Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



ՏՈՆԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸԳինեվանը տոնածառի նկարազարդ խաղալիքներն ու կարմիր ժապավենները կախում է երկհարկանի մահճակալների եզրերից: Թելով ամրացնում է կանաչ, դեղին, սպիտակ փուչիկների ծայրերն ու կապում պատին խփված մեխերից: Ոսկեգույն գանգուր փայլերով զարդարում է մուտքը: Այսպես է հանդերձավորվում հարկ-հարկ բարձրացող լեռների գրկում ամրացած գետնատնակը: Այսպես է դեմքով դեպի հակառակորդը, թիկունքով դեպի հայրենիքը կանգնած փոքրիկ բլինդաժը լցվում ամանորյա տրամադրությամբ: Այստեղ՝ առաջնագծում են Գինեվանն ու նրա ընկերները դիմավորելու գալիք տարին: Ամպերից վերեւ` թշնամուն այնքան մոտ, զենքը ուսերին, գիշերը ամուր  կանգնելու են կրակակետերում, որ տաք տներում հնչեն կենացները, խնդության աղաղակները:

 

Գինեվանն այս Ամանորին էլ կպահի դիրքն ու կզորացրվի: Ուզում է տոնն անմոռանալի լինի զինընկերների համար: Անպայման երգելու է իր «ռեպերտուարի» ամենապահանջված ստեղծագործությունները՝ սիրային, հայրենասիրական եւ, իհարկե, մոր մասին: Անցնող տարվա գլխավոր նվաճումը մատնանշելիս  զինվորը երկար չի մտածում. «Պատվով պահեցինք հենակետը»:

Հերթափոխը նոր հանձնած տղաներն են,  թափ են տալիս կոշիկների ձյունը, ներս մտնում: Նրանց ծիծաղից  կիսամութ կացարանը միանգամից փոխվում է, լցվում կյանքով, շունչ եւ հոգի առնում: Գինեվանի անակնկալն ստացվեց: Տղաներն ասում են՝ ամեն դիրքապահ երազանք ունի՝ գոնե մեկ անգամ հենակետում նշել Նոր տարին: «Սակավաթիվ երջանիկներից ենք»,-հաստատում է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հակոբյանը: Նա պատասխանատուի առոգանությամբ թվում է 2018թ. ձեռքբերումները. էներգիայի նոր աղբյուր ունեցան՝ արեւային վահանակն է, խրամաբջիջներն ամրացրին, ծավալուն քողարկման աշխատանքներ կատարեցին: Իսկ անցած օրն իրենց հյուրը Վայոց ձորի մարզպետն էր: «Ինչի՞ կարիք ունեք, ի՞նչ պակաս բա կա»` նրա հարցին տղաները միանգամից էլ պատասխանեցին. «Խճաքար է պետք»: Եվ հիմա այն կույտ-կույտ կիտված է դիրքի բակում: Այսօր-վաղը կծածկեն խրամատ տանող անցուղին, եւ գալիք տարում ցեխը կնահանջի:

Ցեխը փափուկ է. կոշիկներս խրվում են: Մեր երթը դեպի խրամաբջիջներ կանգ է առնում: Ավագ լեյտենանտ Էդիկ Մղդսյանը չափազանց բարի է երեւում: «Ոչինչ, էստեղի ցեխը մաքուր է»,-ասում է եւ օգնում դուրս գալ «շրջափակումից»: Հակառակորդի հետ փոխհրաձգությունը «լեզվակռիվ» է անվանում, ասել է թե՝ լուրջ բան չկա: Բայց տոներին վաշտի երիտասարդ հրամանատարը կրկնակի խիստ է վերահսկելու հերթապահության կարգը, որովհետեւ հենց տարին փոխվում է, թշնամին ակտիվանում է: Դիրքապահները լրացուցիչ օգնականներ ունեն. ժամանակակից տեսադիտարկման սարքերն են: Ցույց են տալիս շարժերը խրամատից կիլոմետրեր այն կողմ:  Անզեն աչքով ոչինչ չես նկատի. նիրհուն մառախուղը օրերով հարմար տեղավորվում է մեզ հակառակորդից բաժանող ձորում:

Հերթապահող զինվորը՝ Լեւոնը, իր գործի կարեւորությունը գիտակցողի զգոնությամբ «գրկել է» գնդացիրը:  2018 թ. նրա հուշերի շղթայում առանձնահատուկ տեղ կզբաղեցնի. առաջին անգամ մարտական հերթապահության բարձրացավ. «Այս դիրքը հոգեհարազատ է դարձել, որովհետեւ այստեղ ծանոթացել եմ ընկերներիս հետ, որովհետեւ ա՜յ այն կետից մի անգամ արձանագրել եմ հակառակորդի տեղաշարժը, որովհետեւ գիտեմ, թե որ հատվածում թշնամուն ինչ անակնկալ է սպասում:  Եվ հիմա նույն դիրքում դիմավորելու եմ Ամանորը: Իմ խրամաբջիջից ուզում եմ շնորհավորել տնեցիներիս, բարեկամներիս, ընկերներիս, հարևաններիս, մեր ժողովրդին եւ վստահեցնել՝  2019 թվականին նույնպես սահմանները պինդ ենք պահելու»:

Տոնական ուրախության պահապաններից մեկն էլ Դերենիկ Թովմասովն է: Դիրքապահը Նոր տարին կամ, ինչպես ասորիներն են ասում՝ Հաբ-Նիսանին, երկու անգամ է նշելու՝ հունվարի  1-ին, ապա ապրիլի 1-ին: Սակայն անցնող տարվա հիշվող օրը նույնն է. «Օգոստոսի չորսն էր՝ դիրքեր պիտի բարձրանայի: Վաշտիս հրամանատարն իմացավ, որ որդուս մեկամյակն է եւ կարճաժամկետ արձակուրդ շնորհեց: Պատկերացնո՞ւմ եք իմ ուրախությունը… Դա ավելին է, քան Նոր տարվա գիշերը քո երազած նվերն ստանալը… Քանի տարի էլ անցնի՝ ինձ ջերմացնելու է իմ ծառայության այս անմոռանալի դրվագը»:

«Դե, որ այդպես է, մի պատմություն էլ ես պատմեմ,-միջամտում է ավագ լեյտենանտ Մղդսյանն ու վերհիշում,-դասակի հրամանատար եմ, առաջին անգամ Ամանորը դիրքերում պիտի  դիմավորեմ: Ասել են՝ կրակ վառել չի կարելի: Էհ, առանց խորովածի ի՞նչ Նոր տարի:

Տաք-տաք խորովածն արդեն լավաշների մեջ եմ քաշում, երբ մեկ էլ զանգ է գալիս: Տեղեկացնում են՝ գումարտակի հրամանատարը մեր դիրք է բարձրանում: Խորովածը պահում եմ: Հրամանատարը սեղանին նախ նկատում է մոշի կոմպոտը: «Ալկոհո՞լ է»,-աչքերը ոլորում է վրաս: «Ոչ մի կերպ»,-քարանում եմ: Մի բաժակ խմում է, համոզվում: Հետո նորից դառնում է ինձ. «Էս ինչո՞ւ խորոված չունեք»:  Կարկամում եմ. «Ի՞նչ… Դե, պարոն փոխգնդապետ… Չի թույլատրվում…»: Զարմանում է. «Ո՞նց թե՝ չի թույլատրվում: Երկու օր ժամանակ ունես, զեկուցես, որ տղերքի համար խորոված ես պատրաստել»: «Լսում եմ»,-հրամանն իմ սրտով էր: Հրամանատարին ճանապարհեցինք ու անցանք խորովածին»:  Բոլորս ժպտում ենք, իսկ ավագ լեյտենանտը վստահեցնում է. «Էս անգամ էլ խորոված կլինի»:

Հետեւում թողնելով խրամատը՝ մտնում ենք դիրքային ճաշարան: Մաքուր է, լուսավոր, տոնական հարդարանքով: Զինվորներից Հարութը բաժակներ ու ափսեներ է շարում սեղանին, հրամանատարի կնոջ թխած մեղրով տորթն է կտրում: Ամանորի սեղանի պատասխանատուն ինքն է լինելու, ասում է՝ անպայման զարմացնելու է ընկերներին: Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Օնիկ Պետրոսյանն էլ նշում է. «Ճաշացանկը օրվան համահունչ՝ տոնական կլինի. հյութ ու քաղցրավենիք, միրգ ու ընդեղեն: Այ, ալկոհոլը խստիվ արգելվում է, բայց, հո չի նշանակում, թե բարեմաղթանքներ չեն հնչելու: Իսկ կենացներն այստեղ միշտ էլ նույնն են. թող շարքում ոչ մեկի տեղը դատարկ չմնա, թող թշնամու գնդակը միշտ վրիպի, թող  բոլորն անվնաս հասնեն տուն ու ամուր գրկեն իրենց ծնողներին, թող զինվորի սիրելի աղջիկը նրան անհամբեր սպասի…»:

«Պարո՛ն մայոր, բա հակառակորդին մի քիչ խելք չցանկանա՞նք,-ասում է եզդի զինվորը՝ Ասլանը,-իրենց համար եմ ասում, թե չէ՝ մենք միշտ պատրաստ ենք դեմներն առնելու…»:

 

Հ. Գ. Դե, ինչ, երբ ժամացույցի զանգերը խփեն 12-ը, երբ տներում բաժակ բարձրացնենք, երբ միմյանց շնորհավորենք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ, չմոռանանք լեռներում տոնական ուրախությունն ու խաղաղությունը հսկող զինվորներին, որովհետեւ, ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորն էլ սկսվում է սահմանից:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/12/2018