ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Անհրաժեշտ է սահմանել վտանգների ուսումնասիրման որոշակի հաջորդականություն.
1-ին փուլ (ընթացաշրջան)` վտանգների նախնական վերլուծություն, որը բաղկացած է մի շարք քայլերից.
քայլ 1. վտանգների անվանացուցակի կազմում,
քայլ 2. վտանգի առաջացման աղբյուրների որոշում,
քայլ 3. վտանգների բացառում, որոնք չեն ուսումնասիրվելու առժամանակ դրանց պակաս կարեւորության պատճառով:
2-րդ փուլ (ընթացաշրջան)` վտանգների իրավիճակների հաջորդականության բացահայտում, իրադարձությունների եւ վտանգների ծառի կառուցում /ուրվագծում/:
3-րդ փուլ (ընթացաշրջան)` հետեւանքների վերլուծություն:
Միանշանակ է, որ մարտական ուսուցման, ամենօրյա գործունեության, պահակային, ներքին ծառայությունների ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել որոշակի կանոններ` զինվորական ծառայության անվտանգությունը առավել բարձր դարձնելու նպատակով: Այս կամ այն իրավիճակում զինծառայողների վարքագիծը բնորոշում են անվտանգության պահանջները եւ կարգավորվում են մի շարք հիմնական նորմատիվ-իրավական փաստաթղթերով, նոր ստացված («օպերատիվ») հրամաններով, վերադաս հրամանատարության դիրեկտիվներով, ինչպես նաեւ կայազորի պետի եւ զորամասի հրամանատարի պահանջներով: Բոլոր վերը թվարկված փաստաթղթերն արտացոլում են զինծառայողների իրավական կարգավիճակը, գործառնական (ֆունկցիոնալ), պաշտոնեական եւ այլ պարտականություններ, ընդ որում` պետք է հաշվի առնվեն զորամասի տարածքային առումով տեղաբաշխումը եւ նրա գործառնական (ֆունկցիոնալ) նախորոշումը (նախատեսվածությունը):
Մարտական հերթապահության, պահակային եւ ներքին ծառայություններին վերաբերող զինվորական ծառայության անվտանգության պահանջները բաժանվում են ընդհանուրի եւ առանձնահատուկի (տես` աղյուսակը):
ԶԾԱ ընդհանուր պահանջները կարգավորում են անվտանգ վարքի կանոնները բոլոր տեսակներում ծառայական գործունեության ընթացքում առաջացած վտանգների նկատմամբ:
Զինվորական ծառայության անվտանգության առանձնահատուկ պահանջները կարգավորում են անվտանգ վարքի կանոնները ծառայական գործունեության ժամանակ առաջացող կոնկրետ վտանգների նկատմամբ:
Պահակային ծառայության մեկ պրիմիտիվ օրինակով քննարկենք զինծառայողների վարքի կանոնները, որոնք բնութագրում են զինվորական ծառայության անվտանգությունը: «Պահակային ծառայության անվտանգությունը» կարելի է բաժանել մի շարք փուլերի, որոնք ըստ ժամանակի համընկնում են պահակային ծառայության կազմակերպման փուլերին:
1. Պահակային ծառայությանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է.
-ուսումնասիրել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները (ԶՈՒ ՆԾԿ հոդ. 17, հրշեջ- եւ էլեկտրաանվտանգության պահանջներ),
-ուսումնասիրել զինվորական ծառայության անվտանգության առանձնահատուկ պահանջները (ԶՈՒ կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթը՝ ժամապահի անձեռնմխելիության եւ զենքի կիրառման կարգի մասին, զգոնությունը կորցնելու, ժամապահի եւ պահակայինի /պահակի/ պարտականությունների կատարման նկատմամբ քմահաճ /արհամարհական/ վերաբերմունքի հետ կապված խախտումների համար քրեական պատասխանատվության, ինչպես նաեւ ժամապահների վրա հարձակվելու դեպքերի մասին, գործողությունները էքստրեմալ պայմաններում, զենքի ճիշտ կիրառումը գործնական պարապմունքների, ինչպես նաեւ մարտական պատրաստության պարապմունքների ժամանակ):
Օրինակ 1. Շարքային Ա.Գալստյանը պահակային ծառայությանը նախապատրաստվելու փուլում չի ուսումնասիրել հավանական էքստրեմալ (կյանքի եւ առողջության համար վտանգավոր) իրավիճակները, ինչպես նաեւ կանխարգելիչ գործողությունները դրանց առաջացման դեպքում: Եվ ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով, գտնվելով պահակակետում, մրսել է ու հիվանդացել: Հանվել է պահակային ծառայությունից եւ ուղարկվել բուժկետ:
2. Պահակային ծառայություն կատարելիս.
ա) պահակայինը պարտավոր է`
– պահպանել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները (վնասվածք- հրշեջ- եւ էլեկտրաանվտանգության պահանջները),
– պահպանել զինվորական ծառայության անվտանգության առանձնահատուկ պահանջները (առանց պահակապետի թույլտվության չլքել պահակատունը, պահակատանը պահպանել լռություն եւ կարգ ու կանոն, հստակ գիտենալ իր գործողությունները համաձայն մարտական հաշվարկի, պրակտիկ գործողություն մշակելիս կամ կատարելիս պահպանել անվտանգության պահանջները):
բ) ժամապահը պարտավոր է`
– խստորեն պահպանել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները (վնասվածքա- եւ էլեկտրաանվտանգությունը, ծառայությունը կատարել զգոն (առույգ), ոչնչով չհրապուրվել, կարողանալ կիրառել պահակակետում գտնվող հրշեջ (հրդեհաշիջման) միջոցները, հիվանդանալու (վիրավորվելու) դեպքում կանչել պահակադրին կամ պահակապետին),
– խստորեն պահպանել զինվորական ծառայության անվտանգության առանձնահատուկ պահանջները (ստանձնելով հերթապահությունը` ժամապահը պետք է անձամբ զննի եւ ստուգի այն ամենի առկայությունն ու սարքինությունը, ինչը պետք է պահպանության վերցնել համաձայն պահակակետերի ցուցակի, զգոն լինել ու պաշտպանել իրեն վստահված պահակակետը, ձեռքից բաց չթողնել զենքը եւ այն ոչ մեկի չտալ` նույնիսկ նրանց, որոնց ինքը ենթակա է, պահակակետում զենքն ունենալ լիցքավորված վիճակում եւ միշտ պատրաստ գործողության, ոչ ոքի թույլ չտալ գտնվելու պահակակետին սահմանվածից ավելի մոտ, որը նշված է պահակակետերի ցուցակում, բացառությամբ պահակապետի, պահակապետի օգնականի, պահակադիրի եւ անձանց, որոնց նրանք ուղեկցում են):
Օրինակ 2. Շարքային Ա.Համբարձումյանը վատ է ուսումնասիրել իր գործողությունները` համաձայն մարտական հաշվարկի, ուսումնական իրավիճակներից մեկի ժամանակ վազել է այլ ուղղությամբ ու բախվել ոչինչ չկասկածող շարքային Ա.Ղանադյանին: Հետեւանքը` շարքային Ա.Ղանադյանի դեմքի /ծնոտի/ վնասվածքը:
3.Պահակակետում հերթափոխվելուց հետո զինծառայողը /արդեն պահակային/ պարտավոր է`
– շարունակել կատարել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները,
– վերլուծել անվտանգության ընդհանուր եւ առանձնահատուկ պահանջների կատարումը պահակակետում անցած հերթափոխի ընթացքում, կատարել որոշակի եզրահանգումներ անձնական անվտանգության հետագա բարձրացման վերաբերյալ:
Զինվորական ծառայության անվտանգության պահանջները մարտական ուսուցման, ամենօրյա գործունեության, ներքին ծառայության եւ մարտական հերթապահության կազմակերպման ժամանակ նման են պահակային ծառայության անվտանգության վերը թվարկված պահանջներին:
Զորամասի, ինչպես նաեւ ստորաբաժանման պաշտոնատար անձինք զորքերի ծառայության կազմակերպման, ղեկավարման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացնում են օրենքների, համազորային կանոնադրությունների, պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի /հրամանի առումով` նաեւ կայազորի պետի, զորամիավորման, միավորման, զորամասի հրամանատարի/ հրամանների ու դիրեկտիվների, հրահանգների եւ ուղեցույցների պահանջներին, պաշտոնական եւ մասնագիտական պարտականություններին համապատասխան։
ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 17-րդ հոդվածում օրենքն ամրագրում է` զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների եւ հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ