ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Հոկտեմբերի 15-ից 19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է ԶՈւ ԳՇ պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին: Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարին նվիրված միջոցառման լիագումար նիստում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարևորել է միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման գործում տեղեկատվության և հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակման նշանակությունը, առաջարկել դիտարկել համապատասխան մեխանիզմների և ընթացակարգերի ձևավորման հնարավորությունը:
Վաշինգտոնից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Վիսբադենում անցկացված Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա խորհրդաժողովին:
Հանդիպումը նվիրված է եղել միջազգային արդի սպառնալիքների գործընկերության ամրապնդման և փոխգործունակության զարգացման ուղիների և միջոցների շուրջ մտքերի փոխանակմանը:
Խորագիր՝ Նորություններ