Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸԴեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ամառային զորակոչի արդյունքների և ձմեռային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու բացթողումները: Անդրադարձ է եղել զորակոչվածների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների համակողմանի բուժզննման ոլորտում առկա խնդրահարույց հարցերին:

Ներկայացվել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքներն ու նշյալ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտերի վերաբերյալ վիճակագրական տվյալները:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ձմեռային զորակոչի գործընթացը և հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


25/12/2018