Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ



ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, չի ճամարտակել հայրենասիրության մասին, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին։ Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ  մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, ժլատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։ Մեր հայրենիքը։

Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք  սերնդեսերունդ։ Փնտրել-գտնել-կորցնելով մեր գոյության խորհուրդը, մեր կյանքի բովանդակ էությունը՝ հայրենիքի մեջ ու հայրենիքից դուրս։ Հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալի բեռից… ու չի կարողացել։ Երանելի ցավով, շոշափելի ու հստակ, բոլոր զգայարաններով, արյան բոլոր բջիջներով զգացել է հեռու հեռավոր հայրենիքում, չտեսած-չիմացած մայր հողի  ընդերքում ապրող-շնչող իր արմատը՝ հատված, մաս-մաս, վիրավոր, բայց անհաղթ ու անվախճան։ Մենք հայ ենք, ու մեզ ոչ մի ազգի վրա չես պատվաստի։ Մենք կապրենք ռուսի, վրացու, հնդիկի երկրում, բայց ռուս, վրացի ու հնդիկ չենք դառնա, քանի որ մեր արմատը հայրենի հողում չի մեռնում, շարունակում է իր տրոփը մեր արյան, մեր գենի հիշողության մեջ։ Ու կանչում է։ Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք դարեր շարունակ: «Օ՜, հայրենիք՝ դառն ու անուշ»,- ասել է հայոց մեծերից մեկը, իսկ անանուն, սովորական մի հայ ձեռքը հպել է հողին, շոյել է կոպիտ-կոշտացած մատներով, ու մատները ճանաչել են հողը։ Մատներն ու հողը տրոփել են նույն ռիթմով, խոսել են նույն բարբառով։ Մենք այդ հողը կորցնել չէինք կարող։ Հայը պիտի հայրենիք ունենար, ոչ թե որպես պարգեւ, որպես վերերկրային շնորհ, այլ դժվարին, բայց անպայման վաստակ… Ու կշեռքի նժարին մենք դրել ենք ամեն ինչ։ Ու մեր նորօրյա պատմությունը մաքառումների, տքնանքի, հերոսության ու հաղթանակի վիպերգ է եղել։

Փորձությունն ի սկզբանե էր։ Քոչվորի քթի տակ, բարբարոսի կողքին՝ քարաստան հայրենիքդ, որ հոգուդ ու բազուկներիդ ջերմությամբ դրախտ ես դարձրել։ Եվ արարիչ ես, ոչ թե սպանող, եւ խաղաղարար ես, ոչ թե կռվազան։ Բայց պիտի դիմանաս փորձությանը, որ ձգվում է դարեր ու չի ավարտվում։

…Մենք կորցրինք մեր պատմական հողերը, բայց բարոյական հաղթանակ տարանք` սովորեցնում էր պատմության դասագիրքը ու չէր բացատրում, թե ինչպես կարող է պարտությունը բարոյական լինել։ Բարոյական հաղթանակ` կորցրած հողերի, հազարավոր մարդկային կորուստների դիմաց։ Ու մինչ մենք` սգավոր ու գթահայց, փորձում էինք համոզել բոլորին, որ մեզ կոտորել են, մորթել են, խլել են մեր պատմական հայրենիքը, աշխարհը զուսպ ու քաղաքակիրթ ցավակցում էր մեզ` հոգնելով գութ ու կարեկցանք շռայլելու, մեր ողբը լսելու պարտադրանքից։ Ու չէր հասկանում, թե մեր ուզածն ինչ է, թե ինչ է տալու մեզ այս արեւի տակ իրենց տեղը նվաճած, իրենց բարոյական պատերազմը վաղուց իրական հաղթանակով ավարտած ժողովուրդների ցավակցությունը, երբ մեր խաչքարերը պղծվում են, մեր սրբություններն անարգվում, մեր հողերը բաժին են հասնում օտարին։ Չէին հասկանում, քանի որ մեր լեզուն` արդարություն աղերսողի, գութ հայցողի լեզուն, խորթ ու անհասկանալի էր նրանց համար, որոնց ունկերը վաղուց արդեն վարժվել էին ուժի ու ըմբոստության բարբառին։ Մենք պիտի սովորեինք այդ լեզուն, որքան էլ մեր սիրտը խորթացած լիներ նրա հրացայտ ոգուց։ Մենք պիտի պեղեինք մեր արյունն ու Տիգրան Մեծի տրոփը զգայինք մեր մակարդուն զարկերակներում։ Մեր հավաքական հիշողության խորխորատներում կար-ապրում էր Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի հպարտությունը, որ հաղթանակ բառին նոր իմաստ ու խորհուրդ էր հուշում։ Ու հիշեցնում, որ մեր նախնիները փառահեղ հաղթանակներ էլ են տոնել։ Մեր բազկի ուժը թշնամին զգացել է իր քառատվող ողնաշարին ու ծնկել է մեր առաջ։ Մենք հաղթել ենք, երբ հավատացել ենք ինքներս մեզ ու իրար։ Երբ եղել ենք հավաք, միասնական ու հուսավառ։ Մենք Տիգրան Մեծի, Վարդանի, Նժդեհի ու Անդրանիկի զարմից ենք ու չէինք կարող բարոյական հաղթանակների` մեզ գետնաքարշ անող բեռը 21-րդ դար տանել։ Որովհետև  նույնիսկ երբ կորցրել ենք ամեն ինչ՝ հող, տուն, ինչք, կյանք ու…Հայրենիք,  ինչ-որ տեղ՝ արյան միլիարդավոր բջիջներից մեկում, գենի անսահման հիշողության խորքերում պահել-պահպանել ենք հաղթելու հավատը։  Ու ամենաօրհասական պահին խոսել է արյունը։ Ու նրա  միլիարդավոր բջիջներից մեկը՝ ամենազորեղն ու ոգեղենը, վարակել է մեր ամբողջ արյունը արիության «բացիլով»՝ ֆրանսահայինը, պարսկահայինը, ռուսահայինը, թուրքի, քրդի անունով ծպտված հայինը… Ու հենց այդ արյամբ էր սնվելու Անկախության սրբազան խարույկը՝ 600 տարի։ Ու այդ խարույկը չէր մարելու, քանի դեռ Հայոց եռագույնի ծփանքը չէր հասել մեր պատմական հայրենիքի բոլոր ծագերը։ Քանի դեռ հայոց բոլոր վանքերում չէր ծաղկել մեր խնկահոտ-սրբալույս աղոթքը, քանի դեռ հայոց օրհներգը չէր հնչել յուրաքանչյուր հայի շուրթին, քանի դեռ հայոց բանակը չէր կապել Թուր Կեծակին, չէր հեծնել Քուռկիկ Ջալալուն ու չէր ելել քարայրից:

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ… «Երբ որ ցորեն ելավ քանց մասուր մի»։ Մենք այդքան սպասել չէինք կարող։ Օտար շնչի տակ մեր ցորենը մասուր չէր դառնում 600 տարի։ Ու չէր դառնալու։ «Մի տանիր զմեզ ի փորձութիւն»՝ դարեդար, անդադար, անձանձիր խնդրել էինք Բարձրյալից։ Բայց արդեն Տիրոջ համբերությունն էլ էր սպառվել։ Ու Տերը մե՛զ՝ մեր սերնդին ընտրեց։ «Մի անագորույն ահեղ ընտրությամբ՝ Աստված ինձ վրա դրեց իր մատը»՝ տարիներ հետո կգրի հայոց բանաստեղծուհին։ Ազատության հրապարակում երկինքն ակոսող խորհրդային ռազմական ուղղաթիռների հռնդյունն ու մեր քաջությանը, մեր հպարտությանը, մեր ըմբոստությանն ուղղված տանկերի մահաբեր փողերը այլեւ անկարող էին փակելու այն ճանապարհը, որ մեզ ռազմադաշտ էր տանելու։ Երեւի մե՛նք, միայն մե՛նք կարող էինք դիմանալ այդ փորձությանը։ Ցորենը մասուր չէր դարձել, հակառակը, երկրաշարժը ավերել էր մեր տունը, սովը, ցուրտը, կարիքը, խավարը, թշվառությունը դաշն կնքած մտել էին մեր օջախները։ Ու թշնամին պահը չէր կորցրել. մեզ վերջնականապես ծնկի բերելու երազանք էր որոճացել՝ աչքը «տորթի լավագույն պատառին»։ Բայց Արցախը մեզ համար տորթի լավագույն պատառ չէր, հայրենիք էր։ Ու մեր բաժին Անկախությունը կենդանի, մեր կյանքից, մեր սրտից սարքած զենք ու վահան էր մեր որդու ձեռքին, մեր հողը մտած թշնամու առաջ։ Մեր Բանակը  կռիվ էր մեր հավաքական պատվի, ազգային արժանապատվության, լինելիության իրավունքի ու ազատության համար։

Մեր Բանակը  գոյությա՛ն կռիվ էր։ Բայց գոյություն ասվածը ուրիշ խորհուրդ, ուրիշ բովանդակություն ուներ մեզ համար։ Մեր Բանակը  զոհաբերում էր՝ բարեկեցության, ավուր հացի, լույսի ջերմության… առողջության, կյանքի։ Մենք Բանակին  տվեցինք՝ ինչ կարող էինք։ Մեր զրկանքները դարձան փամփուշտ, դարձան զենք ռազմաճակատի համար, հաց ու ջուր դարձան հայրենիքը պաշտպանող զինվորի սեղանին։

Ու հայրենիքը տարավ իր բաժինը՝ արիացող տղեկներ, օջախի սյուն, մոր աչքի լույս, հոր թիկունք, տան ճրագ։ Ու հայրենիքին այնքան հպարտորեն նվիրաբերված։ Հայրենիքը տարավ իր բաժինը՝ ամենաթանկը, լավագույնը, պաշտելին։ Ու հայրենիքը փառավորեց իրեն իր զինվորացած զավակներով։ Սիրած-խնայած, շահած-փայփայած պատանուց հայրենիքի պաշտպան ձուլեց՝ հայրենասիրության, վեհության, քաջության շաղախ հավելելով նրա ազնվական կերտվածքին։

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՄենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը: Մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Երկիրը տնտեսական ճգնաժամի ճիրանների մեջ էր, խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։ Թուրքը՝ մեր ոխակալ պապենական թշնամին, ինչո՞ւ պիտի չփորձեր (Արեւմտյան Հայաստանի համը բերանում) տորթի մի նոր պատառ պոկել դրկից հայերից, ինչո՞ւ պիտի բաց թողներ այդքան պատեհ պահը։ Ձեռագիրը նույնն էր։ Հենց սկզբից՝ ուժեղ հարված, հոգեբանական շեշտակի գրոհ՝ մեր աչքը վախեցնելու, 20-րդ դարասկզբի գիշատիչ, ահարկու թուրքի կերպարը հիշեցնելու, մեր արյան մեջ ննջող սարսափը արթնացնելու համար։  Այդպես էլ եղավ։ Ամեն ինչ հաշվարկված էր մանրակրկիտ։ Հայաստանը լցվեց Ադրբեջանից բռնագաղթածներով, որոնք սարսափահար պատմում էին ադրբեջանցիների անօրինակ վայրագությունների մասին։

Բայց այս անգամ ցավը վախ չդարձավ, վիշտը սարսափ չծնեց, կորուստը չընկճեց մեզ, ծնկի չբերեց, այլ կոչեց արդար վրեժի, դարձավ քաջություն, ուժ ու հերոսացում։ Դարձավ Բանակ:

«Ես համոզված էի, որ հաղթելու ենք»՝ այսպես են ասում բոլոր նրանք, ովքեր կամավոր մեկնել են ռազմաճակատ՝ պաշտպանելու Արցախի հողերը։ «Ինչո՞ւ,- հարցնում եմ,- ինչո՞ւ էիք համոզված, ի՞նչ երաշխիքներ կային հաղթելու համար»։ Պատասխան չկա։ Որովհետեւ ոչ մի երաշխիք էլ չկար՝ թերեւս հողը պահելու մեծ ցանկությունից, Արցախի ազատագրության համար կյանքը զոհաբերելու պատրաստակամությունից եւ վրեժի, ցավի, սիրո ու տղամարդկային խոցված արժանապատվության միահյուսումից ծնված անկասելի ուժից բացի։

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՄենք պահեցինք երկիրը, որովհետեւ ազգովի բանակ  դարձանք։ Երկրապահ-բանակ:  Արցախի համար միայն արցախցին չկռվեց։ Արցախը դարձավ արտաշատցու, լոռեցու, երեւանցու, վանաձորցու, սեւանցու, սփյուռքահայի երկիրը։

Մոնթեն ասում էր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Ոչ առաջին ազգն ենք, ոչ էլ վերջինը կլինենք։ Պատմության թատերաբեմից կուլիսներ նետված կամ ընդհանրապես պատմություն ու հիշողություն դարձած քանի ազգեր են իրենց դառը ճակատագրի դասերը թողել նրանց, ովքեր դեռ չեն կորցրել ապրելու, գոյատեւելու ու հզորանալու վերջին հնարավորությունները։ Մենք դասեր քաղեցինք սեփական պատմությունից։ Մենք դասեր քաղեցինք մեր անհատնում կորուստներից։ Մեր խորհրդատուն մեր ցավն էր,  մեր չհատուցած պարտքերը։ Մենք պահեցինք երկիրը։ Արցախը չդարձավ մի նոր «էրգիր» մեր պարտությունների տխուր, անբովանդակ սրբարանում, որովհետև Բանակը  հաղթանակի խորհրդանիշ դարձավ։ Ուսյալ ռազմագետները կփորձեն հասկանալ։ Ու չեն հասկանա։ Դրվագ առ դրվագ կվերծանեն մեր հերոսական ճակատամարտերի ամեն մի վայրկյանը ու չեն հասկանա, թե ինչպես կարելի է ապրել, երբ ապրելու հավանականությունը չկա, ինչպես կարելի է հաղթել, երբ հաղթելու ոչ մի երաշխիք չունես։ Ու արդարացում կփնտրեն։ Այս անգամ թշնամին։ Քավության նոխազներ կգտնեն իրենց մեջ ու իրենցից դուրս։ Ու կհասկանան, որ Արցախյան պարտությունը իրենց համար սոսկ կորցրած տարածք չէր։ Շատ ավելին էր, քան «օկուպացված 20 տոկոսը», որովհետեւ, ըստ էության, մեր բանակն «օկուպացրեց» ահարկու ու մշտահաղթ թշնամու սին ու փուչ առասպելը։ Ոսոխը հասկացավ իր հաղթանակի ֆենոմենը՝ անզեն, անպաշտպան մարդկանց դեմ, ոհմակով ու վայրագաբար։ Նա հասկացավ, որ ինքը ավարառու է, ոչ թե ռազմիկ, թալանչի է, ոչ թե պատերազմող, հոշոտող է, ոչ թե կռվող։ Ո՞վ հակառակը կհամոզի նրան, ինչպե՞ս։ Ո՞վ կբացատրի թուրք նոր սերնդին, թե ինչո՞ւ պարտվեցին իրենց հայրերը, երբ թվաքանակով, զինտեխնիկայով, տնտեսական վիճակով եւ մեկնարկային բոլոր հնարավորություններով բազմապատիկ առավելություն ունեին հայերից։ Որտեղի՞ց կգտնեն սեփական բանակի ոգին զինելու ակունք, ի՞նչ գումարով կգնեն փառքի ու հերոսության առասպելներ։

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՄենք չէինք կարող 20-րդ դարը փակել պարտության ամոթալի խարանով, ու թշնամին 20-րդ դարավերջին հատուցեցին իրենց պարտքի մի մասը։ Ոչ սեփական կամքով, այլ՝ պարտադրաբար։ Եկել է հատուցման ժամանակը, ու որքան երկար կտեւի այն, դժվար է ասել։ Թուրքերի դեռ քանի սերունդ կհատուցի իր պատմության սեւ էջերի համար։ Դարձյալ դժվար է կանխատեսել։ Բայց պատմության անիվը շրջվել է անդառնալիորեն։ Մենք գիտենք, թե որտեղից է սկիզբ առնում մեր երկրի սահմանը եւ որտեղ է ավարտվում։ Որովհետև սահմանին մեր սիրտն է մշտարթուն՝ մեր բանակը: Տարիներ առաջ Արցախի սահմանին հայ զինվորը չէր կանգնած, տարիներ առաջ արցախցի փոքրիկը ադրբեջաներեն էր սերտում մայրենիի փոխարեն՝ իր տանը, իր հողի վրա, իր դպրոցում։ Այսօր օտարի հետքերը հալածվել են Արցախից։ Արցախը բուժել է պատերազմի վերքերը, ապրում է խաղաղ օրերի ռիթմով, ու նրա սահմանները պաշտպանված են: Ու իրական հաղթանակների երանելի հպարտությունը այլեւս անդարձ հիշողություն է դարձրել բարոյական հաղթանակների տխուր ինքնախաբկանքը։ Մեր բանակը  հաղթեց, որովհետև մեր զինվորն ու սպան  կռվեցին հերոսաբար ու մաքրեցին մեր հողը թշնամուց` սովորեցնում է պատմության դասագիրքը 21-րդ դարի հայորդուն, ու այդ հաղթանակը արյան գույն է դառնում նրա համար, լցնում ազգային հպարտությամբ, վեհությամբ, ըմբոստությամբ ու հայրենիքի հանդեպ գիտակցված սիրով։ Մենք ազատագրեցինք Արցախը, վերականգնեցինք ավերված եկեղեցիները, փրկեցինք խաչքարերը մոռացության փոշուց` արձանագրում են նորօրյա պատմագիրները, հայրենիքի համար ամենաթանկը չխնայելու պատգամ ավանդելով բարձրացող սերնդին։ Հիմա մեր ողբը ցասում ունի, ցավը` հպարտություն, տառապանքը` վրեժ։ Որովհետև մենք կարողացանք իրականություն դարձնել ազգային բանակ ունենալու դարավոր երազանքը: Բանակ….որ պատմության թատերաբեմում ճակատագիրը չգուժեր հայոց կենսագրության վերջին արարն ու չփակեր վարագույրը մեր մաքառումի կեսճանապարհին։

Մենք վերջին զարկը չենք զիջել։ Մենք սուր ենք բարձրացրել, երբ դանակը հասել է ոսկորին։ Բայց մեր վերջին զարկն անվրեպ է եղել։ Ու թշնամին ծնկել է մեր վերջին զարկից։ Այդ վերջին զարկը երբեմն ուշացել է դարերով, երբեմն թվացել է` այլեւս ուժ չի մնացել զարկելու, բայց երբ պահը եկել է, մենք մեր կամքը պողպատ ենք դարձրել, մենք պրկել ենք մեր բազուկն ու… զարկել ենք։ Ուրեմն` Բանակը մեր վերջին զարկի խորհրդանիշն է։ Մենք պարտվել ենք, երբ կարելի էր հաղթել։ Մենք հաղթել ենք, երբ հաղթելը թվացել է անհնար։ Մենք մեկը տասի դեմ կռվելով ենք հաղթել։ Ուրեմն` Բանակը մեր ոգու խորհրդանիշն է։ Ու երբ թշնամին վառել է մեր տները, լլկել է մայր ու մանուկ, խոշտանգել է անզեն ու անօգնական մարդկանց, երբ անարգել, երբ պղծել է մեր սրբությունները, մենք գազանի դեմ գազան չենք դարձել, մենք վայրագությանը չենք պատասխանել վայրագությամբ։ Մենք սուր չենք բարձրացրել ընկածի վրա, չենք գնդակահարել անզեն ոսոխին, թուրքի կնոջը չենք անպատվել։ Թուրքի զավակին չենք գլխատել մոր աչքի առաջ։ Մենք հայ ենք մնացել։ Ուրեմն` Բանակը մեր արժանապատվության խորհրդանիշն է։ Մենք ասել ենք` արու զավակը հայրենիքինն է։ Մեր զավակին սահմանապահ ենք կարգել։ Մենք մեր որդու սիրտն ու կյանքն ենք վահան դարձրել թշնամու առաջ, որպեսզի մեր հողն աննվաճ մնա։ Հայ մնա։ Ուրեմն` Բանակը  մեր հայրենասիրության խորհրդանիշն է։ Մեր Բանակը չէր կարող չծնվել ` նախախնամությամբ կամ օրինաչափորեն, որովհետեւ կան ու լինելու են  մեր անկորնչելի կամքն ու անբավ կենսունակությունը, մեր ոգին ու հերոսականությունը, մեր արժանապատվությունն ու վեհությունը, մեր ինքնանվիրումն ու հայրենասիրությունը, մեր ուժն ու արիությունը։ Մեր վերջին զարկի իրավունքը։ Ուրեմն` Բանակը մեր հավերժության խորհրդանիշն է։ Մենք այսպես ենք ապրել ու այսպես ենք ապրելու։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #2 (1273) 23.01.2019 - 29.01.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից, Ռազմական


24/01/2019