Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ



Սյունիքի մարզի «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում նախաձեռնել էր միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ եւ բանակի 19-րդ տարեդարձներին: Միջոցառման ընթացքում տեսաֆիլմի միջոցով ներկայացվեցին Սյունյաց աշխարհի հերոսական անցյալն ու մերօրյա երիտասարդության անելիքներն ու ձգտումները: Երիտասարդներին ողջունելու եւ իրենց շնորհավորական խոսքն ուղղելու էին եկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
«Մեզանում միշտ կենսունակ էր անկախ մնալու ոգին, հայը իր սրտում անթեղած պահում էր անկախ ապրելու գաղափարը: Այսօր մենք անկախ հանրապետություն ենք, ինչը ունենալու հույսն ու երազանքը ավելի քան տասը դարի պատմություն ունի: Այն առարկայացավ մեր ժամանակներում, որովհետեւ մեր սեփական պատմությունից դասեր քաղեցինք, թոթափեցինք շատ բարդույթներ»,-իր խոսքում նշեց մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Նա առանձնացրեց երկու հիմնական մարտահրավեր, որոնց առաջ այսօր կանգնած ենք` Ղարաբաղի հարցը եւ ժամանակակից աշխարհի ինտեգրացման միտումները: «Այդ մարտահրավերներին դիմակայելուն զուգահեռ, այսօրվա երիտասարդությունը հաջողությամբ պետք է շարունակի մեր նոր պետության, հայոց ազգային բանակի կառուցումն ու հզորացումը»:
Երիտասարդներին ողջունեց նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Անկախությունը ձեռք բերվեց դժվարությունների եւ ազգային-ազատագրական շարժման, մեր ամբողջ ժողովրդի անձնվեր պայքարի շնորհիվ: Մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել, մեր հաղթանակի գրավականը միասնականությունն էր, որը դրսեւորվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով»,– նշեց նա:
Ըստ նախարարի` հայ ժողովրդի ձեռք բերած պետականությունը հնարավորություն է տալիս, լիարժեք օգտագործելով մեր հնարավորությունները, ստեղծել կայուն պետություն, որը կարող է դիմագրավել ցանկացած ագրեսիայի. «Հայոց բանակը իր կարեւոր դերն ու նշանակությունն ունի այս գործում: Մենք կարողացանք պատերազմական գործողություններին զուգահեռ ստեղծել կանոնավոր բանակ եւ գործում ենք ռազմական գիտության պահանջներին համապատասխան, ինչը ժողովրդի անվտանգության երաշխիքն է: Թերություններ էլ ունենք, բայց փորձում ենք արմատախիլ անել»:
Արդյոք մեր երիտասարդները կարողանալո՞ւ են անհրաժեշտության դեպքում պահպանել ժողովրդի անվտանգությունը: Նախարարը վստահ է` այո. «Երիտասարդները թե գրագիտությամբ, թե իրենց նվիրվածությամբ, թե պատրաստակամությամբ չեն զիջում իմ սերնդակիցներին»:
«Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը վստահեցրեց, որ երիտասարդությունն այսօր ակտիվ կենսադիրքում է, ռազմահայրենասիրական պատշաճ կոփվածք, ազգային արժեքների համակողմանի եւ խորը իմացություն ունի: Իսկ որպես անփոխարինելի ուղեցույց` երիտասարդների համար եղել են ու այսուհետ էլ կլինեն մեր մեծերի կյանքն ու գործը, նրանց ժառանգությունը գիտության, գաղափարախոսության եւ ռազմական արվեստի բնագավառներում:
«Մեզանից շատերը մեր անկախ պետության սերնդակիցներն են: Դժվարին փորձությունների միջով ենք անցել` պատերազմ ենք տեսել, թշնամու գնդակոծություններից ու ռմբահարումներից պատսպարվելու համար օր ու գիշերներ ենք ապաստարաններում եւ նկուղներում անցկացրել, կիսաքաղց ենք օր մթնեցրել, վախի զգացում, իհարկե, ապրել ենք, բայց չենք հուսահատվել, մի պահ իսկ չենք մտածել, որ լեռնեցու մեր ոգին կընկճվի»,- ասաց Ռ.Սարգսյանը:
Երիտասարդական-հայրենասիրական կազմակերպության անդամները ուխտել են համատեղ ուժերով գործել հանուն Հայաստանի Հանրապետության:
Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով եւ բարձր տրամադրության մթնոլորտում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


19/09/2011