ՀՈՂԸ ՊԱՀԵՑԻՆՔ…
Պատերազմն անցած զինվորի ու զինվորականի համար պատերազմը երբեք չի ավարտվում, օրերը հեռանում են, գնում, բայց հուշերի ալիքը տարիների հեռավորությունից գալիս, պաշարում է միտքը, տակնուվրա անում սիրտը, հոգին: Չավարտված պատերազմ է հոգու, սրտի մեջ…
Ալբերտ Աղաջանյանը ապրիլյան պատերազմական գործողությունների մասնակից է եւ բանակից վերադարձել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, վեց ամիս ուսումնական փուլն անցնելուց հետո տեղափոխվել առաջնագիծ, ծառայել տանկային վաշտում:
-Կռվի ժամանակ տանկից շատ բան է կախված, տանկը ցամաքային զորքերի գլխավոր հարվածային ուժն է, հզոր ռազմական բռունցքը,- Ալբերտն իրար հետեւից, ամենայն մանրամասնությամբ թվարկում է զրահապատ թրթուրավոր մեքենայի բոլոր առավելություններն ու հնարավորությունները ու այնքան ոգեւորված, խանդավառ ու սիրով է խոսում երկաթյա նժույգի մասին, ասես շնչավոր արարածի մասին է պատմում:- Հիմա էլ, երբ հեռուստացույցով տանկ եմ տեսնում, սիրտս մի անբացատրելի զգացողություն է պատում:
Հրաձգարանում էինք, երբ կռիվն սկսվեց… խաղաղ վիճակից մեկեն հայտնվեցինք մարտադաշտում, թշնամին տարբեր զինատեսակներից էր կրակում:
Կռիվ էր, պատերազմ, շուրջբոլորը կրակոցների տեղատարափ էր, բայց երեւի կզարմանաք, մենք տանկի մեջ բոլորովին ուրիշ թեմաներից էինք խոսում՝ ծնողներից, բնությունից, եղանակից… ամեն ինչից, բացի պատերազմից ու մահից… Բոլորիս միջից վախն ասես անհետացել էր… Վճռական էինք տրամադրված՝ ոչ մի քայլ, ոչ մի միլիմետր հետ չենք գնալու, չենք նահանջելու, քանի որ պարզ գիտակցում էինք՝ թեկուզ մեկ քայլ հետ գնալը թշնամուն կմոտեցնի մեր շեներին, մեր օջախներին, մեր հարազատներին… Մեր կողքին այդ օրերին կանգնել էին նաեւ կամավորականները. արցախյան պատերազմն անցած ազատամարտիկների ներկայությունը մեզ ավելի էր ոգեւորում, թեւ տալիս…
Մայիսի 5-ին ծնունդս էր. տղերքը ինձ շնորհավորեցին, հազար մաղթանք ասացինք իրար ու ամենաշատը՝ հայրենիքն ամուր, պինդ պահենք ու տուն վերադառնանք… Ճակատագիրը, չգիտեինք՝ ինչ էր սահմանել մեզ համար, մենք կռվում էինք ու մեր այս փոքրիկ, մի ափաչափ հողակտորը՝ հայրենիքը, պաշտպանում զենքով եւ կյանքով…
…Ամենաշատը այդ օրերին մորս մասին էի մտածում: Հրադադարից հետո երկար ժամանակ չէի կարողանում կապ հաստատել մերոնց հետ:
Ծառայությունից հետո շատ եմ փոխվել, փոխվել է մտածելակերպս, հայացքներս, ամեն ինչ ավելի եմ գնահատում եւ արժեւորում…
Հաճախ ենք հանդիպում բանակային ընկերներով: Բանակի ընկերությունն ուրիշ է, ուրիշ է հատկապես, երբ սահմանին ես ծառայել, երբ կյանքի ու մահվան սահմանագծին ես եղել, էս դեպքում, հավատացեք, հեռու-մոտիկ ընկերներ չկան, բոլորը մոտիկ են՝ սրտիդ մեջ, հարազատի նման…
Հավաքվելիս անպայման այցելում ենք մեր զոհված ընկերների ծնողներին, նրանք իրենց որդիների կարոտը մեզնից են առնում, ուրախանում մեր ուշադրությունից: Նրանց ցավը բաց վերք է, որ երբեք-երբեք չի սպիանա, բայց մեր այցելությունը փոքրիկ մի դարման է, փոքրիկ մի սփոփանք ու սպեղանի… Նրանք մեր բոլորի ուշադրության կարիքն ունեն…
Պատերազմի ժամանակ վիրավորումից հաշմանդամ դարձած ընկերներ էլ ունեմ, էնքան եմ ուզում ապաքինվեն, լիարժեք կյանքով ապրեն…
…Հավաքվում ենք ընկերներով, չէ՛, պատերազմական օրերից չենք խոսում, խոսում ենք միայն բանակային կյանքի ուրախ օրերից, մեր արկածներից պատմում ու նայում առաջ…
Հիմա մեր երկրում զորակոչ է, նոր զորակոչվողները պաշտպանելու են կյանքով պահված հայրենիքը:
Հպարտ եղեք, տղե՛րք, ծառայելու եք մեր թանկ ու սուրբ հողի համար:
Արժանապատիվ ծառայեք ու հետ եկեք, տղե՛րք…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն