Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎՏԱՆԳ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈՆՔ ԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ



ԱՆՎՏԱՆԳ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈՆՔ ԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸԶրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանի հետ

 

-Պարոն գնդապետ, զինվորական ծառայության անվտանգության խնդիրները քննարկելու միտքը ծագեց, երբ զորամասին պատկանող եւ զինվորներին տեղափոխող մեքենան շրջվեց՝ դառնալով մարդկային զոհերի պատճառ: Դրան հետեւեց դեկտեմբերի 4-ին մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք կատարող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարը, որը խլեց երկու օդաչուի կյանք, բառացիորեն մի քանի օր անց ձնահոսքի զոհ դարձավ պայմանագրային զինծառայող 23-ամյա Հայկ Քարամյանը: Ընթանում է քննություն, որը կբացահայտի ողբերգական դեպքերի բոլոր մեղավորներին, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ խախտվել են զինծառայության անվտանգության մի շարք կանոններ:

-Զինվորական ծառայության անվտանգության սպառնալիքների շարքում առաջնային է որոշ զինծառայողների մասնագիտական ցածր մակարդակը, հմտությունների պակասը, անվտանգության կանոնների թերիմացությունը: Ինչպես նաեւ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ անձնական պատասխանատվության անփույթ դրսեւորումները:

-Ի՞նչ է նշանակում՝ որոշ զինծառայողներ: Նրանք քանի՞ հոգի են, կա՞ ուսումնասիրություն՝ ինչո՞ւ են մյուսները պատասխանատու, նրանք՝ ոչ:

-Մենք խնդիրն ուսումնասիրել ենք համակողմանի եւ ամենայն մանրամասնությամբ, պատճառահետեւանքային բոլոր կապերով, ներկայացրել ենք կանխարգելիչ եւ արդեն իսկ առկա հետեւանքները վերացնող գործունեության ձեւերն ու մեթոդները: Ինչը մասնավորապես ներառում է զինծառայողների մասնագիտական որակների կատարելագործումը, անվտանգության կանոնների ուսուցումը անձնակազմին, պարբերական ու հետեւողական հրահանգավորումը, խիստ վերահսկողությունը, ինչպես նաեւ պարտականությունների ու պատասխանատվության հստակեցումը բոլոր օղակներում՝ կապված զինծառայության անվտանգության պահպանման հետ: Մենք հրատարակել ու վերահրատարակել ենք ուսումնական ձեռնարկներ, օրինակ՝ «ՀՀ զինված ուժերում զորքերի ծառայության կազմակերպումը եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» ձեռնարկը, որը լրացուցիչ օգնություն է շահագրգիռ ստորաբաժանումներին ու զինծառայողներին:

-Եթե թերթեք համապատասխան ամփոփագրերը, կտեսնեք, որ ամեն տարի մենք ունենում ենք մարդկային կորուստ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով: Սովորաբար, անփույթ կրակոց արձակած զինվորը կա՛մ չի իմացել զենքի հետ վարվելու կանոնները, կա՛մ չի պահպանել այն: Երկու դեպքում էլ առկա է թերի աշխատանք, պատշաճ հսկողության բացակայություն: Անվտանգության կանոնները խախտելու տասնյակ, գուցե հարյուրավոր դեպքերից մեկն է ավարտվում ողբերգությամբ, մնացածը ծանր հետեւանքներ չեն ունենում, իսկ առավել աննշան խախտումները երբեմն չեն արժանանում իրավական գնահատականի: Իրավապահները այդ որակի խախտումները կոչում են լատենտ, այսինքն՝ թաքնված, բայց հենց դրանց պարարտ հողի վրա են ծնվում ողբերգությունները: Ուստի՝ անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով առաջացած մահվան ելքով մեկ դեպքն էլ բավական է հասկանալու, որ ոլորտում բացթողումներ կան:

-Անշուշտ, զինծառայության անվտանգության կանոնները պահպանելը պիտի լինի անշրջանցելի օրենք բոլորի համար: Այսօր լուրջ խնդիր է նաեւ որոշ օղակներում ռազմական տեխնիկայի մաշվածությունը, ինչը նույնպես օրենքի խախտում է, իր դարն ապրած մեքենան դեռ կարող է աշխատել, բայց ծայրահեղ իրավիճակներում մաշվածությունը կասի իր խոսքը՝ տեխնիկան կխափանվի, չի գործի պատշաճ արդյունավետությամբ՝ իր բոլոր ծանր հետեւանքներով:

Ավելի մեծ խնդիր է անսարք տեխնիկան շահագործելը: Ամենափոքրիկ անսարքությունը ծայրահեղ իրավիճակում կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Հարյուր անգամ բարեհաջող շահագործված անսարք տեխնիկան մեկ անգամ աղետի պատճառ կդառնա:

-Ի՞նչ է արել Ձեր ղեկավարած կառույցը այս առնչությամբ:

-Մենք ներկայացրել ենք ամփոփ վերլուծություն, որը արձանագրում է խնդրի ծավալները, տարածվածությունը, ինչպես նաեւ տեղեկություն է տալիս ոչ միայն տեխնիկայի, այլեւ շենք-շինությունների եւ հատուկ կառույցների ֆիզիկական մաշվածության մասին:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր վերլուծությունների հիման վրա կմշակվի աշխատանքների նոր ժամանակացույց, նոր առաջնահերթություններով:

-Անշուշտ, վերլուծությունները, անվտանգության առումով առկա վիճակի գնահատումը դառնում են հիմք առաջիկա եւ հեռանկարային նպատակաուղղված աշխատանքային ծրագրերի համար:

Հաջորդ սպառնալիքներին անդրադառնալով՝ թերեւս սկսեմ զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակից: Պետք է արձանագրենք, որ 16-18 տարեկան տղաների առողջական տվյալներում բացասական շարժ է նկատվում:

-Տեսեք՝ մենք ինչ արեցինք. փոխանակ լուծենք նախազորակոչային տարիքի պատանիների առողջության պահպանման ու վերականգնման խնդիրը եւ պատկան մարմիններին ստիպենք, որ լրջորեն մտածեն նախազորակոչային տարիքի անձանց առողջությունը պահպանելու ու բարելավելու մասին եւ խնդիրը լուծող արդյունավետ ծրագիր ներկայացնեն, մի քանի տարի առաջ խստացրինք օրենքը: Այսինքն՝ իջեցրինք առողջության պատճառով զորակոչից ազատվելու եւ տարկետման շեմը: Հետեւանքը եղավ այն, որ որոշ հիվանդությունների պատճառով նախկինում տարկետում ստացած զինակոչիկները զորակոչվեցին, այսինքն՝ այն տղաները, որոնք նախկին օրենքով պիտի տարկետում ստանային կամ ազատվեին զինծառայությունից, համալրեցին զորքերը:

-Սա իրավիճակային լուծում էր, բայց անաչառ լինելու համար պիտի ասենք, որ զուգահեռաբար ներդրվեց սահմանափակումով ծառայության համակարգը, եւ առողջական որոշ խնդիրներ ունեցող զինվորներին զորքերում առաջարկվեց այնպիսի ծառայություն, որը չէր վնասի նրանց առողջությանը:

-Իմ ասածն այն է, որ նախազորակոչային տարիքի սերնդի առողջապահությունը չբարելավվեց: Անձամբ ես խնդրի մասին տասնյակ հոդվածներ եմ գրել, այն քննարկելով իրավասու անձանց հետ, բայց սայլը տեղից չի շարժվում: Խոսքը վերաբերում է նաեւ նախազորակոչային տարիքի տղաների ֆիզիկական պատրաստվածությանը: Ի դեպ, այս խնդիրը ընդգրկվա՞ծ է սպառնալիքների շարքում:

-Այո՛, ընդգրկված է:

-Պատանիների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը վերջին տասնամյակում բարելավվել է, թե՞…

-Կա որոշ հետընթաց:

-Տեսեք, եթե մի քանի տարի առաջ մենք արդարանում էինք, թե բանակ է գալիս պատերազմի, ցրտի, սովի, խավարի տարիների սերունդը, եւ, բնական է, որ նրանք պիտի առողջական խնդիրներ ունենան եւ ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակ, այսօր զորակոչվում են 2000 թվականին ծնված տղաները:

-Մենք առաջարկել ենք դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի ժամերը ձեւափոխել, այսպես ասած` դնել «ռազմական ռելսերի» վրա, եւ աննպատակ խաղերն ու վազվզոցը փոխարինել նպատակաուղղված ֆիզպատրաստության պարապմունքներով, հավելել նաեւ արտադպրոցական պարտադիր միջոցառումները դպրոցի, համայնքի, քաղաքի մակարդակով: Պիտի լինի միասնական եւ համակարգված աշխատանք բոլոր իրավասու ատյանների ներգրավմամբ: Չի կարելի ասել, թե ոչինչ չի արվում այս ուղղությամբ, բայց փաստ է, որ արդյունքները չեն գոհացնում: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ռեժիմը պահանջում է, որ մենք հնարավորինս պատրաստ լինենք դիմակայելու մարտահրավերներին, որոնք կարող են հայտնվել ամենադաժան սցենարով:

-Ինչպես ապրիլյան պատերազմը, ինչպես կյանքեր խլած տասնյակ դիվերսիոն գործողությունները: Ի դեպ, առաջնագծում տիրող լարվածությունն ընդգրկվա՞ծ է զինվորական ծառայության անվտանգության սպառնալիքների շարքում:

-Այո՛, ընդգրկված է, եւ սրան դիմակայելու համար բանակը վերջին երկու տարում ահռելի աշխատանք է կատարել, որպեսզի կարողանանք նվազագույն կորուստներով կասեցնել հակառակորդի ագրեսիան:

Սահման պահող զինվորի ու սպայի անվտանգության գրավականը այսօր առաջնագծի պաշտպանունակության անհամեմատ բարձր մակարդակն է, ինժեներական ապահովման որակը, ժամանակակից սարքավորումների առկայությունը սահմանին:

-Զինվորական ծառայության անվտանգությանն ուղղված ուրիշ ի՞նչ սպառնալիքներ կան:

-Փողոցային, հոռի վարքը դեռեւս շարունակում է ներթափանցել բանակ, եւ քրեականացված փոխհարաբերություններն իրենց կնիքն են դնում ներբանակային բարքերի վրա:

-Բայց բանակում սպանություններն ու ինքնասպանությունները նվազել են:

-Եթե դրական արդյունք է արձանագրվել, ապա միայն այն պատճառով, որ բանակում փորձել ենք ջանադրաբար վերացնել առկա խնդրի հետեւանքները: Ընտանիքը, դպրոցը, հասարակությունը պետք է ունենան միասնական բարոյական արժեհամակարգ, բարոյախոսություն: Սա լուրջ խնդիր է:

Զորքերի բարոյահոգեբանական ապահովումը, անկասկած, ունի իր կարեւոր դերը, եւ այդտեղ նոր, առավել արդյունավետ մոտեցումների անհրաժեշտություն կա: Սակայն մենք մեծ արդյունքի չենք հասնի, եթե չբարձրացնենք մեկնարկային որակի շեմը: Մարդուն վերադաստիարակելը շատ դժվար է, խեղված մտածելակերպն ու չափանիշները փոխելու համար տարիներ են պետք: Բանակի բարոյահոգեբանական ապահովումը պիտի ենթադրի դաստիարակության շարունակականություն՝ նույն արժեհամակարգի, բարոյախոսության ու գաղափարականության հենքի վրա, որ կա հասարակության մեջ, ոչ թե այն փոխելու նպատակ հետապնդի:

-Պարոն Կարապետյան, ես այս զրույցից առաջ մեկ անգամ եւս ուսումնասիրեցի 2009թ. հաստատված՝ «ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգը» եւ Ձեր ղեկավարած կառույցի գործառույթները: Իմ կարծիքով՝ հակասություն կա վարչության գործառույթների եւ անվանման միջեւ: Խոսքը վերաբերում է «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչություն» արտահայտությանը: Ձեր վարչությունը անվտանգություն ապահովելու գործառույթ չունի, այլ սահմանում է զինվորական ծառայության անվտանգությանն ուղղված սպառնալիքները, ձեւավորում դրանց դեմ պայքարի ուղղություններն ու մեթոդաբանությունը, իսկ կատարումը, ասել է թե՝ ծառայության անվտանգությունը գործնականում ապահովում են համապատասխան ստորաբաժանումները:

-Այո՛, ամենամեծ ցանկության դեպքում անգամ մեր վարչությունը չի կարող կատարել զինծառայության անվտանգության ապահովման գործառույթ, որովհետեւ այն բացառապես պիտի իրացվի ստորաբաժանումների ղեկավարության եւ անձնակազմի ամենօրյա աշխատանքում: Եվ՝ ոչ միայն: Զինվորական ծառայությանն ուղղված սպառնալիքները կարող են դուրս գալ բանակի շրջանակներից եւ ընդգրկել հասարակության ավելի լայն շրջանակներ, ինչպես, օրինակ, զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետ կապված խնդիրները, որոնք ուղղակիորեն մարտահրավեր են զորքերի մարտունակությանը: Կամ, ասենք, հոռի բարքերի, խեղված բարոյական չափանիշների ներթափանցումը բանակ, որոնց ակունքը նույնպես դուրս է զինված ուժերի շրջանակից: Սա վկայում է, որ զինվորական ծառայության անվտանգության սպառնալիքները բազմազան են, ընդգրկում են տարբեր ոլորտներ, եւ դրանց դեմ պայքարն ու զինվորական ծառայության անվտանգության ապահովումը չի կարող ամփոփվել մեկ վարչության շրջանակում: Հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով, եւ շուտով մեր վարչությունը կվերանվանվի իր գործառույթներին համապատասխան:

-Զինվորական ծառայության անվտանգության սպառնալիքները սահմանող, դրա դեմ պայքարի ուղղություններն ու մեթոդաբանությունը հուշող վարչությունը պիտի նաեւ ունենա զինծառայության անվտանգության ապահովման աշխատանքների ընթացքին հետեւելու, ուսումնասիրություններ ու վերլուծություններ անելու, այսինքն՝ վերահսկողական գործառույթ:

-Մեր վարչությունը վերջին շրջանում ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կատարելու մեզ՝ օրենքով վերապահված հսկողական գործառույթը: Եվ որ ամենակարեւորն է՝ հնարավորություն կտան ուսումնասիրելու դաշտը, անելու վերլուծություններ, վեր հանելու առկա խնդիրների պատճառահետեւանքային կապերը եւ առաջարկելու դրանք վերացնելու արդյունավետ մեթոդներ: Այսինքն՝ ստեղծելու զինծառայության անվտանգության պայմաններ:

-Որոնք են զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությունները:

-Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղություններից առաջինը իրավական ապահովումն է, ինչը ենթադրում է համապատասխան օրինագծերի մշակում եւ իրավական դաշտի ապահովում: Բոլոր հարաբերությունները պետք է կարգավորվեն տրամաբանված եւ կիրառելի օրենքներով, այդ օրենքները պետք է գործեն անխափան բոլորի համար, օրենքների իմացությունը պիտի հասու լինի յուրաքանչյուր զինծառայողի: Զինծառայողների սահմանադրական իրավունքների, ազատությունների, պետական արտոնությունների եւ սոցիալ-իրավական երաշխիքների ապահովումը առաջնային է այս օղակում:

Հաջորդը զինծառայության անվտանգության սոցիալական ապահովման ուղղությունն է:

Հրատապ է զինվորական ծառայության անվտանգության կազմակերպատեխնիկական ուղղությունը, որի խնդիրը ռազմական տեխնիկայի անվտանգ շահագործման ապահովումն է:

Զինվորական ծառայության անվտանգության բարոյահոգեբանական ապահովումը դաստիարակչական աշխատանքի, զինվորական կոլեկտիվներում միջանձնային հարաբերությունների կատարելագործման, արատավոր երեւույթները կանխարգելելու եւ զինծառայողներին մատուցվող հոգեբանական օգնության ամբողջական փաթեթ է:

Առողջապահական եւ բնապահպանական ապահովումը նույնպես ընդգրկված է անվտանգության ապահովման ուղղությունների ցանկում:

-Պարոն Կարապետյան, զինծառայության անվտանգության ապահովման ոլորտում թերացումները ենթադրո՞ւմ են իրավական հետեւանքներ, եթե անգամ դրանք չեն ունեցել ծանր ելք:

-Անշուշտ: Սկսած քրեական պատասխանատվությունից մինչեւ տույժեր: Այդուամենայնիվ, պիտի նշեմ, որ յուրաքանչյուր արատավոր երեւույթի դեմ պայքարում պատիժը պիտի զուգակցվի այդ արատը ծնող պատճառների վերացման հույժ կարեւոր գործին: Այլապես, բոլոր ձեռքբերումները կլինեն ժամանակավոր ու անհաստատ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


17/01/2019