ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԵՆՆ ՈՒ ՀԱԳՈՒՍՏԸ՝ ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության կարևորագույն խնդիրներից է զինծառայողներին որակյալ սննդով և համազգեստով ապահովելը: Այս ոլորտում առկա դրական փոփոխությունների մասին իրազեկելու նպատակով ԶՈՒ թիկունքային ապահովման պատասխանատուները օրերս լրատվամիջոցներին հրավիրեցին ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ:
Առաջին հերթին, անշուշտ, ուշադրության կենտրոնում են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սննդի բազմազանության և որակի ապահովման խնդիրները:
Այսուհետև ձմռան ամիսներին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ճաշացանկում լինելու է բնական մեղր, ճարպ ու սխտոր, որոնք հատկապես կարևոր են սեզոնային հիվանդությունների դեմ պայքարի, զինծառայողների օրգանիզմի դիմադրողականությունն ամրապնդելու համար: Մինչև այժմ ճարպը, օրինակ, նախատեսված էր միայն բարձրադիր շրջաններում ծառայողների համար, իսկ այսուհետև այն կմատակարարվի բոլոր մարտական հենակետերի անձնակազմներին: Մորու, հոնի և բալի մուրաբաների մատակարարումը, որ սկսվել էր դեռևս 2018 թվականից, կշարունակվի և կծառայի նույն նպատակին:
Մարտական ծառայության մեջ ներգրավված զինծառայողների ճաշացանկն ընդլայնելու և ճաշապատրաստման գործընթացը հեշտացնելու նպատակով նրանց տրամադրվող նոր ուտեստների շարքում ընդգրկված է յոթ տեսակի արագ պատրաստվող ապուր՝ «շաբաթվա յուրաքանչյուր օր՝ նոր ճաշատեսակ» սկզբունքով. «Այսպես հնարավոր կդառնա այս կերակուրը հենց մարտական հենակետերում տաքացնել և օգտագործել,- ասում է ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը:-Ճաշացանկը բաղկացած է վեց տեսակի ձավարեղենի ապուրներից, իսկ յոթերորդը ինֆրակարմիր եղանակով մշակված պատրաստի բորշչն է»: Շաբաթը մեկ հենակետեր կմատակարարվի նաև պատրաստի թանապուր և մածուն: Նախատեսվում է նաև պահածոյացված կարտոֆիլի մատակարարումը: Մայիս ամսից բոլոր զորամասերում հացի քառասուն տոկոսը կլրացվի հայկական ավանդական լավաշով:
Ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են՝ խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի վրա, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակով և բացառապես բարձրորակ մթերքից:
Որոշակի դրական փոփոխություններ կան նաև կենտրոնական պարենային բազայում, որտեղ շահագործման է հանձնվել նոր սառնարանային տնտեսությունը: Վերջինիս շնորհիվ տնտեսության ծավալներն էականորեն մեծացել են. արագ փչացող սննդամթերքը համապատասխան ջերմախոնավային պայմաններում պահպանելու հնարավորություն է ստեղծվել: Պահածոյացված սննդամթերքի համար էլ նախատեսված են տարբեր պահեստներ, որտեղ, ըստ անվանումների և արտադրման տարեթվերի, իրականացվում է դրանց պահպանությունը:
Կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանն իր հերթին ներկայացրեց զինծառայողների հանդերձանքին առնչվող նորամուծությունները: Ինչ վերաբերում է արտահագուստին, ապա դրա տեսքը դեռևս չի փոփոխվի, սակայն կտորի որակն անհամեմատ բարձրացել է. այն ավելի դիմացկուն է, ուշ մաշվող, չգունաթափվող: Արտահագուստից զատ, նախորդ տարվա վերջին եռամսյակից սկսած, զինվորականներն ապահովվում են նաև բարձրորակ բամբակե կիսավարտիքով և շապիկով: Ի դեպ, զինհանդերձանքի ամբողջ տեսականին կարվում է տեղական արտադրողի կողմից և անցնում է մանրազնին լաբորատոր քննություն: Ինչ վերաբերում է նոր ճտքավոր կոշիկներին, ապա մի քանի ամիս անց, առաջին խմբաքանակն ստանալուն պես, դրանք ևս կտրամադրվեն զինծառայողներին:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #2 (1273) 23.01.2019 - 29.01.2019, Ազգային բանակ