Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NEWS.AM ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՐՑԵՐԻՆ



-Սեպտեմբերի 21-ի զորահանդեսին մասնակցելու են նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները: Ո՞րն է դրա խորհուրդը:

-Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` մեր հասարակության համար գաղտնիք չեն պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել:

–Արդյոք նպատակահարմա՞ր էր մեծ գումարներ ծախսել զորահանդեսի համար: Արդյոք դա չի՞ արվում` ի պատասխան հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին:

– Սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսը ի ցույց է դնելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մեծ ծախսեր չեն կատարվել, քանզի ցուցադրվում է այն, ինչ արդեն կա Հայաստանի զինված ուժերում: Կարծում եմ` շահարկումների փոխարեն պետք է ուրախանանք մեր հաղթանակած ու կայացած բանակի հաջողություններով:
Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեսակետներին, թե իբր սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսը պատասխան է Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսին, կարծում եմ, նման մեկնաբանությունները տեղին չեն թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական բանակն իր ուժը և մարտունակությունը ցույց է տալիս ոչ միայն զորահանդեսներում, այլև ապացուցել և ապացուցում է գործնականում:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/09/2011