Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆ ԻՐ ԽՆԴԻՐԸ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԻՏԻ ԿԱՏԱՐԻ»



«ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆ ԻՐ ԽՆԴԻՐԸ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԻՏԻ ԿԱՏԱՐԻ»«Մայոր Վազգեն Ամիրյանի մասին գրեք. մեր լավագույն սպաներից  է:  Ե՛վ հրաշալի հրետանավոր է, և՛ լավ հրամանատար, և՛ լավ մարդ»,- Վազգենին ներկայացնելով՝ ասաց հրետանային զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:

 

Մայոր Վազգեն Ամիրյանը հրետանային զորամասի դիվիզիոններից մեկի շտաբի պետն է: Ծնունդով Կարբի գյուղից է, ուսուցչի ընտանիքից: «Սկզբում չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ կարևոր դեր կունենա ծառայությունն իմ կյանքում,- ասում է Վազգենը:- Հիշում եմ, երբ Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարան ընդունվելու որոշումս հայտնեցի հորս, նա հպարտությամբ ընդունեց. «Բայց,- ասաց,- ենթականերիդ հետ պետք է մեծ եղբոր պես լինես, տղա՛ս»:

2008թ. ավարտելով Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը՝ Վազգենը մեկնեց Արցախ, շուրջ 6 տարի ծառայեց Արցախի զինված ուժերում: Այնուհետև ծառայությունը շարունակեց հրետանային զորամասերից մեկում:  2017թ. բարձր գնահատականներով ավարտելով Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի մայոր-փոխգնդապետ որակավորման դասընթացները`  նշանակվեց  զորամասի դիվիզիոնի շտաբի պետ:

«Մեր դիվիզիոնի կարևորագույն ձեռքբերումը, իմ կարծիքով, բարձր մարտական պատրաստականությունն է,- ասում է Վազգենը:- Տեխնիկան միշտ մարտունակ վիճակում է, պատրաստ ենք ցանկացած պահի ստանալ ու կատարել մեզ առաջադրվող բոլոր խնդիրները: Այս առումով, որպես հրետանային միջոց, «Գրադը» կամ «BM-21» ռեակտիվ համալիրը առանձնահատուկ դեր ունի:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում ռեակտիվ համակարգերի անձնակազմերի արագ ու արդյունավետ գործողությունների մշակմանն ու կազմակերպմանը,- շարունակում է Վազգենը:- Դիվիզիոնի մարտունակությունն ապահովող կարևոր սկզբունքներից է փոխլրացումը. յուրաքանչյուր մասնագետ պետք է կարողանա անհրաժեշտության դեպքում անհապաղ փոխարինել մյուսին: Հենց այս պահին մեր դիվիզիոնը կարող է նույնիսկ առանց սպայի զբաղեցնել մարտակարգ և կատարել մարտական խնդիրը: Վարորդն անգամ հարկ եղած դեպքում պետք է կարողանա կատարել հրամանատարի գործառույթները, կամ էլ հակառակը` հրամանատարը նստի ղեկի մոտ: Մարտի դաշտում ընկերներ չենք թողնում: «Վիրավորված» զինտեխնիկան նույնպես մեր մարտական ընկերն է. ամեն գնով պետք է դուրս բերենք մարտի դաշտից: Այս պահին մեր այս զորամասում Արցախյան պատերազմի մասնակից զինտեխնիկա ունենք. աչքի լույսի պես ենք պահում»:

Դիվիզիոնում մշակել և առաջարկել են ռեակտիվ հրետանային մարտկոցի «1 րոպեի պատրաստականություն» ցուցանիշով կրակի վարման պլան, որը վարչության հավանությանն է արժանացել: Այս նորամուծություններն արդեն ներդրվում են նաև  մյուս հրետանային զորամասերում:

«Չեմ ընդունում «լավ», «բավարար» գնահատականները,-շեշտում  է Վազգենը:- Հրետանավորն իր խնդիրը միայն գերազա՛նց պետք է կատարի: Մեր դիվիզիոնն այս պահին զբաղված է մարտական պատրաստությամբ. տարեվերջյան ստուգողական քննություններն են հանձնում,  իհարկե,  ինչպես միշտ՝ բարձր ցուցանիշներով»:

Իմ աչքից չի վրիպում՝ տղաներից էլ երևում է. զգում ու գնահատում են դիվիզիոնի շտաբի պետի պահվածքը. իրենց հերթին, կատարողական են, ձիգ  ու հարգալից: Հետաքրքրվում եմ երիտասարդ մայորի ենթակա անձնակազմի մարտական ոգու, ստորաբաժանումում տիրող մթնոլորտի մասին:

«Հրամանատարական կազմից բացի, մեր դիվիզիոնի անձնակազմն ամբողջովին  համալրված է ժամկետային զինծառայողներով: Միշտ մեր շարքային անձնակազմի հետ ենք, փորձում ենք միայն պետ-ենթակա հարաբերություններով չառաջնորդվել: Ինձ համար ամեն ինչից բարձր է մարդու արժանապատվությունը: Սպան պետք է ենթակային հավատ ներշնչի սեփական ուժերի նկատմամբ, նրան ինքնադրսևորվելու հնարավորություն տա»:

Վազգենը հպարտությամբ է նշում. բանակային մրցույթներում դիվիզիոնի անձնակազմը միշտ աչքի է ընկնում բարձր պատրաստվածությամբ: Բոլորովին վերջերս ժամկետային զինծառայողներից կազմված խումբը 1-ին պատվավոր տեղն է գրավել «Հայ ասպետ» ինտելեկտուալ հեռուստախաղում: Հրետանու հետախուզական ջոկերի համաբանակային մրցումներում էլ լավագույնն է ճանաչվել դիվիզիոնի հետախուզական  ստորաբաժանումը:

Հովանոցի տակ կանգնած՝ դիտում էի, թե ինչպես են ժամկետային զինծառայողները զինավանում «Գրադ» ռեակտիվ համալիրը վարժ ու հստակ գործողություններով «մարտական կրակի» նախապատրաստում: Տեղատարափ անձրևն ասես իրենց ամենևին չէր վերաբերում:

Մայորի մասին դրվատանքով խոսեց նաեւ զորամասի հրամանատար, գնդապետ  Ռաֆիկ Շահգելդյանը. «Նրան դիվիզիոնի շտաբի պետ նշանակելով` ուզում էինք, որ անմիջականորեն կրակային ստորաբաժանումների նախապատրաստությամբ զբաղվի: Եվ նրա ղեկավարությամբ գործող մարտկոցներից մեկը շուտով համաբանակային մրցումներում լավագույնը ճանաչվեց: Նույն այդ մարտկոցը, մայոր Ամիրյանի ղեկավարությամբ,  երկու ամիս առաջ մասնակցեց հայ-ռուսական միացյալ զորախմբավորման զորավարժությանը և զորավարժության ղեկավարի` ՀՀ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գովեստին արժանացավ: Ստորաբաժանման կազմակերպված աշխատանքն ու մարտական հրաձգությունը «գերազանց»  գնահատվեց:

Մայոր Ամիրյանի միակ «թերությունը» թերևս այն է, որ չենք կարողանում ամուսնացնել: Շատ մեծ նվիրվածությունը ծառայությանը կարծես «խանգարում է» նրան: Թեև վստահ եմ՝ ամուսնությունը կնպաստի նրա ավելի լավ ծառայելուն: Սրա մասին էլ անպայման կգրեք նյութում,- ասում է հրամանատարը:

-Հրամանատարությունը մտահոգ է Ձեր ամուսնության հարցով, պարո՛ն մայոր,- այս անգամ կատակով մոտենում եմ Վազգենին:

Իսկ նա անշփոթ պատասխանում է. «Արդեն հաստատ որոշել եմ` շուտով ես էլ իմ «փոքր ընտանիք-հայրենիքն» եմ կազմելու:

-Իսկ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արդեն արե՞լ եք:

-…Մի գաղտնիք բացեմ…,-այստեղ Վազգենի` զուտ սպայի հատու շեշտադրումներին հազիվ նշմարելի քնքշանք է խառնվում, մեղմանում են առնական դիմագծերը,- կա մի աղջիկ, որին համակրում եմ:

-Ինչպե՞ս եք նրան «նշանառության տակ առել»,-ծիծաղում եմ ես:

-Մեր գյուղից է` Կարբիից: Պատահաբար երթուղայինի կանգառում հանդիպեցի: Միանգամից գրավեց ուշադրությունս ու միտքս: Մի օր էլ նրան իմ մանկության ընկերոջ տանը հանդիպեցի. շփոթմունքից թողեցի, դուրս եկա… Այնպես որ, տեսնենք: Հուսամ՝ այս տարի երջանկությունս կատարյալ կլինի:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Ազգային բանակ


17/01/2019