթիռ ու ԱԹՍ միաժամանակ օդ բարձրացան, բայց չէին մոտենում` սպասում էին «իքս» ժամին: Ամսի 17-ին շատ ուժեղ ՌԷՊ ճնշում եղավ, և մեր տեղորոշիչ կայանները «կուրացան»: Անսպասելի էր նոր՝ հակառադիոտեղորոշիչ «HARM»-երի կիրառումը: «HARM»-ի պայթյունից փոքր` 4 մմ-անոց բեկորներ էին ցրվում, որի պատճառով նաև ոչ մի ինքնաթիռ չկարողացավ օդ բարձրանալ:
Շուտով պարզվեց «իքս» պահի գաղտնիքը. հակառակ կողմից` Անգլիայից, լիակատար լռության ռեժիմով թռած-եկած տասնչորս «F-111»-եր հայտնվեցին Տրիպոլիի վրա: Մինչև Սահարա թռիչքի ընթացքում դրանք երեք անգամ լիցքավորվել էին` խստորեն պահպանելով գաղտնիության ռեժիմը: «Զարմանալի թռիչք էր ու դասական գործողություն,- միացյալ ուժերի հնարամտության մասին հիացմունքով է խոսում գեներալը:-Ու սկսեցին ռմբահարումները: Մեզ էլ հաջողվեց խփել չորս ինքնաթիռ»: Այդ գործողության համար գեներալը պարգևատրվել է Քադաֆիի անվանական ժամացույցով, «ԹՏՌվրՍՈÿ ՊՏոսպրՑՖ» առաջին աստիճանի շքանշանով և ՀՕՊ զորքերի մեդալով»:
…Երբ սումգայիթյան ջարդերն սկսվեցին, Ալիկ Սարգսյանը միակ հայ բարձրաստիճան սպան էր Բաքվում: Հսկայական տարածք ներառող՝ Լենքորանից մինչև Սոչի, կորպուսի շտաբի պետի տեղակալն էր: Երբ ջարդերն սկսվեցին, ավտոբուսներով հայերին տեղափոխում էր և կազմակերպում նրանց ապահով դուրսբերումը երկրից: «Մեր կորպուսում ադրբեջանցիներ չկային. միայն ռուսներն էին, որոնք այս հարցում մեծ օգնություն էին ցուցաբերում,- ասում է գեներալը: -Ադրբեջանցի ընկեր ունեի: Միասին երկար տարիներ տարբեր տեղերում ծառայել էինք, շատ մաքուր, ազնիվ տղա էր: Շատ բան գիտեր ու մի օր ինձ ասաց. «Ալի՛կ, ժամանակն է. կամաց-կամաց պետք է գնաս այստեղից»: 1988 թվականն էր. զեկուցագիր գրեցի և դուրս եկա խորհրդային բանակից»:
Վերադառնալով հայրենիք՝ որոշել է «հանգստանալ մի քիչ»: Աշխատանքի է ընդունվել «Էրեբունի» միավորումում: Բայց հենց այստեղի աշխատակիցներից կազմավորել է 23 հոգանոց ջոկատը: Երբ արդեն մոտալուտ պատերազմի շունչը թևածում էր Հայաստանի սահմանամերձ գոտիներում, ջոկատով մեկնեց պաշտպանելու Սևանի ավազանի հյուսիսային սահմանները: Ինձ համար մի փոքր զարմանալի էր, բայց խորհրդային սպան հիշում է, թե ինչպես կնքել տվեց ոչ միայն ջոկատի տղաներին, այլև գյուղի բոլոր մարդկանց: «Վարդենիսի եկեղեցիներից մեկի տեր հորը՝ Իշխանին, կանչեցի ու բոլոր գյուղացիներին կնքել տվեցի: Տեր Իշխանը ինքն էլ հոգևորականի յուրահատուկ տեսակ էր՝ իսկական մարտիկ, գոտուց կախած ատրճանակներով էր շրջում»:
Երբ պատերազմը պայթեց, այդ ջոկատից Ալիկ Սարգսյանից բացի էլի երեք գնդապետ ու մեկ մայոր համալրեցին հայկական բանակի շարքերը:
Գալով Երևան՝ ներկայացավ «Ղարաբաղ» կոմիտե՝ որպես ՀՕՊ-ի գնդապետ: «Այն ժամանակ դեռ չէին գիտակցում ՀՕՊ-ի կարևորությունը: Ինձ համոզում էին, թե մեզ ՀՕՊ զորքեր պետք չեն. պետք են ցամաքային զորքեր, հետևակ, հրացաններ, զարմացան՝ «Ի՞նչ հրթիռների մասին է խոսքը»»:
Շուտով Ալիկ Սարգսյանն իմացավ, որ Կառավարության 7-րդ բաժնին գրագետ սպա էր պետք՝ գոնե գնդապետի կոչումով: «Ներկայացա այն ժամանակ վարչապետ Վազգեն Մանուկյանին, նշանակվեցի նրա խորհրդականը»:
1992 թ. ամռանը Վ. Մանուկյանը դարձավ պաշտպանության նախարար և Ա. Սարգսյանին առաջարկեց ՀՕՊ զորատեսակի կազմավորմամբ զբաղվել: «Անմիջապես հիմնեցինք ՀՕՊ վարչությունը:
Սկզբում յոթ հոգի էինք՝ վարչության պետի տեղակալները Սերգեյ Գուրոկյանն ու Սերգեյ Խոջոյանն էին, Բորիս Տոնոյանը նշանակվեց ռադիոտեխնիկական զորքերի պետ, Սեյրան Բաղդասարյանը, Յուրի Արսենյանն ու Հովհաննես Պետրոսյանը` զենիթահրթիռային զորամասերի հրամանատարներ, իսկ Հենրիկ Ավդալյանը համակարգում էր զորային ՀՕՊ-ը: ՀՕՊ մասնագետներ ՀՀ-ում գրեթե չկային, իսկ Արցախում իսպառ բացակայում էին: Հավաքագրելով 300 ռադիոտեխնիկական, ֆիզիկայի, մաթեմատիկական կրթությամբ երիտասարդների՝ սկսեցինք նրանց վերապատրաստել որպես ՀՕՊ մասնագետներ»:
Այդ ընթացքում Ա. Սարգսյանը մեկնել է Մինսկի Ռազմական ակադեմիա և պայմանավորվածություն ձեռք բերել, որ Հայաստանից 30 սպա որպես ՀՕՊ մասնագետներ վերապատրաստվեն այնտեղ: Պատերազմի և հաջորդող տարիներին նաև Ռուսաստանից է ՀՕՊ մասնագետներ հրավիրել, որոնք տեղում դասընթացներ էին կազմակերպում:
1992թ. ՀՀ և ԼՂՀ տարածքներում ստեղծվեցին անհրաժեշտ ՀՕՊ-ի համակարգերը, որոնք ի չիք դարձրին թշնամու՝ երկնքից ՀՀ զինուժը ջլատելու և բնակչության մեջ ահ ու սարսափ սփռելու մարտավարությունը: Ա. Սարգսյանը հաջողությամբ իրականացրեց ՀՕՊ օբյեկտային ու զորային միջոցների ռադիոտեղորոշիչ կայանների համատեղումը և միացումը ռադիոտեղորոշիչ միասնական համակարգին: Հայաստանը առաջին հետխորհրդային երկիրն էր, որտեղ սա հնարավոր եղավ: Սա մեթոդաբանական, կազմակերպչական, ուսուցման կապի կազմակերպման մի բարդ գործընթաց էր, որի նախատիպը Ա. Սարգսյանն էր ստեղծել դեռ Լիբիայում:
ՀՕՊ զորքի ձևավորմանն ուղղված գերմարդկային ճիգերի արդյունքը սպասել չտվեց. 1992 թ. ավարտին՝ ամիսների ընթացքում, բառացիորեն զրոյից ստեղծված ԼՂՀ ՀՕՊ ստորաբաժանումներն արդեն ոչնչացրել էին թշնամու 8 ուղղաթիռ և 13 ինքնաթիռ:
ԼՂՀ-ում 1993թ. արդեն ՀՕՊ բավական ստորաբաժանումներ կային, և սեպտեմբերի 1-ին կազմավորվեց ՊԲ ՀՕՊ զորամասը, որի հրամանատարն էր Նիկոլայ Բաբայանը: Ստեղծվեց տեխնիկապես հագեցած հրամանատարական կետ, արդիականացվեց կապի ու կառավարման համակարգը, կազմավորվեց ռադիոտեխնիկական գումարտակը:
«Արցախի ժողովուրդը շատ ընդունակ է զինվորական գործում: Անհավատալի արագությամբ էին յուրացնում ՀՕՊ արձակման միջոցների մեթոդաբանությունը և գործադրում դրանք»,- տարիների հեռվից իր առաջին սաներով է հպարտանում գեներալը:
…1994թ. ապրիլի 23-ին «Կրուգ» համալիրի հրթիռը խոցեց նշանակետը՝ Ստեփանակերտը տարբեր ուղղություններից գրոհող յոթ ինքնաթիռներից մեկը: Այդ ՄԻԳ-ն Արցախի երկնքում ոչնչացված վերջին օդային հարձակողական միջոցն էր:
Հյուսիսատլանտյան դաշինքի գործող չափանիշներով` ռազմաօդային ուժերի 10%-ի (նախկին խորհրդայինով՝ 20%-ի) կորստյան դեպքում ավիացիան դադարում է գործել, որովհետև համարվում է, թե հակառակորդն ունի կայուն և իր մարտական խնդիրը կատարող ՀՕՊ համակարգ: 1992-94թթ. Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կորցրին մարտունակ վիճակում գտնվող օդային հարձակողական միջոցների (50-55 միավոր) գրեթե կեսը՝ 24 միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Ալիկ Սարգսյանը պատերազմից հետո՝ 1995թ. առաջիններից էր, որ գեներալի կոչում ստացավ:
-Հուշեր չե՞ք գրում,- հարցնում եմ՝ գեներալի հարուստ կենսագրության փաստերից տպավորված:
-Ո՛չ, հուշերն ինձ համար չեն,- իր բարի ու պայծառ ժպիտով կտրուկ պատասխանում է գեներալը:
Փոխարենը՝ այսօր էլ 80-ամյա ՀՀ ՀՕՊ զորքերի առաջին պետը շարքում է. ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի անդամ է: Մշտապես այցելում է ՀՕՊ զորամասեր, մասնագիտական հոդվածներ է գրում, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի կատարելագործման իր տեսլականն է թղթին հանձնում` տարիների ընթացքում կուտակած հսկայական փորձը փոխանցելով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերին: «Երեկ ՀՕՊ ուսումնական կենտրոնում ստուգումներ էի անցկացնում: Շատ տպավորված եմ,- ասում է ոգևորված:- Կենտրոնի ամբողջ ուսումնական տեխնիկան մարտական վիճակում է: Հմուտ ՀՕՊ-ավորները հրաշալի պատրաստություն են անցկացնում»: Իսկ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում եւ Արցախի Հանրապետության ՀՕՊ ստորաբաժանումներից մեկում: Վաստակաշատ գեներալն այսօր էլ ապրում է իր և իր համախոհների ստեղծած զավակով՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ով:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և
գեներալ Ա.ՍԱՐԳՍՅԱՆԻ անձնական արխիվից
Խորագիր՝ #14 (1261) 3.10.2018 – 9.10.2018, Ճակատագրեր