Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ ԷԼ ՍԱՄՈՒՐԱՅՆԵՐ ԿԱՆ



«Սովորական մարտիկը հաղթում է թրով, որը պահում է ձեռքում, լավ մարտիկը` թրով, որը կրում է սրտում, իսկ հզորը` ընդանրապես առանց թրի»:

XVII դ. ճապոնացի անվանի զորավար,
թրի վարպետ Միամոտո Մուսասի

Ճապոնիայի ռազմական պատմության մեջ առանձնանում են զինվորականների երեք կերպարներ` զորավարներ, սամուրայ-ռազմիկներ եւ նինձյա-լրտեսներ: Այս հոդվածում կպատմենք սամուրայների մասին:

«Սամուրայ» բառը սերում է հին «սամուրաու» բայից, որը նշանակում է ծառայել, այսինքն` սամուրայը ծառա է: Ճապոնիայում սամուրային կոչում են նաեւ «բուսի», այստեղից էլ «բուսիդո»` «ռազմիկի ուղի» արտահայտությունը:

Որպես հատուկ խավ` սամուրայները գոյություն են ունեցել Ճապոնիայի ողջ պատմության ընթացքում: Սկզբում նրանք ծառայել են ազնվական տոհմերին, որոնց արմատները հասնում էին մինչեւ քրմերի հնագույն ճապոնական հիերարխիան: Որոշ ժամանակ անց սամուրայներն ինքնուրույն քաղաքական եւ ռազմական կշիռ են ձեռք բերում: Դարերի ընթացքում սամուրայական մի կլանին եկել է փոխարինելու մեկ այլ կլան` պայքարելով երկրի ռազմական տիրակալի` սյոգունի տիտղոսի համար:

19-րդ դարում նախկին սամուրայները դառնում են պաշտոնյաներ, նրանցից էր կազմված բանակի եւ նավատորմի հիմնական սպայական կազմը: «Բուսիդո» կոդեքսը կամ վարքականոնը (ձեւավորվել է 11-14-րդ դդ.), սամուրայական անձնվիրության եւ ավանդույթների փառաբանումը, պատերազմի պաշտամունքը` այս ամենը մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը դառնում է միլիտարիստական Ճապոնիայի գաղափարախոսության բաղադրիչը:

Սամուրայների գաղափարախոսության հիմքը եղել են ձեն-բուդդիզմը եւ կոնֆուցիականության վրա հիմնված «Բուսիդո» ուսմունքը: Վերջինս ենթադրում էր սամուրայի կատարյալ հնազանդություն իր տիրոջը: Սակայն սա չէր նշանակում, թե սամուրայը պետք է կատարեր տիրոջ կողմից պարտադրված ստորությունը կամ չարագործությունը: Այդ դեպքում նա պետք է փորձեր ամեն կերպ համոզել իր տիրոջը` փոխելու մտադրությունը: Իսկ եթե դա անհնարին էր, ապա սամուրայը կատարում էր սեպպուկու կամ հարակիրի (երկուսն էլ բառացի նշանակում են փորի պատռում)` ծիսական ինքնասպանություն: Սամուրայը ինքնասպանություն էր գործում նաեւ այն դեպքում, երբ ինչ-որ բանի պատճառով խայտառակ էր լինում: Պատիվը սամուրայի ամենաբարձր արժեքն է, որի պահպանման համար նա պատրաստ է մեռնել:

Սեպպուկուի գաղափարական իմաստն այն էր, որ ռազմիկը, իր փորը պատռելով, ամբողջ աշխարհի առաջ մերկացնում էր սեփական հոգին եւ հնարավորություն տալիս իրեն դատել այն օրենքով, որով իր տերը կցանկանար: Սեպպուկուն սովորական ինքնասպանություն չէ: Հարկավոր է տարբերել «արժանի» մահը «անարժան» մահից: Առաջին դեպքում մահն իմաստավորված է (մաքրագործել ցեղը, ցույց տալ տիրոջը նրա սխալը, կատարել տիրոջ հրամանը): Իսկ երկրորդ դեպքում անիմաստ մահ է, թեկուզեւ «հերոսական» (այդ թվում` մարտադաշտում «հիմար» մահը):

«Բուսիդո»-ն` սամուրայի վարքականոնը, ամբողջովին ներթափանցված է տիրոջն աներկբա ենթարկվելու եւ մահվան նկատմամբ արհամարհանքի ոգով: Սամուրային թույլատրվում էր առանց պատիժ ստանալու տեղում սպանել «այն ռամիկին, ով իրեն անպարկեշտ է պահում զինվորական դասի անդամների նկատմամբ»:

XVդ. սամուրայ Ասակուրա Տակակագեն կազմել է «տնային կոդեքս»: Ահա վերջինիս դրույթներից մի քանիսը.

– Անտաղանդ մարդուն մի՛ նշանակիր հրամանատար կամ դեսպանորդ միայն այն բանի համար, որ այդ պաշտոնը փոխանցվում է սերնդեսերունդ:

– Մի՛ ձգտիր անպայման ունենալ անվանի դարբնի կոփած թուրը: Քանի որ նույնիսկ 10 հազար մետաղադրամ արժողությամբ թրով մարդը չի կարող հաղթանակ տանել 100 մետաղադրամ արժողությամբ թրեր ունեցող 100 մարդու նկատմամբ:

– Բարի եղիր քաջ մարդու նկատմամբ, նույնիսկ եթե նա այլանդակ տեսք ունի: Իսկ երկչոտին կարելի է որպես ծառա վերցնել, եթե նույնիսկ նա սիրունատես է:

Սամուրայի հզորությունը որոշվում էր նրան նվիրված հողերից ստացված եկամտով: Ինչքան շատ էր այդ եկամուտը, այնքան ավելի մեծ ջոկատ նա կարող էր բերել իր տիրոջ բանակը: Սակայն նվիրված հողերը սամուրայի իրական սեփականություն չէին: Ամեն րոպե դրանք կարող էին նրանից հետ վերցնել եւ նվիրել ուրիշին:

Սամուրայները ոչ միայն ռազմիկ-ասպետներ էին, այլեւ իրենց դայմյոյի` իշխանի թիկնապահները եւ միեւնույն ժամանակ առօրյա կյանքում նրա ծառաները: Ամենապատվավոր պաշտոնը տիրոջ թրի պահապան լինելն էր, կային նաեւ «հովանոցի պահապանի» կամ էլ «արթնանալուց հետո նրան ջուր տվողի» պաշտոնները: Աստիճանաբար սամուրայները բարձր դիրքերի են հասնում եւ արդեն 15-16-րդ դ. գրավում են ճապոնական կայսրության ռազմական նախարարի, բարձրաստիճան զինվորականների եւ կայսեր ռազմական խորհրդատուների պաշտոնները:

Սամուրայի կարեւորագույն հարստությունը ձին էր: Ճապոնիայի բնակլիմայական պայմաններում դժվար է ձի բուծելը, ուստի սամուրայը հիմնականում ոտքով էր ճամփորդում: Այս ասպետները տարբերվում էին մյուսներից երկու բանով. նրանց ճակատը մինչեւ գլխի համարյա գագաթը ածիլվում էր, իսկ մազերը հետ էին սանրվում ու կապվում, եւ նրանք իրավունք ունեին երկու թուր կրել` մեծ եւ փոքր: Մնացած չափահաս տղամարդիկ կրում էին միայն փոքր թուր: Սամուրայները հավատում էին թրի` կատանայի «հոգուն», որը նրա մեջ էր դնում դարբինը: Սակայն «զենքի հոգին» կախված է ոչ միայն դարբնից, այլեւ այն կրողից: Կատանան հիշում է սուսերամարտի արվեստը եւ իր տիրոջը: Սա է պատճառը, որ մեծ ռազմիկների զենքը ոսկուց թանկ էր, քանի որ ճապոնացիները հավատում էին, որ այդպիսի զենքը հաջողություն է բերում եւ օգնում հասկանալ մարտարվեստների գաղտնիքները:

Թրի նկատմամբ առաջացած պաշտամունքը ծնունդ է տվել բազմաթիվ արարողությունների եւ ավանդույթների, որոնք մտել են ճապոնացիների առօրյա կյանք: Թուրը միշտ դրվում է աչքի առաջ, երեւացող տեղում, հատուկ պատվանդանի` կատանակակեի վրա: Հյուրը, տուն մտնելով, իջնում էր ծնկների վրա եւ թուրը դնում իրենից աջ: Այս դիրքում անհնարին է թուրն արագ հանել պատյանից: Նման արարողությունը ցույց էր տալիս, որ հյուրը լիովին վստահում է տանտիրոջը: Իսկ ձախ կողմում դրված թուրը, ընդհակառակը, անվստահություն էր նշանակում:

Ի դեպ` սամուրայները համարվում էին ոչ միայն թրի, այլեւ գրչի ասպետներ: Նրանք բանաստեղծություններ էին գրում, զբաղվում գեղագրությամբ, ինչպես նաեւ թեյի արարողության վարպետ էին: Բանաստեղծություն` թանկա գրելը դառնում է ազնվատոհմ մարդու կրթության բաղկացուցիչ մասը, առաջանում է մահից առաջ հրաժեշտի բանաստեղծություն գրելու սովորույթը: Արդյունքում` սամուրայը եւ պոեզիան դառնում են միմյանցից անբաժանելի:

Աշխարհում, որը հիմա էլ նույնն է, ինչպես հնագույն ժամանակներում,

Բառ-տերեւները պահպանում են իրենց սերմերը մարդկային սրտում:

Իսկ ահա մեկ այլ սամուրայի` ճապոնական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Կուրիբայասի Տադամիտիի գրած տողերը` 1945թ. մարտի 17-ին իր մոտ մնացած 800 զինվորների հետ ամերիկյան զորքերի դեմ մարտի նետվելուց առաջ, որը նա ռադիոյով ուղարկում է Գլխավոր շտաբ.

Թշնամին ջախջախված չէ, ես մարտում չեմ զոհվի,

Ես դեռ յոթ անգամ կծնվեմ, որպեսզի ձեռքս վերցնեմ տապարատեգը:

Գեներալ Մարեսուկե Նոգին ճապոնական բանակի հրամանատարն էր չին-ճապոնական (1894-1895) եւ ռուս-ճապոնական (1904-1905) պատերազմների ժամանակ: Երկու դեպքում էլ նա հրաման է ստանում հարձակվելու Պորտ Արթուրի վրա: Երկրորդ պատերազմի ժամանակ նա կորցնում է որդուն, ռուսները եւ ճապոնացիները միասին կորցնում են 145 հազար մարդ: Իր բանակով 1905թ. վերջին Ճապոնիա վերադառնալիս Նոգին գրում է հետեւյալ բանաստեղծությունը.

Կայսեր բանակը, միլիոն ռազմիկներ հաղթեցին ուժեղ թշնամուն,

Դաշտում մարտերից եւ ամրոցների պաշարումից
հետո մնացին դիակների սարեր,

Օ՜, ինչ ամոթ, ինչպե՞ս եմ ես նայելու նրանց
հայրերի ու պապերի աչքերին,

Մենք այսօր հաղթանակ ենք տոնում,
իսկ նրանցից քանի՞սը կվերադառնան:

Պատմության ընթացքում անվանի սամուրայների անուններն են` Տակեդա Սինգեն, Օդա Նոբունագա, Տոկուգավա Իեյասու, Միամոտո Մուսասի եւ այլն: Սամուրայների մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր («Յոթ սամուրայները», «Սյոգուն», «Վերջին սամուրայը», «Թիկնապահը», «Սամուրայների խռովությունը», «13 մարդասպանները»), մուլտֆիլմեր («Չամպլու սամուրայը», «Աֆրոսամուրայ», «Ջեք սամուրայը»), կան համակարգչային խաղեր («Սամուրայ ռազմիկները», «Սյոգուն. համընդհանուր պատերազմ»):

Ճապոնիայում այսօր էլ սամուրայներ կան: Ողջ աշխարհին ցնցեց այս տարվա մարտին երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, որի հետեւանքով Ֆուկուսիմայի ատոմակայանում վթար տեղի ունեցավ` առաջացնելով շատ բարձր ռադիացիա: Այդ վթարի հետեւանքները վերացնողներին մամուլում վաղուց արդեն անվանում են «կամիկաձե» կամ «միջուկային սամուրայներ», քանի որ նրանք գիտեն, որ ռադիացիայի բարձրագույն դոզաների են ենթարկվում եւ մահվան են դատապարտված, սակայն, որպես պատվի իսկական ասպետներ, գիտակցորեն գնում են այդ քայլին: Այս մարդիկ ո՛չ լրագրողների հետ են շփվում, ո՛չ էլ իրենց հարազատների, այլ լուռ կատարում են իրենց գործը:

Վարպետ սամուրայ Միամոտո Մուսասին սամուրայի ուղու վրա ոտք դնել ցանկացողներին տալիս է հետեւյալ խորհուրդները.

– Թույլ մի՛ տվեք, որ ձեզ պարուրեն այն մտքերը, որոնք անկեղծ չեն:

– Ուղին իմացվում է միայն վարժանքներում:

– Խորացեք յուրաքանչյուր գործողության մեջ:

– Ուսումնասիրեք բոլոր մասնագիտությունների Ուղին:

– Զարգացրեք ինտուիտիվ ըմբռնումը:

– Ամեն ինչում տարբերեք ձեռքբերումը եւ կորուստը:

– Նկատեք այն, ինչը դժվար է տեսնել:

– Ուշադրություն դարձրեք նույնիսկ մանրուքների վրա:

– Ոչ մի անօգուտ բան մի արեք:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


14/09/2011